Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-635-24.06.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. մայիսի 16-ի ՀՕ-177 օրենքի նախաբանը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, իրավական հիմքերը ու սկզբունքները, պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման եւ գործունեության վերահսկողության սկզբունքները:»

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Ոստիկանության հասկացությունը

Հայասատանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետեւ` ոստիկանություն), որը սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ոստիկանության խնդիրները

Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`

1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում,

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը.

3) հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.

4) հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը.

5) սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը.

6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս:

Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Ոստիկանության գործունեության սկզբունքները

Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:

Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:
Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բավանդակությամբ 2-րդ մասով.

«Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով եւ իրավական ակտերով սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներից դուրս ոստիկանությանը պարտականություններ չեն կարող վերապահվել:»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը եւ մարդու անձեռմխելիության երաշխիքները

Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունը, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում:

Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքերում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի եւ հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ աջակցել իրավունքների իրացմանը:

Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը եւ ծանուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած երեք ժամվա ընթացքում տեղյակ պահել նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական եւ (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին եւ ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ոստիկանությունն իրավասու չէ հավաքել, պահել, օգտագործել եւ տարածել մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: »:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, եռամսյա ուսումնական փորձաշրջան եւ վերապատրաստում անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը

Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաեւ եռամսյա ուսումնական փորձաշրջան եւ վերապատրաստում անցնող անձինք՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»։

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ոստիկանության կառուցվածքը եւ ղեկավարումը

Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչություններից եւ դրանց ենթակա բաժիններից։

Ոստիկանության կազմում են գտնվում ոստիկանության զորքերը, ոստիկանության ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ ոստիկանության առջեւ դրված խնդիրների իրագործմանն օժանդակելու համար ստեղծված պետական ոչ առեւտրային կազմակերպությունները։

Ոստիկանության կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծել ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ։

Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը»։

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում` «հետաքննություն» բառը փոխարինել «նախնական քննություն» բառով։

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում եւ երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթեւեկության անվտագնությունն ապահովելիս

Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`

1) իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմների եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.

2) ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.

3) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով`

1) իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում.

2) կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների տարեկան
պետական տեխնիկական զննում:»:

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածի «կարգով » բառը փոխարինել «դեպքերում» բառով:

Ուժը կորցրած ճանաչել նույն հոդվածի 4-րդ կետը:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության պարտականությունները բնակչության պետական ռեգիստրը վարելիս եւ անձնագրային ռեժիմը պահպանելիս»:

Նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել բնակչության պետական ռեգիստրը»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որոում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:

Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:

Եթե բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործվել դրա սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո է բնակարան, շինություն, տարածք կամ հողամասի մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի այդ դրա հետագա անվտանգությունը»:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի «ունի» բառից հետո «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում» բառերը հանել:

Նույն մասի 1-ին կետից հանել «թափառաշրջիկներին կամ» բառերը: Կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով, 3-րդ մասով եւ 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:»:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «իրավունք ունի» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը:.

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի վերջում լրացնել հետեւյալ նախադասությունը.

«Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն ու հատուկ միջոցներ»։

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի փախուստը խափանելիս:

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով»:

Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը

Ոստիկանության գործունեության նկատմամբ, իրենց լիազորությունների սահմաններում, վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով։

Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտել ոստիկանության օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը»։

Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 421 հոդվածով.

«Հոդված 421 . Ոստիկանության գործունեության հսկողությունը

Ոստիկանության կողմից կատարվող նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության մարմինների կողմից՝ օրենքով սահմանված կարգով։

Հոդված 23. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի «օրենսդրությանը» բառից հետո լրացնել «եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքին» բառերը:

Հոդված 24. 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 38-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 10-րդ մասերի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատակիցները» բառը փոխարինել «ծառայողները» բառով, իսկ 31-րդ հոդվածի 1-ին մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 37-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատակիցներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով։

Օրենքի գլուխ IV-ի վերնագրի, 29-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասի, 30-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 33-րդ հոդվածի վերնագրի, 34-րդ հոդվածի վերնագրի, 36-րդ հոդվածի վերնագրի, գլուխ VI-ի վերնագրի, 38-րդ հոդվածի վերնագրի, 2-րդ, 5-րդ մասերի, գլուխ VIII-ի վերնագրի, 43-րդ հոդվածի վերնագրի, 2-րդ մասի «աշխատակցի» եւ գլուխ IV-ի վերնագրի եւ 31-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «աշխատողի» բառերը փոխարինել «ծառայողի» բառով։

Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերի, 33-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 6-րդ մասի «աշխատակցին» բառը փոխարինել «ծառայողին» բառով։

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ մասերի «աշխատակիցը» բառը փոխարինել «ծառայողը» բառով, իսկ 29-րդ հոդվածի 3-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի եւ 38-րդ հոդվածի 6-րդ մասի «աշխատակիցն» բառը փոխարինել «ծառայողն» բառով։

Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի, 39-րդ հոդվածի վերնագրի, 1-ին մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի «աշխատակիցների» բառը փոխարինել «ծառայողների» բառով։

Հոդված 25. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ներքին գործերի մարմինների», 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով։

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ներքին գործերի մարմիններից» բառերը փոխարինել «ոստիկանությունից» բառով:

Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ներքին գործերի մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության տարածքային ստորաբաժանման» բառերով:

Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ներքին գործերի մարմին կամ» բառերը հանել։

Հոդված 26. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ եւ 35-րդ հոդվածները:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
 


ՀԻՄԱՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1922-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 35-րդ կետի պահանջի»:
2004 թվականի հուլիսին Ստրասբուրգում «Օրենքի գերակայությունն ամրապնդելու համագործակցության ծրագրի» շրջանակներում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը ենթարկվել է փորձաքննության: Նախագիծը նպատակ է հետապնդում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել փորձագիտական եզրակացությանը, ինչպես նաեւ վերացնել «Ոստիկանության մասին» եւ 2002 թվականի հուլիսին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա հակասությունները:

Նախագծով հստակեցվել են ոստիկանության խնդիրները, գործունեության սկզբունքները, հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ուսումնական հաստատությունների սովորողներին, փորձաշրջան, վերապատրաստում անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելու հիմքերը, ոստիկանության գործունեության նկատմամբ հսկողություն, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը, ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ այլն:

Նախագիծը համաձայնեցվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության եւ պաշտպանության նախարարության հետ: