Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-868-16.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-ին եւ 22-րդ մասերով.

«21. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են կիրառել նաեւ՝

1) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

2) քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

22. Ծառայողական շների կիրառումն արգելվում է հետեւյալ դեպքերում՝

1) մարդու կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում.

2) ծառայողական շան նպատակային նշանակությանը ոչ համապատասխան գործողության կատարման դեպքում.

3) այն դեպքում, երբ առկա են այնպիսի պայմաններ, որոնք կարող են նպաստել շան աշխատունակության խաթարմանը եւ (կամ) կարող են վտանգել նրա առողջությունը:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության տարբեր ձեւերի անցկացմանը, ինչպես նաեւ երբեմն քննչական գործողությունների իրականացմանը կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցության ընդլայնմամբ, ինչպես նաեւ ՀՀ մաքսային օրենսդրությամբ նշյալ գործողությունները նկարագրող իրավական հիմքերի բացակայությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների, ծառայողական շների կիրառման հնարավորությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4 կետերով սահմանված են այն նպատակները, որոնց դեպքում մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից կարող են կիրառվել այդ հատուկ միջոցները: Ընդ որում, տվյալ կետերով սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակներում: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները եւ ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, ինչպես նաեւ նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ եւ ծառայողական շներ տեղակայել նաեւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են դիմում նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ վերջիններիս կողմից իրականացվող քննչական գործողություններին Շնագիտական կենտրոնի կինոլոգներին եւ ծառայողական շներին մասնակից դարձնելու նպատակով: Հետեւաբար, վերոնշյալ գործընթացներին իրավական կարգավորում տալու նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի իրավական հիմքեր ապահովել մաքսային հսկողության շրջանակներում ծառայողական շների կիրառման համար:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն