Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7611-08.10.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 307.1, 307.2, 307.3 եւ 307.4 հոդվածներով.

«Հոդված 307.1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը

1. Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդված 307.2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ վեց տարի ժամկետով:

Հոդված 307.3. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ երեք  տարի ժամկետով:

Հոդված 307.4. Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչեւ երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես: