Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-679-30.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր, պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է մինչեւ սույն Օրենքն ուժի մեջ մտնելը կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Որպես անկախության երաշխիք նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Իսկ նույն հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով եւ Դատական օրենսգրքով: Նման պահանջի առկայությունը ինքնանպատակ չէ եւ բխում է ինչպես Դատավորի կարգավիճակի Եվրոպական խարտիայից, այնպես էլ Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից: Մասնավորապես, Դատավորի կարգավիճակի Եվրոպական խարտիայի 6.1 կետը սահմանում է, որ դատավորները վարձատրության իրավունք ունեն, որի չափը այնքան պետք է լինի, որ ապահովվի նրանց անկախությունն ու անաչառությունը՝ պաշտպանելով հնարավոր արտաքին ճնշումներից: Որպես անկախության երաշխիք Եվրոպական խարտիայի 6.4 կետը սահմանում է նաեւ, որ կենսաթոշակի տարիքի հասած դատավորներն իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ, որի չափը պետք է առավելագույնը համարժեք լինի որպես դատավոր ստացած աշխատավարձին:

Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները որպես դատավորների անկախության երաշխիք, ի թիվս այլնի, դիտում են ֆինանսական անկախությունը, ինչը ենթադրում է աշխատավարձ եւ կենսաթոշակ ստանալու իրավունքը, որի կամայական միջամտությունը անթույլատրելի է, քանի որ կարող է բացասաբար ազդել դատավորների անկախության վրա:

ՀՀ Սահմանադրական դատարանը 18.06.2019թ. թիվ ՍԴՈ-1463 որոշմամբ, հղում կատարելով մի շարք միջազգային փաստաթղթերի նշել է հետեւյալը.

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված՝ «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Նույն խորհրդի եւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն՝ «չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսավորման մակարդակը, որը երկիրը կարող է տրամադրել իր դատարաններին, քաղաքական որոշման արդյունք է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իշխանությունների բաժանման սկզբունքի վրա հիմնված համակարգի գործարկմանը՝ ապահովելու, որ ո՛չ գործադիր, եւ ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը որեւէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա բյուջեի հաստատման ժամանակ», միեւնույն ժամանակ, դատարաններին այդ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքով (ԵԴԽԽ, թիվ 1 կարծիք, 62-րդ կետ, թիվ 2 կարծիք, 5-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004, 46-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004):

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ (....)պետք է հաշվի առնել, որ դատավորների բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը եւ դրա չափը, նրանց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են.  իրենց կյանքը եւ գործունեությունը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնավարումից հետո պլանավորելը,  կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններով կաշկանդված չլինելը: Հետեւաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվության աստիճանին, այլեւ ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել եւս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ (....) Սահմանադրական դատարանը գտնում է նաեւ, որ դատական իշխանության անկախության երաշխավորման սահմանադրաիրավական նպատակների իրացման անհրաժեշտության տեսանկյունից խնդրահարույց են մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, ինչպես նաեւ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը «գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանելու» իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահելու վերաբերյալ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումները: Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերի ընդհանուր տրամաբանությունից, միջազգային իրավական պրակտիկայում ամրագրված սկզբունքներից է բխում դատավորների կենսաթոշակի չափին ու հաշվարկման կարգին վերաբերող հարաբերությունները բացառապես օրենքով կարգավորելու պահանջը:

Ներկայում դատավորների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, ընդ որում ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումը, որով հակասահմանադրական էին ճանաչվել վերը նշված օրենքի մի շարք հոդվածները, մինչ օրս իրացված չեն:

Դատավորի կենսաթոշակի հաշվարկման չափը պետք է լինի հստակ եւ կայուն, ինչպես օրինակ նախատեսված է «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով եւ ի կատարումն ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշման՝ պետք է նախատեսված լինի բացառապես օրենքով:

Բացի այդ դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը տարբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված հաշվարկման կարգից, որը հաշվարկվում է (....) Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդված, 3-րդ մաս): Մինչդեռ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծերի փաթեթը ողղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը: Մասնավորապես առաջարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել դատավորի բարձր կարգավիճակին եւ նրա պատասխանատվության համապատասխանող կենսաթոշակի հաշվարկման հստակ կարգ եւ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. թիվ ՍԴՈ-1463 որոշման կատարումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքների նախագծերի փաթեթը,

2. Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 11 թերթ:

Հարգանքով՝   Արթուր Դավթյան
                      Վլադիմիր Վարդանյան
                       Աննա Կարապետյան