Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-691-16.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-41-Ն օրենքի  (այսուհետ` օրենք) 35-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «2.1» եւ «2.2»  մասով.

2.1. «Եթե վարչական վարույթի մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմնին, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթն իրականացնող մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա վարչական վարույթն իրականացնող մարմինը ծանուցագիրը ուղարկում է`

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով եւ անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաեւ այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաեւ այդ հասցեներով:

2.2 Եթե սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետո ֆիզիկական կամ իրավաբանական անձը շարունակում է մնալ չծանուցված վարչական վարույթի մասին, ապա վարչական վարույթի ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 10-րդ օրն անձը համարվում է ծանուցված:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-41-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու անհրաժեշտությունը նախեւառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր հնարավոր եղանակներով վարչական վարույթ իրականացնող մարմինը փորձ կատարի տեղեկացնել վարչական վարույթի մասին վարչական վարույթի հասցեատիրոջը: Մասնավորապես պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու տարբերակները սպառված լինելուց հետո փորձ պետք է կատարվի ֆիզիկական եւ իրավաբանական անձին տեղեկացնել այլ հնարավոր միջոցներով` աշխատավայր, համայնքապետարան եւ անձի էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելով: Դրանից հետո, երբ վարչական վարույթի հասցեատերը շարունակում է մնալ չծանուցված, որը կարող է պայմանավորված լինել նաեւ այդ անձի կողմից  միտումնավոր չստանալու պատճառով, վարչական վարույթի ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ 10 օր անց այդ անձը համարվում է ծանուցված: Սա արվում է որպեսզի ապահովված լինի վարչական վարույթի ենթակա անձի իրազեկվածությունը վարչական գործի քննարկման հետ կապված օրենքով նախատեսվող գործառույթներին, արտահայտելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումը, տեղեկեանալու իր վերաբերյալ կայացված վարչական ակտին, ծանոթանալու դրա բողոքարկման եւ հետագա կատարման կարգին` դրանով իսկ ապահովելով վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը:

2.Ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո վարչական վարույթ իրականացնող մարմինները կիրականացնեն օրենքից բխող բոլոր գործողությունները, որպեսզի վարույթի հասցեատերը ստանա վարչական վարույթի մասին տեղեկատվությունը, իսկ միտումնավոր չստանալու դեպքերի դեպքերը էական կկրճատվեն, քանի որ դրա իմաստն ըստ էության վերանում է:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


15 հուլիս 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ' ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»   օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են`

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` (4) էջ:

Հարգանքով` Գեւորգ Պապոյան /057/