Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7191-01.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի`
1) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը եւ նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը եւ վերականգմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.».
2) 5-րդ պարբերությունում «աշխատանքների կատարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումների իրականացում» բառերը.

3) 6-րդ պարբերությունում «մաս» բառից հետո լրացնել «(կարանտին սահմանելու դեպքում` համաճարակի գոտի)» բառերը.

4) 9-րդ պարբերությունում «եւ մանրէաբանական նյութերից» բառերը փոխարինել «, մանրեաբանական նյութերից եւ վարակիչ հիվանդություններից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «է» կետ.

«է) օրենքով նախատեսված այլ միջոցառումները:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 1-ին մասում լրացնել նոր «ժէ» կետ.

«ժէ) կարանտին սահմանելու դեպքում օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը:».

2) լրացնել նոր 3-րդ մաս.

«Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները եւ դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 4.1-ին գլխով:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր երկրորդ նախադասություն.

«Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված միջոցառումների իրականացման ձեւով:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրութամբ.

«Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը

1. Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները եւ մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից, թունավոր նյութերի ազդեցությունից, վարակիչ հիվանդություններից եւ թունավորումներից:

2. Սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը եւ կարգը` առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից` ենթաօրենսդրական իրավական ակտով:»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել նոր «թ» կետ.

«թ) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում ընդունում է որոշում կարանտին սահմանելու մասին.».

2) լրացնել նոր «ժ» կետ.

«ժ) կարանտին սահմանելու դեպքում իրականացնում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում լրացնել նոր «ե» կետ.

«ե) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել նոր «թ» կետ.

«թ) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոված 9. Օրենքի 16-րդ հոդվածում լրացնել նոր «է» կետ.

«է) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «գ» կետ.

«գ) իրականացնում են կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումները, ինչպես նաեւ աջակցում այդ միջոցառումների կազմակերպմանը եւ իրականացմանը:»:

Հոդված 11. Օրենքում լրացնել նոր 4.1-ին գլուխ.

«ԳԼՈՒԽ 4.1
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17.1. Սույն գլխի կիրառման շրջանակները

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում բնակչության պաշտպանության եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման առանձնահատկությունները, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների ցանկը, միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար իրավասու մարմինները, միջոցառումների կազմակերպման եւ իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով:

Հոդված 17.2. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում` կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները`

1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային եւ այլ սանիտարահամաճարակային միջոցառումներ` սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ հաստատություններում:

2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքների, ներառյալ` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետեւանքները վերացնելու, անձանց եւ հանրության առողջության պահպանման նպատակներով եւ պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտինի պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

3. Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների եւ Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

Հոդված 17.4. Կարանտինային եւ այլ սանիտարահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում

1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային եւ սանիտարահամաճարակային հետեւյալ միջոցառումները.

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

2. Կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում` կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում` սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից:

3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային եւ սանիտարահամաճարակային միջոցառումները:

Հոդված 17.5. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, ինչպես նաեւ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ:

2. Սույն հոդվածի իմաստով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանը ուղղված միջոցառումները, ներառյալ`

1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումները.

2) տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները:

3. Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ոստիկանությունը:

4. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ոստիկանությունը եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված տեսչական մարմինները: Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

5. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ոստիկանությունը հանրային միջոցառումը դադարեցնելու պահանջով դիմում է հանրային միջոցառման կազմակերպչին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման մասնակիցներին: Հանրային միջոցառման կազմակերպչի բացակայության կամ նրանց կողմից Ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում է դադարեցնել հանրային միջոցառումը` սահմանելով ողջամիտ ժամկետ: Միաժամանակ Ոստիկանության կամ համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը հանրային միջոցառման մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հանրային միջոցառումը կամովին չդադարեցնելու դեպքում հանրային միջոցառումը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու Ոստիկանության լիազորության մասին:

Հոդված 17.6. Տնտեսական գործունեության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում

1. Կարանատին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել   տնտեսական գործունեության առանձին տեսակների եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

2. Կարանատին սահմանելու մասին որոշմամբ կարող է կիրառվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների եւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում` կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների եւ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը   համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով` տվյալ   տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը` տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

5. Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը, ինչպես նաեւ ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման եւ իրականացման եւ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

6. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում   վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կազմակերպությանը (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքը)` միջոցառումների եւ սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Ստուգայցի արդյունքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

8. Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմինները, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին` սույն հոդվածի 4-ից 7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

9. Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Հոդված 17.7. Ապրանքների փոխադրման սահմանափակումներ

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումներ:

Հոդված 17.8. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ

1. Կարանտին սահմանելու մասին կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ` կրթական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) ձեւով իրականացվող կրթական ծրագրի, ինչպես նաեւ ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:

2. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է կրթական հաստատություններ ստուգայցերի միջոցով` տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցի նպատակը, ինչպես նաեւ ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման եւ իրականացման եւ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կրթական հաստատությանը` միջոցառումների եւ սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

5. Ստուգայցի արդյունքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

6. Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաեւ կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

Հոդված 17.9. Սահմանափակումներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ հաստատություններում

1. Կարանտինի պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասում սահմանված սահմանափակումները կիրառվում են`

1) պետական կառավարման համակարգի մարմիններում` կարանտին սահմանելու մասին որոշմամբ,

2) տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ավագանու,

3) այլ մարմիններում` համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափակումներ` համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Սույն մասի իմաստով այլ հաստատությունների եւ կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ:

Հոդված 17.10. Սույն գլխով նախատեսված ակտերի եւ գործողությունների (անգործության) բողոքարկումը

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների ակտերը ենթակա են անհապաղ կատարման:

2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 19. Անձանց իրավունքների երաշխիքները արտակարգ իրավիճակներում
1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի ստանալ ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի եւ իր պաշտպանվածության աստիճանի մասին, եթե այդպիսի տեղեկության տրամադրումը արգելված չէ օրենքով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել նոր երկրորդ նախադասություն.

«Կարանտին սահմանելու դեպքում սույն հոդվածով նախատեսված նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1.  Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը` համապատասխանաբար, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացնելով նոր հոդվածներ` վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջների, կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումների, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման վերաբերյալ, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքում կարանտին սահմանելու դրույթը համապատասխանեցվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով` կարանտին սահմանված լինելու դեպքում կիրառվող միջոցառումների ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար սահմանվում են համապատասխան պատասխանատվություններ: Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացվում է նոր գլուխ, որը վերաբերում է կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության կարգին:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման եւ հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների` վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաեւ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց` վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների եւ (կամ) բուժման եւ (կամ) կանխարգելման եւ (կամ) հոսպիտալացման (ներառյալ` ոչ հոժարակամ) վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ: Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, ինչպես նաեւ օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում եւ այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության եւ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ սահմանելու, կիրառելու, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ իրավակարգավորումներ եւ Հայաստանի Հանրապետությանում վարակիչ հիվանդությունների առկայության բոլոր դեպքերում (բռնկումներ, համաճարակներ եւ այլն) կկիրառվեն օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ` կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 27 օգոստոսի 2020 թվականի  N 1438 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 31
           Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

31 օգոստոսի 2020 թվականի  N   990  - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 31
           Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                      պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 
 
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1438-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
 
 
Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ