Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-600-30.05.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ ենթակետով.

«6.3. Անասնաբուժության բնագավառում
օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների
եւ ախտորոշիչ միջոցների արտադրության համար տարեկան՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով»

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 20-րդ, 21-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերը։

Հոդված 3 . Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու կապակցությամբ (2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-167-Ն) առաջացել է լիցենզավորման ենթակա «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների» արտադրության լիցենզիա տալու համար պետական տուրք գանձելու անհրաժեշտություն։

Գործող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը առաջացել է նրանից, որ այդ կետերում ամրագրված պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները, անասնապահական մթերքը, հումքը, կենդանիների կերերը, բեռները մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու, օբյեկտների փորձաքննություն անցկացնելու եւ եզրակացություն տալու դեպքում համապատասխան ձեւի փաստաթուղթ տալու համար պետական տուրք գանձելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն քաղաքացիականիրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար։

Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքները տեղաշարժվում են ազատորեն։ Հաշվի առնելով օրենսգրքի նշված պահանջները գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի նշված կետերը նույնպես չեն բխում օրենսգրքի 3-րդ հոդվածի սկզբունքներից։