Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-690-15.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը

1) լրացնել նոր 9.1.-րդ կետով՝

«9.1.) նշանակում է Ազգային ժողովի էթիկայի հարցով հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) նախագահին եւ տեղակալին.».

2) լրացենլ նոր 23-րդ կետով՝

«23) պատգամավորի նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա.».

3) լրացենլ նոր 24-րդ կետով՝

«24) պատգամավորի նկատմամբ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել հետեւյալ կարգապահական միջոցները.

ա) հրապարակային նկատողություն,

բ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

գ) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի » բառերը:

2) 7-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ -5-րդ, 7-րդ մասերի գործողությունը դադարեցնել:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 19.1.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.1. Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը եւ կազմը

1. Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ եւ գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

2. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

3. Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված սկզբունքները:

4. Խմբակցությունն Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (անդամներով), հետեւյալ կարգով՝

1) եթե կառավարող խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.

2) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է կառավարող խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցություններին.

3) լրացուցիչ անդամի (անդամների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)՝ առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի՝ մեծաթվից փոքրաթիվ.

4) լրացուցիչ անդամ (անդամներ) առաջադրվում է (առաջադրվում են) մինչեւ Էթիկայի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համալրումը՝ ապահովելով  հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարությունը:

5.Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից՝ խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է մեծաթիվ ընդդիմադիր եւ կառավարող խմբակցություններին: Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է՝

1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է առավել շատ թվով անդամներ ունեցող ընդդիմադիր խմբակցությանը.

2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է առավել շատ թվով անդամներ ունեցող կառավարող խմբակցությանը:

թիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաեւ  հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչեւ Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը: Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի կամ հանձնաժողովի այլ անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.

3) նա հրաժարական է տվել.

4) խմբակցությունը նրան փոխել է:

6. Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի կամ հանձնաժողովի այլ անդամի թափուր պաշտոնը կամ տեղը լրացվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 19.2.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.2. Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

1. Էթիկայի հանձնաժողովը՝

1) եզրակացություն է տալիս «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ.

2) եզրակացություն է տալիս պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջները չկատարելու վերաբերյալ:

2. Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.

2) դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ

3. Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 19.3.-րդ հոդվածով՝

Հոդված 19.3. Էթիկայի հանձնաժողով դիմելը եւ դիմումը քննարկելը

1. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք:

2. Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում).

3) այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը.

4) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

5) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

3. Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

4. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումում բարձրացված հարցի քննությունը կամ մերժում է դիմումի քննարկումը:

6. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.

2) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.

3) նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի կամ Էթիկայի հանձնաժողովի որոշում կամ եզրակացություն.

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է հարցի քննություն:

7. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

8. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին:

9. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել եւ հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: Հարցի քննության նոր ժամկետի մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահագրգիռ կողմերին:

10. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կամ դատական ակտ կայացնելը.

2) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:

11. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ Էթիկայի հանձնաժողովը նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ հարցի քննությանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար:

12. Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

13. Հարցի քննությունը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են, կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

14. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր 19.4.-րդ հոդվածով՝

«Հոդված 19.4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

1. Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգին համապատասխան, հետեւյալ տարբերությամբ.

1) հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին.

2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

3) հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային: Հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ Աշխատակազմի մասնագետներից բացի, կարող են ներկա գտնվել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք.

4) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝ դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին.

5) եթե հանձնաժողովը Կանոնակարգի 19.3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դիմումը համարվում է մերժված.

6) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որին վերաբերում է դիմումը, պարզաբանումներ տալ դիմումում բարձրացված հարցերի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի նյութերը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու պարզաբանումները.

7) հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները՝ նաեւ պատճառաբանված, բացառությամբ սույն մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

8) մինչեւ հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի.

9) հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հարցի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու՝ առանց նրանց գրավոր համաձայնության.

10) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրա հետ փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է, կամ հանձնաժողովը քննում է նրանց հարցը:

2. Էթիկայի հանձնաժողովը գործում է իր աշխատակարգին համապատասխան, որը հաստատվում է նրա որոշմամբ:

3. Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 9. Օրենքի 162-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը, որոնք աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:»

Հոդված 10. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՈՐՈՇՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝  ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իր 2020 թվականի հուլիսի 10-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«ԻՄ ՔԱՅԼԸ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝      Լ. ՄԱԿՈՒՆՑ
 10.07.2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգել՛ի պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը, տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի  համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողն է Լիլիթ Մակունցը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:

Հարգանքով՝

«ԻՄ ՔԱՅԼԸ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ         Լ. ՄԱԿՈՒՆՑ