Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-735-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ

Առկա խնդիրներ

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 121-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն՝ Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Դատավորի՝ ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում: Օրենքի 130-րդ հոդվածը սահմանում է, որ Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումն իրականացվում է առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ, Օրենքի 134-րդ հոդվածով, որով նախատեսված է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը, ամրագրված է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյան ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն: Վճռաբեկ դատարանում դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ Վճռաբեկ դատարանում առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում: (Հոդված 134, 1-ին, 2-րդ մասեր):

Նշված իրավակարգավորումներից ակնհակտ է, որ առաջին ատյանի դատարանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումն իրականացվում է նույն ընթացակարգով, մինչդեռ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար նախատեսված է այլ կարգ: Ստացում է մի իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար դատավորի թեկնածու կարող է լինել միայն այն անձը,  ով տվյալ դատարանում ունի ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունի կարգապահական տույժ, չի պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի: Մյուս կողմից, եթե համապատասխան ցուցակը կազմելիս այդ դատավորների թիվը երեքից պակաս է, նշված կանոնը չի կիրառվում:

Խնդիր կայանում է նրանում, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքով (ՀՕ-197-Ն), որով ամրագրվեցին վերը նշված իրավակարգավորումները հավանաբար տեխնիկական վրիպակի պատճառով վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին վերաբերվող այս հարցը դուրս է մնացել միասնականացման գործընթացից, ինչը խնդիրներ է առաջացնում: Եթե Վճռաբեկ դատարանում ձեւավորվեն նոր պալատներ, ապա այդ պալատների նախագահների ընտության հարցը կմնա առկախված, քանի որ ներկայիս իրավակարգավորումների պարագայում հնարավորություն չի լինի ընտրելու այդ պալատների նախագահներին այն պարզ պատճառով, որ տվյալ պալատներիի դատավորները  չեն ունենա տվյալ դատարանում ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն: Նշված օրենսդրական բացը ակնհայտ խնդիրներ է առաջացնելու Վճռաբեկ դատարանի նոր պալատների ձեւավորման ժամանակ նախագահների ընտրության հարցում:

Առաջարկվող կարգավորումներ : Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է՝ սահմանել այնպիսի իրավակարգավորումներ՝ համաձայն որոնց Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է ընտրվել Վճռաբեկ դատարանի այն պալատի դատավորը, որը ունի դատավորի երեք տարվա փորձառություն:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը: Դրանով Վճռաբեկ դատարանի տվյալ պալատի դատավորները, ովքեր ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառությունը, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն հնարավորություն կունենան ընդգրկվելու Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ցուցակում:

Ակնկալվող արդյունքը : Օրենքի նախագծի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորին, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենի 134-րդ հոդվածով սահմանված մուս պահանջների, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնին: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Միրզոյան,


Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող Նախագիծը (հիմնական զեկուզող՝ Վ. Վարդանյան), դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
Հարգանքներով՝
Վլադիմիր Վարդանյան
Աննա Կարապետյան
Հովհաննես Հովհաննիսյան
Վիկտոր Ենգիբարյան
Արփինե Դավոյան
Քրիստինե Պողոսյան
Վահագն Հովակիմյան