Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակության նոր պարբերություն.

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը.:»

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կառավարությունը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար նախադրյալներ եւ գործուն մեխանիզմներ ստեղծելու հրամայականով, ինչպես նաեւ հողային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Ըստ ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444,8 հազար հեկտար վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216,9 հազար հեկտարը կամ 48,8 %-ը:

Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, հողօգտագործողի` սեփականատիրոջ բացակայություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն եւ այլն:

ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը` հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման եւ նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով.», սակայն ներկայումս գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 5.10 կետում, նշված է՝ «Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ եւ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ»:

Հարկ է նշել, որ ընթացող գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի (ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման արդիական համակարգեր տեղադրելու համար, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ եւ այլն) իրականացումը նպաստում է գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետության բարձրացմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման եւ տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի եւ դրանից բխող իրավական ակտի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ որպես չօգտագործվող հողեր հաշվառելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն է առաջանում:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1534-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ