Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-663-18.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Ազգային անվտանգության ծառայությունը.» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը.» բառերով:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի`

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաեւ ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով, որի առկայությունը պարտադիր է ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար.»,

2) 5-րդ կետում «Ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության հարցերով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «նաեւ» բառից հետո լրացնել «դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 37-րդ հոդվածի 1-ին մասը «վրա» բառից հետո լրացնել «դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար, վերը նշված եզրակացության առկայության հանգամանքը սահմանված չէ որպես պարտադիր պայման` ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից միգրացիայի հարցերով լիազոր մարմնին համապատասխան տեղեկությունների տրամադրման համար:

Մասնավորապես, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմում է միայն ՀՀ անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու նպատակով, սակայն հնարավոր են դեպքեր, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած լինի օրինական ճանապարհով, սակայն վտանգ ներկայացնի ՀՀ ազգային անվտանգության համար: Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է ընձեռնում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու: Միաժամանակ, Օրենքով ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացության առկայությունը սահմանված չէ որպես պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս միգրացիայի հարցերով լիազոր մարմնին ապաստանի տրամադրման հարցով կայացնել որոշում` առանց հաշվի առնելու ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի դիրքորոշումը, որի արդյունքում կարող է ապաստան տրամդրվել այն անձանց, որոնք ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ են ներկայացնում: Բացի այդ, Օրենքով նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից վերը նշված եզրակացության, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից միգրացիայի հարցերով լիազոր մարմնին համապատասխան տեղեկությունների տրամադրման համար:

Նախագծի ընդունումը նաեւ պայմանավորված է Օրենքում որոշակի խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը` նախատեսելով, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին, ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար, պետք է դիմի ոչ միայն ՀՀ անօրինական մուտք գործած ապաստան հայցողների պարագայում, այլ նաեւ այն դեպքում, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած կլինի օրինական ճանապարհով, եւ վերը նշված եզրակացության առկայությունը կհանդիսանա պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար:

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,  36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերում եւ 37-րդ հոդվածի 1-ին մասում` սահմանելով, որ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից համապատասխան տեղեկությունները տրվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնին դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար ՀՀ մուտք գործած ցանկացած ապաստան հայցողի պարագայում, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից տրամադրված վերը նշված եզրակացության առկայությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից համապատասխան տեղեկությունների տրամադրման հստակ ժամկետներ եւ կկատարվեն որոշակի խմբագրական փոփոխություններ:

Ազգային անվտանգության ծառայություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ
ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

11  հունիսի 2020 թվականի  N  934    - Ա

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 12
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

17 հունիսի 2020 թվականի  N 719 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 17
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 934-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Հարգանքով`   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ