Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-751-02.10.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 124-րդ հոդվածի.

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:».

3) լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ խմբագրությամբ.

«3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաեւ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):

4. Սույն հոդվածի 3-րդ մասի սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու եւ ժամկետային» բառերը փոխարինել «վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաեւ ժամկետային պարտադիր կամ զորահավաքային» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին եւ 2-րդ մասերի» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «միջին աշխատավարձ» բառերից հետո` «, բացառությամբ սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 4.1-րդ կետն ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասից հանել «4.1-ին կետի,» բառերը.

3) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը եւ 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: