Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7201-02.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով,

2) 10-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17-րդ մաս.

«17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 5. Oրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:»:

Հոդված 6. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «տասնհինգօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենսգրքի 123.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140 հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում սույն օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ չներկայացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում,» բառերով,

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «123.1 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 140,» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 123.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 140 հոդվածի 5-րդ մասով,» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Արդյունքում, բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-91-Ն) պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար: Այս կարգավորումից հետո, վարորդների մի որոշ հատված, հստակ գիտակցելով, որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից կայացվող որոշումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-300-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով չի կիրառվելու տուգանային միավոր, այլ՝ առավել վնասկար բնույթ պարունակող (սահմանաված առավելագույն արագության գերազանցում) իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվությունից խուսափելու համար, այդ թվում՝ երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ արտոնյալ դիրքն ընդգծելու նպատակով, երթեւեկում են մեկ համարնիշով (հիմնականում հետեւի)՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից: Ավելին, սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսեւորել նույն հակաիրավական վարքագիծը:

Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թույլատրվում է բռնագրավման պահանջով դիմել դատարան վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգավելուց հետո 15-օրյա ժամկետում, սակայն անհրաժեշտ է նկատել, որ այդ դեպքում վարչական տույժի ենթարկված անձը դեռ կարող է բողոքարկել վարչական ակտը (այդ թվում՝ վերադասության կարգով գանգատարկելուց հետո նաեւ դատական կարգով), որն էլ իր հերթին կարող է անվավեր ճանաչվել եւ կստացվի, որ պետության կողմից բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար եւ հետագայում նաեւ գործի քննության հետ կապված վճարված պետական տուրքի եւ այլ դատական ծախսերը կլինեն ապարդյուն (պետությունն անհարկի վնաս կկրի), ավելին, ապարդյուն կլինեն նաեւ պետական մարմնի աշխատակիցների այդ գործընթացի վրա վատնած ժամանակը (ռեսուրսները):

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու եւ որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը, որը ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ կետի համաձայն նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականի 1-ին կիսամյակի ավարտը: Հաշվի առնելով, որ գործող օրենքի անցումային դրույթը նախատեսում է ոստիկանության ծառայողների կողմից տուգանային միավորների կիրառումը սկսել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, հետեւաբար սույն նախագծի ընդունումն ավելի քան հրատապ է:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.1-րդ, 123.5-րդ, 124-րդ եւ 124.4-րդ հոդվածների համապատասխան մասերի սակցիաներում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտումների համար, որոնք որպես վարչական տույժ առաջ են բերում վարելու իրավունքից զրկում, դրանց կատարման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն:

Անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործումը: Մասնավորապես, նախագծով Օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացվում է նոր 17-րդ մասով, որով նախատեսվում է պատասխանատվություն նույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար՝ սահմանելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ՝ վարելու իրավունքից զրկման ձեւով:

Նախատեսվում է Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել, ինչը կապված է Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սանկցիաների հետ, քանի որ նշանակված տույժի լիարժեք կատարման համար, մասնավորապես՝ իբրեւ լրացուցիչ վարչական տույժ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան բռնագրավելու համար, անհրաժեշտ է հստակ սահմանել այն պահը, երբ վարչական մարմինը իրավասու կլինի բռնագրավման պահանջով դիմել դատարան: Բացի այդ, տրամաբանական է բռնագանձման տույժի տեսակը իրականացնել վարչական ակտի բողոքարկման հնարավորությունը սպառվելուց հետո:

Բացի այդ, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված՝ ճանապարհապարեկային ծառայողների կողմից մի շարք խախտումների մասով տուգանային միավոր կիրառելու վերաբերյալ սահմանված անցումային ժամկետը երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը: Մասնավորապես, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումն իրականացնել 2022 թվականի 1-ին կիսամյակում, ինչով պայամանավորված անցումային դրույթի ժամկետ է սահմանվում 2022 թվականի հուլիսի 1-ը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրինագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության եւ Ճանապարհային ոստիկանության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, որի վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր չէ կատարել, քանի որ գործող իրավակարգավորումներով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության միայն այդ արարքը կատարելու համար, իսկ ուղեկցող իրավախախտումների մասով առանձին հաշվառում չի տարվում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒ Մ

31 օգոստոսի 2020 թվականի  N  995 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ        Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 31
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

27 օգոստոսի 2020 թվականի  N  1429 -Ա

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի  N 1429-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը:

Հարգանքով՝               ՏԻԳՐԱՆ  ԱՎԻՆՅԱՆ