Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-637-04.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում մշակված կարեւոր իրավական ակտերից է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված եւ 1999 թվականի հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք): Այն անմիջական գործողության օրենք է, որը միասնական, համակարգված եւ համապարփակ կերպով կարգավորում է քրեադատավարական հասարակական հարաբերությունները: Օրենսգիրքն ընդունման պահին բավականին առաջադիմական էր, քանի որ դրանում առաջին անգամ ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները եւ անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքները: Բացի այդ, Օրենսգրքում շոշափվում էին նաեւ անձի սահմանադրական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ կապված առանցքային հարցեր:

Բարձր գնահատելով Օրենսգրքի ակնհայտ առավելություններն ու դրական նշանակությունը, պետք է նշել, որ այն զերծ չէր նաեւ թերություններից, որոնց մի մասն առկա էին Oրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում: Օրենսգրքի կիրառման ավելի քան քսան տարիների ընթացքում երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական գործերի քննության եւ լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում: Մասնավորապես, 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի Կոնվենցիան, ինչի հետեւանքով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ ազգային օրենսդրությունը, այդ թվում` քրեական արդարադատության ոլորտը պետք է ենթարկվեին լուրջ բարեփոխումների: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ  քրեադատավարական խնդիրներին, ներառյալ` արդար դատաքննության, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ինչպես նաեւ անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքներին վերաբերող գործերով կայացված վճիռները եւս վկայում են քրեական արդարադատության համակարգը կատարելագործելու անխուսափելի անհրաժեշտության մասին:

Բացի այդ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին, ինչպես նաեւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին երկրի հիմնական օրենքում կատարվեցին հիմնարար փոփոխություններ, որոնք էապես շոշափեցին քրեական արդարադատության ոլորտը` անխուսափելի դարձնելով Օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

Արագ փոփոխվող հասարակական հարաբերություններից եւ երկրում պարբերաբար իրականացվող իրավական բարեփոխումներից բացի քրեադատավարական իրավահարաբերությունների դինամիկ զարգացման վրա նշանակալի ազդեցություն է ունեցել նաեւ դատական պրակտիկան:  Օրենսգրքի գործածության ընթացքում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ իրենց գնահատականն են ստացել ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում: Մասնավորապես,  Սահմանադրական դատարանը երկու տասնյակից ավելի որոշումներով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել Օրենսգրքի տարբեր նորմեր, որոնք վերաբերում են քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, պաշտպանի իրավունքներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունների քննությունը, բողոքարկման ժամկետներին եւ կարգին, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների լիազորություններին, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին եւ այլն:

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներում տվել է Օրենսգրքի տարբեր դրույթների մեկնաբանություններ` նպաստելով  իրավակիրառ պրակտիկայի կարգավորմանը (օրինակ` կալանավորման կիրառման հետ կապված մի շարք չափանիշների ճշգրտումը,  կասկածյալի դատավարական կարգավիճակ չունեցող անձին նվազագույն եւ հիմնական իրավունքներով օժտելը, դատարանների լիազորությունների մեկնաբանությունը եւ այլն): Այս ամենն էապես փոխել է Օրենսգրքի մի շարք դրույթների եւ նույնիսկ որոշ սկզբունքների իրավաըմբռնման եւ կիրառման գաղափարախոսությունը:

Նշված գործընթացներով եւ ոչ միայն դրանցով պայմանավորված` Օրենսգրքի կիրառման ընթացքում դրանում կատարվել են  էական եւ լուրջ փոփոխություններ ու լրացումներ:

Ընդունելով դրանց մեծ մասի ողջամիտ եւ առաջադիմական բնույթը, պետք է նշել, որ որոշ փոփոխություններ համալիր չէին, առավելապես կրում էին դրվագային բնույթ, հաճախ համաձայնեցված չէին իրավական այլ ակտերի, ինստիտուտների եւ նորմերի հետ: Մինչդեռ պետության իրավական համակարգում քրեական դատավարության օրենսգրքի ունեցած դերն ու նշանակությունը միանշանակ թույլ են տալիս եզրակացնել, որ նման իրավական ակտում առկա առանցքային թերություններն ու բացթողումները չեն կարող շտկվել առանձին կամ իրավիճակային փոփոխությունների եւ լրացումների միջոցով: Հետեւաբար, դրանք չեն կարող ծառայել այն նպատակներին, որոնց համար իրականացվում են:

Ինքնըստինքյան, նման պայմաններում կատարված փոփոխությունները Օրենսգրքի կարգավորման ոլորտի համար ունեցան նաեւ շրջադարձային բովանդակային հետեւանքներ: 1998 թվականի խմբագրությամբ Օրենսգիրքը, իր բոլոր թերություններով հանդերձ, ուներ ստույգ գաղափարախոսություն եւ իրենից ներկայացնում է որոշակի տրամաբանություն ունեցող համակարգ` քրեադատավարական տարբեր ինստիտուտների եւ սկզբունքների միջեւ եղած ներքին կապի տեսքով: Վերոնշյալ փոփոխությունները շատ դեպքերում խախտեցին Օրենսգրքի ներքին հավասարակշռությունը, ծնեցին հակասություններ ինչպես դրա տարբեր դրույթների, այնպես էլ Օրենսգրքի եւ իրավական այլ ակտերի միջեւ:  Բազմաթիվ օրենսդրական փոփոխություններն առանձին դեպքերում  հանգեցրեցին ինստիտուցիոնալ անկայունության, ինչը բացասական ազդեցություն ունեցավ իրավակիրառ եւ հատկապես դատական պրակտիկայի ձեւավորման վրա:

Վերը թվարկված գործոնների ամբողջությունը, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների մշտական զարգացումը ներկայումս հանգեցրել են այնպիսի մի իրավիճակի, որի պայմաններում 1998 թվականի Օրենսգիրքն իր փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ, կառուցվածքով եւ ներուժով, տարատեսակ փոփոխություններով, նոր ներդրված ինստիտուտներով, բազմատեսակ եւ իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերի քննության եւ լուծման ընթացակարգը, այդ գործընթացի շրջանակներում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, հետեւաբար, եւ քրեական դատավարության խնդիրների լուծումն ու նպատակների նվաճումը:

Ներկայումս առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության մասին: Ուստի կարծում ենք, որ անցած երկու տասնամյակների  ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության եւ թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա դրված, գիտատեսական հիմնավորումներով հագեցած եւ գործնական փորձով ամրապնդված քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ:

Նախագծի մշակման հիմքում  ընկած է  երկու հիմնարար չափանիշ` համարձակ նորարարությունը եւ չափավոր պահպանողականությունը: Այն առաջին հերթին ընկալվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության զարգացման հաջորդ փուլում կիրառվելիք գաղափարների, ինստիտուտների փորձարկման (ապրոբացիայի) միջոց: Այս առումով Նախագծի մշակումը դիտարկվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության բնականոն զարգացման յուրահատուկ փուլ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի խուսափել թռիչքաձեւ ցնցումներից եւ ապահովել համեմատաբար ավելի սահուն անցում մեկ համակարգից մյուսին:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող քրեադատավարական համակարգի էությունը կազմող մինչդատական եւ դատական վարույթների հարաբերակցության կտրուկ փոփոխությունը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ իրավակիրառ պրակտիկայի վրա (մասնագիտական, կազմակերպական, հոգեբանական եւ այլ առումներով): Բացի այդ, ներկայումս  գործող համակարգն էլ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով (կադրային, նյութական եւ այլն) պատրաստ չէ նման կտրուկ փոփոխությունների:

Նախագիծը նպատակ է հետապնդում լուծել հետեւյալ հիմնական խնդիրները.

1) քրեական գործերի քննության եւ լուծման ընթացքում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն` իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա.

2) քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության եւ դատարանի դերն ու նշանակությունը, ձեւավորել դատարանակենտրոն քրեադատավարական ընթացակարգ.

3) ստեղծել արդարադատության արդյունավետությունն ապահովող եւ արդար դատաքննության տարրերի իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր, ապահովել տարբեր դատական ատյանների ներդաշնակ գործառութային կապը.

4) վերաիմաստավորել քրեական դատավարությունում մրցակցության գաղափարախոսությունը, այն դատավարական սկզբունքից վերածել դատավարության ձեւի (ռեժիմի),.

5) իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, մշակել դրանց սահմանափակման համաչափ եւ թափանցիկ  կառուցակարգեր.

6) դատավարական իրավահարաբերությունների եւ գործողությունների հիմքում դնել գործառութային տարանջատման սկզբունքը,  վարույթի մասնակիցների համար սահմանել բացառապես նրանց դերից, նշանակությունից եւ կարգավիճակից բխող գործառույթներ եւ լիազորություններ.

7) մշակել առանձին անձանց նկատմամբ կամ առանձին տեսակի վարույթների իրականացման տարբերակված ընթացկարգեր, ապահովելով մարդկային ռեսուրսների, միջոցների եւ ժամանակի արդարացված խնայողություն:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կարգավորում են ստացել հետեւյալ առանցքային հարցերը.

1) քրեական վարույթի  (հատկապես, մինչդատական վարույթի) ընթացքում ամրապնդվել են անձի իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները, մասնավորապես, ընդլայնվել են պաշտպանության կողմի իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ ուժեղացվել է դատական վերահսկողության ինստիտուտը,

2) վերանայվել են դատավարական հարկադրանքի միջոցների, մասնավորապես` ձերբակալման եւ կալանքի կիրառման հիմքերը, պայմանները եւ ընթացակարգերը, բարձրացվել է դրանց օրինականության նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաեւ ընդարձակվել է այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը,

3) հիմնարար կարգավորում է ստացել քրեական վարույթի շարժիչ ուժը` քրեական հետապնդման ինստիտուտը, հստակեցվել են դրա բնույթը,  նշանակությունը, ինչպես նաեւ իրականացման ձեւերը (եղանակները) ,

4) նախատեսվել են տուժողի եւ արդարացվածի իրավաչափ շահերի պաշտպանության, այդ թվում` հատուցում ստանալու գործուն եւ արդյունավետ կառուցակարգեր,

5) մշակվել է մինչդատական վարույթի ձեւերի (հետաքննություն եւ նախաքննություն) տարբերակման արդյունավետ կառուցակարգ, հստակեցվել, տարանջատվել եւ ներդաշնակեցվել են մինչդատական վարույթին մասնակցող պաշտոնատար անձանց (դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննիչ) գործառույթները, ապահովվել է գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի օրգանական ամբողջականությունը եւ լիարժեքությունը,

6) ընդլայնվել է տարբերակված վարույթների շրջանակը կատարելագործվել են  դրանց իրականացման ընթացակարգերն այն հաշվով, որպեսզի ապահովվի մի կողմից ռեսուրսների եւ ժամանակի խնայողությանը, իսկ մյուս կողմից` արդարադատության շահերի համաչափ  պաշտպանությունը,

7) ներդրվել է միջանկյալ դատական վարույթի (նախնական դատական լսումների) ինստիտուտ` մինչդատական վարույթի արդյունքների ամփոփումն ավելի ռացիոնալ դարձնելու եւ ապագա դատաքննությունն առավել արդյունավետ անցկացնելու համար,

8) նվազեցվել է մինչդատական ընթացակարգերի ազդեցությունը վարույթի ելքի վրա, դատարանում երաշխավորվել է մրցակցության լիարժեք իրացումը,

9) կատարելագործվել են դատական ակտերի վերանայման համակարգը եւ դրա տարրերը (վերաքննություն, վճռաբեկություն, հատուկ եւ բացառիկ վերանայումներ), ապահովվել է դատական ակտերի վերանայման կառուցակարգերի գործառնական նշանակությունը եւ արդյունավետությունը,

Նախագիծը բնութագրվում է նաեւ մի շարք հիմնարար, սկզբունքային նորամուծություններով, որոնք պետք է էապես բարելավեն, կատարելագործեն քրեադատավարական գործող համակարգը եւ նպաստեն քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես նախատեսվում է.


Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի N 137-Ա հրամանով ստեղծված ՀՀ քրեական դատավարության նախագիծը մշակող աշխատանքային խմբի եւ Արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձեւով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում  ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը եւ դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաեւ իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանությունը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

21 մայիսի 2020 թվականի  N    783  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

27 մայիսի 2020 թվականի  N   628  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 27
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը:

Օրենսգրքի նախագծին կից ներկայացվում են օրենսգրքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 783-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
 

Հարգանքով`         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ