Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-702-30.07.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`

1) «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետեւյալ պարբերականությամբ.

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)`   երկու տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)`  տարին մեկ անգամ.

5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին  նշված ամսվա վերջին օրը:

2. 3-րդ  եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Տեխնիկական զննության արդյունքում զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքները առցանց եղանակով փոխանցում տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարանին:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը:»:

Հոդված 4. Օրենքի 18.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, եւ թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը» բառերը.

2) 2-րդ մասի  «տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու» բառերը փոխարինել «տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Ճանապարհային երթեւեկության մասին» Վիեննայի 1968 թ. Կոնվենցիայի 39-րդ հոդվածը սահմանում են, որ

1) միջազգային երթեւեկության մեջ գտնվող յուրաքանչյուր ավտոմեքենա, յուրաքանչյուր կցասայլ եւ փոխադրամիջոցների յուրաքանչյուր շարժակազմ պետք է բավարարի նույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթներին: Բացի այդ, նրանք պետք է լինեն սարքին վիճակում.

2) ազգային օրենսդրությունում պետք է նախատեսված լինի`

ա) ուղեւորների փոխադրման համար օգտագործվող եւ, վարորդի նստելու տեղից բացի, 8-ից ավելի նստելու տեղ ունեցող ավտոմեքենաների,

բ) բեռների փոխադրման համար օգտագործվող այն ավտոմեքենաների տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ, ինչպես նաեւ այդպիսի փոխադրամիջոցների կցասայլերի տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում.

3) ազգային օրենսդրությունը հնարավորության դեպքում պետք է 2-րդ կետի դրույթները տարածի փոխադրամիջոցների այլ տեսակների վրա:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը, տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 40 տեխնիկական զննության կայաններ: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր` պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաեւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձեւական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունն իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առկա խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք.
Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել: Վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաեւ տպագրվում եւ տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:  Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը կայանի կողմից, որի «Պարամետր 1, 2. 3, 4» սյունակներում առկա «0»-ները փաստում են, որ տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը կատարվել է առանց արգելակային ստենդի վրա բարձրանալու:

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշմամբ, համաձայն որի տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների հետեւյալ հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներ`

1. Արգելակային համակարգ

2. Ղեկային կառավարում

3. Արտաքին լուսավորման սարքեր

4. Հողմապակու ապակե մաքրիչներ եւ ապակե լվացներ

5. Անիվներ եւ դողեր

6. Շարժիչը եւ դրա համակարգերը

7. Կառուցվածքի այլ տարրեր

8. Այլ աշխատանքներ

Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն եւ 2011 թվականի N 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Արդյունքում ներկայիս 41 կետերից /62 ենթակետ/ կմնա 27-ը /48 ենթակետ/, որից 9-ը /36 ենթակետ/ պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին եւ 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:
20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով եւ անվճար:

2. Կարգավորման առարկան.

Տեխնիկական զննության գործընթացի կանոնակարգում եւ դրա նկատմամբ վերահսկողությունը բարձրացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

ա) բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու եւ առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը,

բ) վերահսկողություն իրականացնել ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի եւ էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

գ) բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, սահմանել նաեւ վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ




«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Կտրոնների տրամարման դիմաց գանձվող պետական տուրքի վճարների դիմաց կավելանան շրջանառաության ծավալների ավելացումից գանձվող հարկերը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

23 հուլիսի 2020 թվականի  N  1224   - Ա
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ  ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ  ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ




Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.

1. Հավանություն տալ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 24
          Երեւան

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                      պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1224-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ