Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-692-21.07.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի /այսուհետ` Օրենք/ 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով փոխարինելու կամ վերադարձնելու ենթակա ապրանքները վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից սույն հոդվածով սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ,  ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում` նշված անվանացանկը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված տեղեկատվությունը եւ անվանացանկը  փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները, ինչպես նաեւ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը սպառողին տեսանելի վայրում փակցնելուն ներկայացվող պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները գործելու են սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանները, ինչպես նաեւ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը սպառողին տեսանելի վայրում փակցնելուն ներկայացվող պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելու օրվան հաջորդող 10-րդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ  խնդիրները.

Նախագիծը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը: Վերոգրյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առեւտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը` առանց որեւէ  հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որեւէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է եւ ծախսատար: Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան: Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման եւ պարզեցման քաղաքականություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով սահմանվում է, որ.

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա ՀՀ կառավարության կողմից`

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հարապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2 հուլիսի 2020 թվականի  N  1100  - Ա

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

20 հուլիսի 2020 թվականի  N 821 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 20
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1100-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 

Հարգանքով`           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ