Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-671-19.06.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ  մասի առաջին պարբերությունը  «արգելվում է» բառից հետո լրացնել «`բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների եւ լրացումների կատարման ,ինչպես նաեւ նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:»բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը` առաջացել է պահանջ «Կրթության մասին» օրենքի կարգավորումներում նախատեսել որոշակի լրացումներ:

Նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում եւս քննարկվել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման նպատակը

 «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ  մասի համաձայն . «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է:»:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:

 Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաեւ փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել  հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ եւ հնարավորություն ընձեռել Կառավարությանը` ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել  բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:

3. Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը  մշակվել է Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի  նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կապահովվի հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

18 հունիսի 2020 թվականի  N  729  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 18
Երեւան

18 հունիսի 2020 թվականի  N 972 - Ա

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 18
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 972 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարգանքով`   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ