Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-694-21.07.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 41 -րդ մասը եւ 43-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1. 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.

3. 14-րդ կետից հանել «եւ վերահսկումը» բառերը.

4. լրացնել նոր՝ 14.1-ին 14.2-րդ եւ 14.3-րդ կետերով.

«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.

14.2) մշակում, ներդնում եւ վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.

14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի եւ լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձեւերը.»:

Հոդված 3. Օրենքի 371 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 371 . Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում  տեսչական մարմինն իրականացնում է օրենսդրության պահանջների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը եւ կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն ուղղված վերահսկողություն:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաեւ կրթության բնագավառում պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից:

2.  Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ իրականացնող, ինչպես նաեւ կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին եւ շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն եւ բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համակարգի լիարժեք եւ ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը նախագծով վերապահվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարեւորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Խնդիրն առավել կարեւոր եւ առանձնահատուկ բնույթ է ստանում կրթության ոլորտում, որտեղ յուրաքանչյուր սովորողի վերաբերյալ տեղեկությունն իր ազդեցությունն ունի ենթաոլորտային քաղաքականությունների ու ծրագրերի մշակման եւ զարգացման ուղենիշների ընտրության ժամանակ:

Ներկայում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է պաշտոնական վիճակագրության մասնակիցների գործառույթների, իրավունքների ու պարտականությունների շրջանակը. մասնավորապես՝  նշված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են վարչական տվյալներ տրամադրողներ, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պաշտոնական վիճակագրության արտադրողներին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները՝ պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաեւ՝ մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

Վարչական տվյալներն անհրաժեշտ են նաեւ, միջազգային համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կրթության ոլորտին առնչվող հարցաշարերը պատշաճ լրացնելու համար:

Այսպիսով, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումը:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումները պայմանավորված են նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործառույթներն իրականացնելու նպատակով, քանի որ նախագծով նշված դրույթով սահմանվում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմեր, ինչը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից՝ համաձայն որի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է տեսչական բարեփոխումների արդյունքում օրենսդրական կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

20 հուլիսի 2020 թվականի N 816 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 20
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

16 հուլիսի 2020 թվականի N 1182 - Ա

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 20
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1182-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հարգանքով՝       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ