Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-801-10.12.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում «նշանակման» բառից հետո լրացնել «եւ Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետը «Թեկնածուի» բառից հետո լրացնել

«՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ» բառերով:

2) 1-ին մասի 7-րդ կետը «անցկացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մրցույթի արդյունքներին» բառերով:

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Խորհրդի  նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար:»:

Հոդված 3. Օրենքի 10.2-րդ հոդվածի՝

1) 12-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին:»:

2) 25-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 10.3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝ թեկնածուների ցուցակը, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»

2) 2-րդ մասը՝ «արձանագրությունները» բառից հետո լրացնել «եւ որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝» բառերով, իսկ «ներկայացված» բառից հետո լրացնել «այլ» բառով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահն ընդունում է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձեւավորվող մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտ:

3. Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կողմից մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտը հրապարակելուց հետո՝ 60 օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի խորհուրդը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձեւավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում: