Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7194-01.09.2020,04.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 140-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «ողջամիտ ժամկետում» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը:

2) լրացնել նոր 3-րդ մաս.

«3. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.5-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում եւ որոշում է կայացնում գործը ստանալու պահից երկամսյա ժամկետում»:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել նոր 31.5-րդ գլուխ.

«ԳԼՈՒԽ 31.5

«ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.13. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթը

1. Վարչական դատարանին ընդդատյա են «Հայաստանի Հանրապետության    բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան հայտարարված կարանտինի (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերը:

2. Սույն գլխով սահմանված կանոնները չեն տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում կայացված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության նկատմամբ:

Հոդված 222.14. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը

1.   Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկվելու պահից տասնօրյա ժամկետում:

2.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին ներկայացվում են սույն օրենսգրքի 73 եւ 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

Հոդված 222.15. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը եւ ժամկետները

1. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

3.   Սույն գլխով նախատեսված գործերի բանավոր քննության դեպքում դատարանը կարող է թույլատրել դիմողին մասնակցելու դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:

4. Սույն գլխով նախատեսված գործերը քննվում են դիմումը վարույթ ընդունելու պահից՝ տասնօրյա ժամկետում:

5.  Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ եւս տասը օրով:

Հոդված 222.16. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը

1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.

1) դիմումը մերժելու եւ իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու եւ իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին:

2. Վարչական դատարանի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ