Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-637-24.06.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական, ՀՕ-118) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ մասով.

«29. Սպանդանոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների) մսի իրացումը։»։

Հոդված 2. 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ մասն ուժի մեջ է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հվայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Սպանդանոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների մսի իրացումը ԱԱՀ-ից ազատումը պայմանավորված է հետեւյալ նկատառումներով՝
ա) ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի նիստի N 14 արձանագրության 6-րդ կետի «Միջոցներ ձեռնարկել հանրապետությունում անասունների սպանդանոցների գործունեության հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկման գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ» հանձնարարականի կատարման ապահովմամբ.

բ) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների մորթը եւ մսի իրացումը հիմնականում կատարվում է տնային պայմաններում, առանձին դեպքերում չպահպանելով անասնաբուժական եւ սանիտարահիգիենիկ կանոնները։ Դրա հետեւանքով խախտվում են սննդի անվտանգության պահանջները եւ սպառնալիքներ ստեղծվում սպառողների առողջության ու համաճարակների տարածման համար։ Ուստի կարեւորվում է անասնաբուժական եւ սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխանող սպանդանոցների ստեղծումը.

գ) ներկայումս մսամթերքի 99 %-ը մանրածախ առեւտրի համակարգ մատակարարվում է գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերի կամ հարկային մարմիններում չգրանցված միջնորդ առեւտրականների միջոցով, որոնք ԱԱՀ-ով չեն հարկվում։ Մինչդեռ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների մորթի կազմակերպումը՝ ԱԱՀ-ով հարկվելու դեպքում, մսի շուկայում տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ.

դ) քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ անդամակցության նախապայմաններով «Արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը» ԱԱՀ-ից ազատելու մասին արտոնությունը 2009 թվականից ուժը կորցնում է, ուստի օրենքում կատարվող լրացման գործողության ժամկետը սահմանվում է մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։