Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-696-24.07.2020,10.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում  «գույքի, եկամուտների եւ շահերի,» բառերը  փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխում վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման պարտականությունը».

2) 1-ին մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երեւան համայնքի ավագանու անդամների,» բառերը, «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «եւ գլխավոր» բառերը, իսկ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Ազգային Ժողովի աշխատակազմում  պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերը.

3) 2-րդ մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Երեւանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը, Երեւան համայնքի ավագանու անդամները» բառերը, իսկ «գույքի, եկամուտների եւ շահերի» բառերը փոխարինել   «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի» բառերով.

4) 3-րդ մասում «գույքի եւ եկամուտների»  բառերը փոխարինել  «գույքի, եկամուտների եւ ծախսերի» բառերով,  «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «եւ գլխավոր » բառերը, իսկ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության  բարձրագույն պաշտոններ  զբաղեցնող անձինք» բառերը.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 4.1. մասով.

«4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:».

6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում  ներկայացնում են իրենց գույքի եւ եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրերում` գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալներ:».

7) 5.1-րդ մասում` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությունը.

«Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».

8)  5.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության եւ ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները` բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող` 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ: Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:».

9) 7-րդ եւ 8-րդ մասերում «գույքի եւ եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների եւ ծախսերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի վերնագրից հանել «եւ հայտարարագրում փոփոխություն կատարելը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն.

«Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված եւ չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո քառօրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա եւ վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

2) տրանսպորտի միջոցը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) բաժնային արժեթղթեր, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաեւ պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի).

4) հանձնված, վերադարձված փոխառությունը.

5) բանկային ավանդը.

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ` թանկարժեք գույք).

7)դրամական միջոցները (այդ թվում` բանկային հաշիվներում առկա):».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 1.1-ին եւ 1.2-րդ  մասերով.

«1.1. Հայտարարագրում (բացառությամբ պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրի)  ներառվում է նաեւ հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

1.2. Սույն օրենքի իմաստով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց  վերջինիս կողմից վերահսկվող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 եւ ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի)  թանկարժեք գույքը: Գույքը համարվում է հայտարարատուի կողմից վերահսկվող, եթե ձեռք է բերվել հայտարարատուի օգտին կամ հաշվին կամ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ գույքը փաստացի տնօրինում է հայտարարատուն:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են`

1) անշարժ գույքի դեպքում` անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն,  գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը  եւ նրանց միջեւ առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին եւ եղանակը.

2) տրանսպորտի միջոցի դեպքում` տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին եւ եղանակը.

3) արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման դեպքում` արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել` նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը եւ հայրանունը, հասցեն, նրանց միջեւ առկա կապի բնույթը.

4) հանձնված, վերադարձված փոխառության  դեպքում` փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության  հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն,   նրանց միջեւ առկա կապի բնույթը.

5) բանկային ավանդի դեպքում` հաստատության անվանումը, գտնվելու վայրը  (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.

6) թանկարժեք գույքի դեպքում` գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին եւ եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.

7) դրամական միջոցի դեպքում` դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ`  3.1-րդ մասով.

«3.1. Հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքի դեպքում ներառվում են նաեւ գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը  եւ նրանց միջեւ առկա կապի բնույթը:».

 5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ`  6.1-րդ մասով.

«6.1. Բանկային ավանդի դեպքում` տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, հաստատության անվանումը եւ գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է):»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 40.1-ին հոդվածով.

«Հոդված 40.1 Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը:

2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով կատարված հետեւյալ ծախսերը.

1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը.

2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.

3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.

4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.

5) վարկի մարմանն ուղղված վճարումները.

6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.

7) ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքը  գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են.

1) ծախսի տեսակը.

2) կատարված ծախսի բովանդակությունը.

3) ծախսի չափը (գումարը).

4) ծախսի արժույթը:

5.Պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու օրը կատարած ծախսերը:»:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ստացված փոխառությունները.».

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ`  3.1. կետով.

«3.1.) ստացված վարկերը (այդ թվում` հիփոթեքային).».

3) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի եւ նրանց միջեւ առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.

«6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաեւ տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ  դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը:

6.2.Վարկը հայտարարագրելիս նշվում են նաեւ վարկի անվանական  տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ  դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիփոթեքի դեպքում` հիփոթեքի առարկան եւ դրա գտնվելու վայրը:».

5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:».

6) 9-րդ մասից հանել «սույն օրենքի իմաստով» բառերը:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայտարարագրի` «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն կամ որի իրական շահառու են հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը, մասնակցությունը  ձեռք բերելու կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն: Սույն մասի իմաստով իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը:»:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնումից հետ անմիջապես» բառերը փոխարինել «հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը» բառերով:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի` ծախսերի հայտարարագրին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում` 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաեւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները, ավագանու անդամները, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երեւան համայնքի ավագանու անդամները մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:

4. 2020 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած  հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային Ժողովի աշխատակազմում  պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագիր:

6. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ  դատավորի պաշտոնավարող օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: 2020 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած եւ 30 օրվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում չնշանակված դատավորի օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագիր:

7. 2020 թվականի  հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականությունները ստանձնած կամ դադարեցրած սույն հոդվածի 2-5-րդ մասերով չնախատեսված եւ  հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:  
 

Հիմնավորում
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ