Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-748-29.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններում» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն՝ Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները եւ մաքսային մարմինները` մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումները...:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 11-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն՝ Կոմիտեի խնդիրներից է՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի եւ այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը:

Միաժամանակ, «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում եւ պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Նշվածի հետ կապված հարկ ենք համարում հայտնել, որ Օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների բացահայտում եւ կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել  ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է  ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ 
                                                                                                                                                                                                                                       պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


   Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1554-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ