Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-805-15.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016թ. հոկտեմբերի 6-ին ստորագրված « «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը :

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ  ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում է  Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, որի «գործընկեր» է հանդիսանում ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Վերջին շրջանում ՀՀ-ում տեղ գտած դրական փոփոխությունների լույսի ներքո կարելի է կանխատեսել դրական դինամիկա ավիացիայի ոլորտում եւ ավելի ակտիվ համագործակցություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ:

1944թ. դեկտեմբերի 7-ին ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան ՀՀ համար ուժի մեջ է մտել 1992թ. հուլիսի 18-ից:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016թ. հոկտեմբերի 6-ին:

Արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում, քանի որ 56-րդ հոդվածում նշված տասնինը թիվը փոխարինվում է քսանմեկով:

Արձանագրությունն այն վավերացրած Պետությունների համար ուժի մեջ է մտնում 128-րդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից:

Արձանագրությունը վավերացվել է 45 պետության կողմից (ցանկը կցվում է ):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրության վավերացումը կամ հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:  

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ      Արտակ Ապիտոնյան    
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» 1944 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 56 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ`                               Կ. ԽՏՐՅԱՆ    
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ին ստորագրված կոնվենցիայի 50 «ա» եւ 56 հոդվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություններում՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Արձանագրություններում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

                                                                                         ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


   ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ԳԱԼՈՒՍՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ 1.1/10/1362-20 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`             ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ 
  
 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ  56-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ  ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում (Դոկ. 10076):

2016 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Ասամբլեայի 39-րդ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն):

Արձանագրության համաձայն՝ Չիկագոյի կոնվենցիայի 56-րդ հոդվածում նախատեսված է օդային նավագնացության հանձնաժողովի անդամների կազմի ավելացում՝ 19-ից դարձնելով 21:

Հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամների քանակի ավելացումը՝ Օդային նավագնացության հանձնաժողովի անդամների քանակական կազմի ավելացումը հանձնաժողովին հնարավություն կտա Պայմանավորվող պետություններից ներգրավվելու հմտությունների եւ գիտելիքների տարբեր գործնական բնագավառներում որակավորում եւ փորձ ունեցող մասնագետների:

Հաշվի առնելով վերոգրյալը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նպատակահարմար է համարում Արձանագրության վավերացումը:
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
       ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ՝                ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ վարչապետի նամակը    


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

18 հունիսի 2020 թվականի  N 1008 - Ա

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ  56-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1.  Հավանություն տալ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
            ՎԱՐՉԱՊԵՏ                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 
  
 
2020 թ. հունիսի 19
      Երեւան