Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-800-09.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18 ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»:

Հոդված 2. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետական դավաճանությունը առանձնապես ծանր հանցագործություն է, որ վնասում է պետության սուվերենությանը, ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը: Հաշվի առնելով պետական դավաճանության եւ լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար մասնավորապես ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել ներկայիս կարգավորումները եւ սահմանել խստագույն պատիժ:

2020թ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը:

Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը ՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

Պետական դավաճանության լրտեսության ձեւի եւ լրտեսության հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը համընկնում է միմյանց, միայն սուբյեկտներն են տարբեր: Ըստ այդմ, երբ այդ արարքը կատարում է ՀՀ քաղաքացին, վրա է հասնում հայրենիքի դավաճանության պատասխանատվությունը (299 հոդված), իսկ երբ նույն արարքը կատարում է արտերկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, առաջանում է լրտեսության հանցագործության քրեական պատասխանատվությունը (302 հոդված): Դրանով է պայմանավորված երկու հոդվածներում միառժամանակ փոփոխությունների իրականացումը, սակայն հաշվի առնելով սուբյեկտների տարբերությունը ՝ նախատեսելով տարբեր պատժաչափեր:

Պետական դավաճանության համար որպես կանոն ամենադաժան պատիժն է սահմանվում: Պատմության մեջ կարելի է հանդիպել պետական դավաճանության ամենածանր պատժին՝ մահապատժին:

Ընդ որում, ուսումնասիրել ենք նաեւ պետական դավաճանության եւ լրտեսության համար սահմանված պատիժների միջազգային փորձը եւ ակնհայտ է դարձել, որ դրանց համար մի շարք այլ երկրներում սահմանված են առավել ծանր պատիժներ ՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի սահմանած պատիժներրի:

Առաջադիմական երկրների քրեական օրենսգրքերում պետական դավաճանության համար սահմանվում է բարձրագույն պատիժը:

Այսպես, Անգլիայում պետական դավաճանություն է համարվում պետության անվտանգության դեմ իրականացրած հանցագործությունը, որի համար սահմանվում է պատիժ՝ հինգ տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:

Իսրայելում պետական դավաճանության համար սահմանված է խստագույն պատիժ, այն գործողությունը, որը վնասում է պետության սուվերենությանը եւ անվտանգությանը պատժվում է ցմահ ազատազրկմամբ կամ սահմանվում է մահապատիժ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին ավտանգության դեմ կատարված գործողությունը եւ լրտեսությունը պատժվում է տւասներկուսից քսան տարի ազատազրկմամբ 500.000 ռուբլի (3.121.317 ՀՀ դրամի) չափ տուգանքով:

Ֆրանսիայում այլ պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերությունների ստեղծումը եւ պահպանումը Ֆրանսիայի դեմ ռազմական գործողություններ կամ ագրեսիայի ակտ առաջացնելու նպատակով պատժվում է 30 տարվա ազատազրկմամբ:

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնոթյունը բարձրացնելու համար:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն