Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-765-20.10.2020-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետեր.

«23) բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձեւավորված ու Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ մինչեւ անհուսալի ճանաչվելը եւ անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում՝ անկախ սույն մասի 18-րդ կետի դրույթներից.

24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների ներվող գումարները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթներից՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձեւավորված ու Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն դեռեւս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու եւ այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչեւ այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում՝ պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40-րդ կետ.

«40) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները՝ անկախ սույն մասի 19-րդ կետի դրույթներից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչեւ ռազմական դրության ավարտը ստացված վարկերի գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների նկատմամբ: