Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-836-12.01.2021-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասում «հուշահամալիր» բառից հետո լրացնել «եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն- հուշահամալիր» պետական հիմնարկ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձեւավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:

Դա, անշուշտ, իմաստավորված է եւ արտացոլում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ մեր ազգային-պետական քաղաքականությունը:

Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ Արցախյան երկու պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ: Այդ նպատակով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաեւ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող՝ Եռաբլուր պանթեոնը:

Արցախյան երկու պատերազմները մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են: Մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար իրենց կյանքն են զոհել, ուստի Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրքը կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


11 հունվարի 2021թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
Հարգանոք՝ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ