Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-091-19.08.2003-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական եւ կազմակերպական հիմքերը եւ կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը նպատակաուղղված է՝

1) ահաբեկչությունից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը .

2) ահաբեկչական գործունեության նախազգուշացմանը, բացահայտմանը, կանխմանը, խափանմանը եւ դրա հետեւանքների նվազեցմանը.

3) ահաբեկչական գործունեության իրականացմանը նպաստող պատճառների եւ պայմանների պարզելուն եւ վերացնելուն։

Հոդված 3. Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերը

Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քրեական եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերը, սույն օրենքը, այլ օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը։

Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները

Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներն են՝

1) օրինականությունը.

2) նախազգուշացման միջոցառումների գերակայությունը.

3) ահաբեկչական գործողության կատարման, ինչպես նաեւ նախապատրաստման եւ ֆինանսավորման համար պատժի անխուսափելիությունը.

4) ահաբեկչության դեմ պայքարի բացահայտ եւ գաղտնի մեթոդների զուգակցումը.

5) կանխարգելիչ, իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, քարոզչական միջոցների համալիր օգտագործումը.

6) ահաբեկչական գործողության հետեւանքով վտանգի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գերակայությունը.

7) ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը.

8) հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս ներգրավվող ուժերի եւ միջոցների միանձնյա ղեկավարումը.

9) հակաահաբեկչական գործողությունների անցկացման եղանակների, գործելակերպի (մարտավարության) եւ մասնակիցների կազմի նվազագույն հրապարակայնությունը։

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ահաբեկչական գործողություն ` ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարում` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործող, թունավոր նյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդների վերցման, մարդու առեւանգման, տեխնոգեն բնույթի վթարների եւ աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու վտանգ ստեղծելու, կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցանկացած ձեւի եւ ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետեւանքներ առաջացնող այլ գործողությունների ձեւով.

2) ահաբեկչական գործունեություն ` ահաբեկչական գործողության կազմակերպում, նախապատրաստում եւ իրականացում, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնության, ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացման հրահրում, ահաբեկչական գործողություն կատարելու համար անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբավորման կազմակերպում, ինչպես նաեւ մասնակցություն այդպիսի գործողությանը, ահաբեկիչների հավաքագրում, զինում, ուսուցանում, ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչական խմբի ֆինանսավորում կամ այլ աջակցություն.

3) ահաբեկիչ ՝ ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաստում կամ դրա կատարման փորձ կատարած անձ.

4) ահաբեկչության դեմ պայքար՝ ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետեւանքների նվազեցմանն ուղղված գործունեություն.

5) հակաահաբեկչական գործողություն ՝՝ ահաբեկչական գործողության կանխարգելմանը, պետության շահերի եւ ֆիզիկական անձանց անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների վնասազերծմանը, ինչպես նաեւ ահաբեկչական գործողությունների հետեւանքների նվազեցմանն ուղղված հատուկ միջոցառումներ.

6) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի՝ տեղանքի առանձին հատվածներ, տրանսպորտային միջոց, շենք, շինություն, կառույց եւ դրանց հարող տարածքներ, որոնց սահմաններում անցկացվում է նշված գործողությունը.

7) պատանդ ՝ պետությանը, կազմակերպությանը կամ առանձին անձանց որեւէ գործողություն կատարելու կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով առեւանգված կամ պահվող անձ։

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա։

ԳԼՈՒԽ II.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները

Ահաբեկչության դեմ պայքարն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման գործընթացում ներգրավված պետական մարմինների գործունեության համակարգման, ահաբեկչությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման եւ վերացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ահաբեկչության դեմ պայքարի մշտական գործող հանրապետական շտաբ (այսուհետ՝ ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբ)՝ սահմանելով վերջինիս կազմը եւ գործունեության կարգը։

Հոդված 8. Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի հիմնական խնդիրները

Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հայեցակարգի մշակումը, ահաբեկչությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման եւ վերացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու մասին ահաբեկչության դեմ պայքարի իրականացման գործընթացում ներգրավված սուբյեկտներին հանձնարարականներ տալը.

2) ահաբեկչության դեմ պայքարի վիճակի, տրված հանձնարարականների կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող եւ այդ գործընթացում ներգրավված գործադիր իշխանության հանրապետական մարմինների հաղորդումների պարբերաբար քննարկումը.

3) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների եւ գործադիր իշխանության հանրապետական մարմինների գործողությունների համադասումը.

4) մասնակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը.

5) ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին առաջարկությունների մշակումը։

Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինները՝

1) մշակում եւ իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետեւանքների նվազեցմանը, ինչպես նաեւ դրանց կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների պարզմանը եւ վերացմանը նպատակաուղղված կազմակերպական, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական եւ այլ միջոցառումներ.

2) կարող են ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ։

Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիներն ու կազմակերպությունները՝ անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, պարտավոր են աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմիններին՝ իրենց պարտականությունները կատարելիս։

ԳԼՈՒԽ III.

ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող ուժերն ու միջոցները

Հակաահաբեկչական գործողություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինները եւ հատուկ ծառայությունները, ահաբեկչության դեմ պայքարի դրանց մասնագիտացված ստորաբաժանումները, այդ թվում՝ հակաահաբեկչական մարտական խմբերը։

Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են անհրաժեշտ զենք եւ հատուկ միջոցներ, տրանսպորտային, կապի եւ այլ նյութա-տեխնիկական միջոցներ։

Հոդված 12. Հակաահաբեկչական գործողության ղեկավարումը

Հակաահաբեկչական գործողության ղեկավարումն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարիհանրապետական շտաբը։

Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու սահմանները եւ գործողությանը ներգրավված ուժերի եւ միջոցների օգտագործման կարգը որոշում է ահաբեկչության դեմ պայքարիհանրապետական շտաբի ղեկավարը։

Հոդված 13. Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու իրավական ռեժիմը

Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն՝

1) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել փողոցներում եւ ճանապարհներին տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկությունըժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու, տեղանքի առանձին հատվածներ եւ օբյեկտներ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսական հաստատությունների տրանսպորտային միջոցների մուտքը չթույլատրել, քաղաքացիներին տեղանքիառանձին հատվածներից եւ օբյեկտներից հեռացնել, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները հեռացնել.

2) ստուգել քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչեւ բերման ենթարկելու միջոցով, նրանց ինքնությունը պարզելու նպատակով.

3) ձերբակալել եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետական մարմիններին կամ հատուկ ծառայություններին ներկայացնել այն անձանց, ովքեր կատարել կամ փորձել են կատարել հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձանց օրինական պահանջների խոչընդոտմանն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ գործողություններ՝ կապված հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտի առանց թույլտվության ներթափանցելու կամ դրա փորձի հետ.

4) անարգել մուտք գործել (ներթափանցել) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող բնակելի եւ այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպորտային միջոցներ, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին պատկանող շինությունների, տարածքների եւ տրանսպորտային միջոցների՝ ահաբեկչական գործողությունը կանխելու, ահաբեկչական գործողություն կատարած կամ ահաբեկչական գործողության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու համար.

5) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի մուտքի եւ ելքի պարագայում իրականացնել քաղաքացիների անձնական զննում, նրանց մոտ գտնվող առարկաների, տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող ապրանքների ստուգում, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

6) ծառայողական նպատակներով օգտագործել կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կապի միջոցները.

7) անհետաձգելի դեպքերում ծառայողական նպատակներով օգտագործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների։

Հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը կարգավորվում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից, եթե օրենքով այլ բան չի նախատեսված։

Հոդված 14. Բանակցությունների վարումը ահաբեկիչների հետ

Քաղաքացիների կյանքի եւ առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաեւ առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակներով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ։

Ահաբեկիչների հետ բանակցություններ կարող են վարել միայն ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից հատուկ լիազորված անձինք։

Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չի կարող հանդիսանալ։

Հոդված 15. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը

Հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ արգելվում է ահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարածումը, որը՝

1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը.

2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը եւ վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի եւ առողջության համար.

3) ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը.

4) տեղեկատվություն է պարունակում ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի անդամների, հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական մարմինների, հատուկ ծառայությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի դրանց մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։

Հոդված 16. Հակաահաբեկչական գործողության ավարտը

Հակաահաբեկչական գործողությունը համարվում է ավարտված, երբ ահաբեկչական գործողությունը կանխված (խափանված) է եւ վերացված է հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը։

Հակաահաբեկչական գործողության ավարտի հայտարարման մասին որոշումն ընդունվում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից։

ԳԼՈՒԽ IV.

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

Հոդված 18. Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծառայությունների մատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նշված անձանց իրավական, հոգեբանական, բժշկական եւ այլ տիպի օգնություն ցուցաբերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈՒԽ V.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց իրավականպաշտպանության երաշխիքները

Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարվել են ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների, ինչպես նաեւ վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձանց կողմից իրենց ծառայողական պարտականություններն իրավաչափորեն կատարելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների կյանքի եւ առողջության, սահմանադրական իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հանցավոր ոտնձգություններից հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը։

Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանմամբ կատարված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հասարակական եւ պետական անվտանգությանն սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրականացման այլ հնարավորություններ չի ընձեռվել։

Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով եւ սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը եւ գույքին, ինչպես նաեւ այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը։

Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 20. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների եւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմիններին աջակցություն ցուցաբերող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ VI.

ՎԵՐԱՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 21. Վերահսկողությունն ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ

Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ VII.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։