Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից ազատելը

1.  Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ներմուծված ապրանքները Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված եւ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ (կամ) Առողջապահության նախարարության կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերով: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:

Հոդված 3. Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը

1. Դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ եւ 390-րդ հոդվածների համաձայն՝ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ռազմական դրության ժամանակահատվածում ներմուծված՝ դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ՝ դրանք սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է:

2.   Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվում են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը:

Բացի այդ, առկա են նաեւ դեպքեր, երբ Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) հանձնվում են նաեւ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող հարկային օրենսդրության համաձայն՝ անկախ հետագայում ապրանքները անհատույց (նվիրատվությամբ) պետությանը հանձնելու հանգամանքից, հարկ վճարողների կողմից ապրանքների ներմուծումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաեւ ակցիզային հարկով եւ (կամ) բնապահպանական հարկով, ինչը լրացուցիչ բեռ է ներմուծող անձանց համար:

Մյուս կողմից, ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող հարկ վճարողների համար լրացուցիչ բեռ է նաեւ ապրանքների դրոշմավորման պարտավորությունը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1) ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը,

2) ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ազատվում են այդ պարտավորությունից դրոշմավորման ենթակա ապրանքները Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց ազատել հարկային եւ դրոշմավորման պարտավորություններից:

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ապրանքների ցանկը հաստատող Կառավարության որոշում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:  
 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 17-ի N 1699-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 
  

Հարգանքով՝  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ