Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-634-01.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ


Կարդալ այստեղ



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում մշակված կարեւոր իրավական ակտերից է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված եւ 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք): Այն անմիջական գործողության օրենք է, որը միասնական, համակարգված եւ համապարփակ կերպով կարգավորում է քրեաիրավական հասարակական հարաբերությունները: Օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը` հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձեւավորվող հանցավոր վարքագծի նոր ձեւերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով:

Բարձր գնահատելով Օրենսգրքի ակնհայտ առավելություններն ու դրական նշանակությունը` հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում, պետք է նշել, որ այն զերծ չէր նաեւ թերություններից, որոնց մի մասն առկա էին Oրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում: Օրենսգրքի կիրառման ավելի քան տաս տարիների ընթացքում, երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների արդյունքում Օրենսգրքում ավելի քան հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Ընդունելով դրանց մեծ մասի ողջամիտ եւ առաջադիմական բնույթը, այնուամենայնիվ պետք է նշել, որ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը` ավելացրել են Օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու Օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին:

Ըստ էության Օրենսգիրքը սինթեզում է ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի եւ ՌԴ քրեական օրենսգրքի դրույթները, սակայն այն զուրկ է կուռ կառուցվածքից եւ լի է հակասություններով, հետեւաբար Օրենսգիրքը նաեւ հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի:

Եթե ընդհանրացնելու լինենք Օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետեւյալ տեսակների`

ա) հայեցակարգային անճշտություններ եւ կրիմինալոգիական իրականության անտեսում,

բ) սխալներ եւ հակասություններ,

գ) բացեր:

Ա) Հայեցակարգային անճշտություններ եւ կրիմինալոգիական իրականության անտեսում.

Հանցագործության այս կամ այն տեսակի համար պատիժ նախատեսելիս օրենսդիրը պետք է հիմք ընդունի ոչ միայն պատճառված վնասի չափը, այլեւ հիմնվի կրիմինալոգիական իրողության վրա, որի կարեւոր տարրերից մեկը հանցանք կատարողի անձն է: Ցավոք, օրենսդիրը գրեթե երբեք հաշվի չի առնում այս իրողությունը:

Կրիմինալոգիական իրողության անտեսումը հանգեցնում է հանցագործությունների տարբեր տեսակների համար նախատեսվող պատիժների անհամամասնությանը:

Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը, որի հետ է առնչվում նաեւ իրավաբանական կամ փաստական սխալի ինստիտուտը: Այս հարցը ներկայումս որեւէ օրենսդրական լուծում չի ստացել: Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական պետությունների քրեական օրենսդրություններում սխալի ինստիտուտը մանրամասն կարգավորվում է, ինչը նպաստում է օրենքի միասնական կիրառմանը եւ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի ապահովմանը:

Տարբեր երկրների քրեական օրենսգրքերը հիմնվում են «անձի հայեցակարգի» վրա, համաձայն որի` պատժվում է հանցանք կատարած անձը, ուստի պատիժը պետք է համապատասխանի ոչ միայն հանցագործության, այլ նաեւ անձի հանրային վտանգավորությանը: Այս հայեցակարգը ավanvելի պրագմատիկ բնույթ ունի: Պատժի հիմնական նպատակը այս դեպքում հանցանք կատարած անձին ուղղելն է եւ նրա վերասոցիալականացումը: Օրենսգիրքը, հիմնվելով արարքի հայեցակարգի վրա, շատ դեպքերում թույլ չի տալիս ոչ միայն ապահովելու արդարության սկզբունքը, այլեւ պրագմատիկ եւ ժամանակակից պայմաններին ու քրեական իրավունքի տեսությանը համապատասխան քրեաիրավական քաղաքականություն իրականացնել:

Լուրջ թերություններ ունի նաեւ պատժի համակարգը: Գործող օրենսդրության պայմաններում հաճախ ազատազրկման այլընտրանք չնախատեսելը հանգեցնում է այդ պատժատեսակի չարդարացված կիրառման, ինչն էլ արդեն պրոբլեմներ է ստեղծել քրեակատարողական հիմնարկների համար: Բացի այդ, ազատազրկում պատժատեսակի հաճախակի կիրառումը կարող է նպաստել հասարակական հարաբերությունների քրեականացմանը: Դատարանները հաճախ ելքը գտնում են պատիժը պայմանականորեն չկիրառելով, բայց այս ինստիտուտի ոչ հստակ ու թերություններով աչքի ընկնող օրենսդրական կարգավորումը չի նպաստում պատժողական քաղաքականության արդյունավետությանը: Խնդրի լուծման ուղիներից մեկը ազատազրկման իրական այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկի ընդլայնումն է եւ դրանց կիրառման համար արդյունավետ ու գործուն մեխանիզմների ներդնումը:

Խնդրահարույց է համարվում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի կիրառման ընթացակարգը: Մասնավորապես` գործնականում դատարանն անձի վրա որեւէ պարտականություն չի դնում, պայամանվորված այն հանգամանքով, որ բացակայում է հսկողության որեւէ գործուն մեխանիզմ:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի հարցերին: Գործող քրեական օրենսգրքում այս հարցերը շատ դեպքերում թերի են: Մասնավորապես, վերանայման կարիք ունի անչափահասների համար նախատեսված պատժի համակարգը:

Բ) Սխալներ եւ հակասություններ:

Սրանք դրսեւորվում են բազմաթիվ ինստիտուտներում եւ բազմազան ձեւերով. հանցակազմի սխալ նկարագրություն, լեզվական անճշտություններ եւ այլն:

Մեկ այլ հիմնախնդիր է հանցակազմի ծանրացնող հանգամանքների հարցը, երբ որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է այլ հանցագործության հետ զուգորդված լինելու հանգամանքը: Միշտ վեճերի տեղիք է տալիս այն հարցը, թե արդյոք արարքը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ, թե ոչ: Այն դեպքում, երբ որակվում է հանցագործությունների համակցությամբ ստացվում է, որ անձը նույն հանցագործության համար կրկնակի է պատժվում: Իսկ միայն ծանրացնող հանգամանքներով արարքը որակելու դեպքում կարծես թե անձը մեկ հանցագործության համար է պատասխանատվության ենթարկվում: Այս հարցի լուծումը նման ծանրացնող հանգամանքներից հրաժարվելն է:

Սխալների ու հակասությունների մի խումբ էլ վերաբերում է Օրենսգրքի եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի ու ՀՀ Սահմանադրության միջեւ առկա հակասություններին: Միջազգային պայմանագրերի դրույթները որոշ հանցակազմերում սխալ են կամ ոչ ամբողջական են արտացոլված:

Գ) Բացեր

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը եւ քրեական օրենսդրության նորմերի վերլուծությունը ցույց են տալիս, որ շատ հարցեր իրենց օրենսդրական լուծումը չեն ստացել:

Այսպես, քրեական իրավունքի տեսությանը հայտնի է քրեաիրավական նորմերի մրցակցության ինստիտուտը, երբ կատարված արարքի կամ իրադրության հատկանիշները առկա են քրեական օրենսգրքի մեկից ավելի տարբեր հոդվածներում եւ հարց է առաջանում, թե որ նորմը պետք է կիրառվի տվյալ իրադրության կապակցությամբ: Տեսության, ինչպես նաեւ մի շարք երկրների քրեական օրենսդրություններում այս հարցը կարգավորված է: Մինչդեռ, Օրենսգիրքը հարցի ոչ մի լուծում չի պարունակում, ինչը գործնական դժվարություններ է առաջացնում:

Օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, պատիժը մեղմացնելու մի շարք ինստիտուտներ: Ընդ որում, կարող են լինել իրադրություններ, որ միաժամանակ առկա լինեն դրանցից մի քանիսի հատկանիշները: Օրինակ` հնարավոր է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել եւ պատիժը պայմանականորեն չկիրառել: Ընդ որում, այս երկու ինստիտուտների միջեւ մրցակցությունը բացակայում է: Հարց է առաջանում, կարո՞ղ է արդյոք դատարանը միաժամանակ կիրառել այս երկու ինստիտուտները: Քրեական օրենքը այս հարցին չի պատասխանում:

Վերը թվարկված գործոնների ամբողջությունը, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների մշտական զարգացումը ներկայումս հանգեցրել են այնպիսի մի իրավիճակի, որի պայմաններում 2003 թվականի Օրենսգիրքն իր փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ, կառուցվածքով եւ ներուժով, տարատեսակ փոփոխություններով, բազմատեսակ եւ իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեաիրավական հարաբերությունները եւ բավարար է արմատական բարեփոխման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ընդ որում, հայեցակարգային սխալներն ու կրիմինալոգիական իրողության անտեսումը վերացնելը հնարավոր է միայն նոր քրեական օրենսգրքի շրջանակներում, որովհետեւ հայեցակարգային մեկ դրույթի փոփոխությունը հանգեցնում է բազմաթիվ քրեաիրավական նորմերի եւ ամբողջ քրեական օրենսգրքի տրամաբանության փոփոխության:

Ներկայումս առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության մասին: Ուստի կարծում ենք, որ անցած տասնամյակի ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության եւ թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի ընդունումը: Արդյունքում քրեական նոր օրենսգիրքը պետք է պահպանի այն լավագույնն ինչն առկա է գործող օրենսգրքում եւ զերծ մնա այնպիսի հեղափոխական բնույթի փոփոխություններից, որոնք մեր պայմաններում կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դրա կիրառումը:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ:

Նախագիծը նպատակ է հետապնդում լուծել հետեւյալ հիմնական խնդիրները.

1. ապահովել անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից,

2. հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը,

3. ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին եւ կրիմինալ սպառնալիքներին,

4. ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը,

5. երաշխավորել հանցագործության զոհի (տուժողի) իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, առավելագույն պայմաններ ստեղծել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքն իրականացնելու համար,

6. կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը` հարկադրանքի, կանխման եւ վերականգնողական գործառույթների հավասարակշռությունն ապահովելու նպատակով,

7. ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրերի նորմերին, միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը:

Նախագիծի հիմնական բնութագրիչները պետք է լինեն հետեւյալները.

ա) Նախագիծը պետք է հիմնվի կրիմինալոգիական իրողության վրա եւ հաշվի առնի այն: Այս տեսանկյունից անչափ կարեւոր է հանցակազմերը կառուցելիս, պատիժները նախատեսելիս, ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ սահմանելիս հաշվի առնել ոչ միայն քրեական իրավունքի դոգմատիկան, այլեւ` բժշկության, հոգեբանության, կրիմինալոգիայի եւ այլ գիտությունների նվաճումները:

բ) Նախագիծը պետք է հիմնվի ոչ միայն «արարքի հայեցակարգի» այլեւ «անձի հայեցակարգի» վրա: Անհրաժեշտ է հասկանալ, որ օրենքը պատժում է ոչ թե հանցագործությունը, այլ հանցանք կատարողին: Ըստ այդմ էլ քրեական պատասխանատվության ենթարկելու, պատիժ նշանակելու, պատժից կամ պատասխանատվությունից ազատելու հարցերը անհրաժեշտ է կարգավորել հիմք ընդունելով ոչ միայն հանցագործության պատկանելությունը դասակարգման այս կամ այն խմբին, այլեւ` հանցանք կատարողի անձնավորությունը, նրա հանրային վտանգավորությունը, կրիմինալոգիական բնութագիրը, ուղղման եւ վերասոցիալականացման հնարավորությունները: Սրա հետ կապված անհրաժեշտ է, որ քրեական պատասխանատվության եւ պատժի հարցերը լուծելիս հաշվի առնվեն ոչ միայն հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այլ հանցագործության եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցագործության դրդապատճառը, նպատակը եւ այլն:

գ) Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով հետեւողականորեն ապահովել ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը: Դրա համար անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել իրավաբանական ու փաստական սխալի ինստիտուտները, լուծել մեղքի ձեւի ու տեսակի խնդիրը աֆեկտի եւ հարբածության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքերում: Սրա հետ կապված` անհրաժեշտ է քրեական օրենսգրքում ներմուծել մեղքի արժեքաբանական տեսության որոշ տարրեր:

դ) Անհրաժեշտ է վերանայել պատժի համակարգը եւ դրանում նախատեսել ազատազրկման այլընտրանք հանդիսացող գործուն պատժատեսակներ, կատարելագործել եղածները, նախատեսել քրեական պատասխանատվության այլընտրանք հանդիսացող միջոցներ, ինչը թույլ կտա տնտեսելու քրեաիրավական հարկադրանքը: Քրեաիրավական հարկադրանքի տնտեսումը կարող է իրականացվել նաեւ քրեական օրենսգրքի Հատուկ մասի մի շարք հոդվածներում ազատազրկում պատժատեսակի ավելի կարճ ժամկետներ նախատեսելով (դեպենալիզացիա):

ե) Նախագծով պետք է մեծ ուշադրություն դարձնել տուժողի շահերի պաշտպանությանը եւ պատճառված վնասի հատուցմանը: Այս տեսանկյունից կատարելագործման կարիք ունեն գույքային սանկցիաները: Աշխարհի շատ երկրների քրեական օրենսդրություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտացոլված է այն հանգամանքը, որ դրանք նպատակաուղղված են պատճառված վնասի հատուցմանը:

զ) Անհրաժեշտ է իրականացնել ապաքրեականացում եւ քրեականացում:

Ապաքրեականացումը պետք է վերաբերի այն արարքներին, որոնց քրեականացումը իրականացվել է պահի ազդեցության տակ, մեկ կոնկրետ դեպքի առնչությամբ` առանց հաշվի առնելու արարքների քրեականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ապաքրեականացումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Դրանց թվին է դասվում արարքի հանրային վտանգավորության ցածր աստիճանը, մասնավորապես` պատճառված վնասի նվազ կարեւորությունը, դրա բնույթը: Ուստի, ապաքրեականացում իրականացնելիս անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այդ արարքի դեմ ոչ թե քրեաիրավական, այլ վարչական կամ քաղաքացիաիրավական միջոցներով պայքարելու հնարավորությունը:
Որոշ դեպքերում կարելի է մասնակի ապաքրեականացում իրականացնել` հանցակազմի մեջ լրացուցիչ հատկանիշներ մտցնելով, ինչը կնպաստի հանցավոր համարվող արարքների շրջանակի նեղացմանը: Մասնավորապես` հանցակազմի մեջ որպես լրացուցիչ հատկանիշներ կարող են ընգրկվել հանցագործության շարժառիթը, կատարման եղանակը, ձեւական հանցակազմերի դեպքում` հանրորեն վտանգավոր հետեւանքները: Այս հատկանիշները կարող են դառնալ այն ցուցիչները, որոնց օգնությամբ կարելի է հանցավոր եւ իրենից բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող արարքները սահմանազատել ոչ հանցավոր արարքներից:

Ապաքրեականացման համար կարեւոր չափանիշ կարող են լինել նաեւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը, ՀՀ Սահմանադրությունը. եթե նշված իրավական ակտերով որեւէ արարքի համար անթույլատրելի է համարվում դրա քրեական պատասխանատվությունը, ապա այդ արարքը պետք է ապաքրեականացվի:

Նույն գործոնները հաշվի առնելով պետք է իրականացվի նաեւ քրեականացումը: Քրեականացումը պայմանավորված է նաեւ հետեւյալ հանգամանքներով. միջազգային պարտավորություններ, գլոբալ գործընթացներ, գիտատեխնիկական առաջընթաց (մասնավորապես` կիբեռհանցավորություն, գենետիկայի, բժշկագիտության բնագավառում ներկայումս տարածում ստացող հանրավտանգ արարքներ, ահաբեկչության տարբեր դրսեւորումներ եւ այլն): Քրեականացումը պայմանավորված է նաեւ հանրավտանգ արարքների այնպիսի նոր դրսեւորումներով կամ դրանց հնարավորությամբ, որոնք հասարակական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների հետեւանք են:

է) Պետք է խստացնել քրեական պատասխանատվությունը կրկնահանցագործների նկատմամբ` նախատեսելով նրանց նկատմամբ պատժի նշանակման այնպիսի կարգ, որն իրականում կհամապատասխանի այդ անձանց հանրային վտանգավորության աստիճանին: Լուծման ուղիներից մեկը ռեցիդիվի դեպքում պատժի առավելագույն չափի խստացումն է, ինչն առկա է երկրների մեծ մասի քրեական օրենսդրություններում:

ը) Անհրաժեշտ է ապահովել քրեական օրենսգրքում նորմերի ձեւակերպման հստակությունը.

Քրեական օրենսգիրքը պետք է ունենա հասկացությունների ցանկ` դրանց բովանդակության պարզաբանմամբ, ինչը զգալիորեն կհեշտացնի իրավակիրառողի գործը, կապահովի հասկացությունների միատեսակ ըմբռնումը եւ օրենքի միատեսակ մեկնաբանությունն ու կիրառումը: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանել հանցագործությունների որակման կանոնները հատկապես հանցագործությունների համակցության եւ բարդ հանցագործությունների դեպքերում:

թ) Պետք է ապահովել քրեական օրենսգրքի համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրերին եւ ՀՀ Սահմանադրությանը:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կարգավորում են ստացել հետեւյալ առանցքային հարցերը.

1) հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները եւ դրանցում նախատեսվել է նաեւ հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության եւ պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը.

2) հստակեցվել են Օրենսգրքում առկա սկզբունքները եւ դրանց իրացման պայմանները.

3) փոփոխություններ է կատարվել հանցագործությունների դասակարգման մեջ.

4) Իրականացվել է ապաքրեականացում եւ քրեականացում:

Այսպես, ապաքրեականացումը վերաբերում է այն արարքներին, որոնց քրեականացումը իրականացվել է պահի ազդեցության տակ, մեկ կոնկրետ դեպքի առնչությամբ` առանց հաշվի առնելու արարքների քրեականացման անհրաժեշտությունը:

Ապաքրեականացում իրականացնելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Դրանց թվին է դասվում արարքի հանրային վտանգավորության ցածր աստիճանը, մասնավորապես` պատճառված վնասի նվազ կարեւորությունը, դրա բնույթը: Արարքն ապաքրեականացնելիս հաշվի է առնվել այդ արարքի դեմ ոչ թե քրեաիրավական, այլ վարչական կամ քաղաքացիական միջոցներով պայքարելու հնարավորությունը: Ապաքրեականացում իրականացնելիս կարեւոր նշանակություն է ունեցել հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքի տարածվածությունը, տվյալ արարքի կամ քրեաիրավական արգելքի նկատմամբ բնակչության վերաբերմունքը: Եթե իրավական բարիքներին ոչ էական վնաս պատճառող արարքը հազվադեպ է, եթե տվյալ արարքը մարդկանց մեծ մասի կողմից չի դատապարտվում կամ ընկալվում է որպես ոչ բարձր վտանգավորություն ունեցող, ապա քրեաիրավական միջոցներով դրա դեմ պայքարը դառնում է անիմաստ, քրեական օրենքը չի կատարում իր կանխարգելիչ գործառույթը, իսկ իրավապահ մարմիններն էլ իզուր ծանրաբեռնվում են: Ապաքրեականացման համար կարեւոր չափանիշ են հանդիսացել ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը: Պայմանավորված այդ իրավական ակտերով այս կամ այն արարքի համար քրեական պատասխանատվության թույլատրելի լինելու հանգամանքով` համապատասխան արարքները ապաքրեականացվել են: Ապաքրեականացումը թույլ կտա տնտեսել քրեաիրավական հարկադրանքը, որը ներկայումս ամբողջ աշխարհում արդիական խնդիր է:

Նույն գործերը հաշվի առնելով իրականացվել է նաեւ քրեականացում: Քրեականացումը պայմանավորված է նաեւ հետեւյալ հանգամանքներով. միջազգային պարտավորություններ, գլոբալ գործընթացներ, գիտատեխնիկական առաջընթաց (մասնավորապես` կիբեռհանցավորություն, գենետիկայի, բժշկագիտության բնագավառում ներկայումս տարածում ստացող հանրավտանգ արարքներ եւ այլն): Քրեականացումը պայմանավորված է նաեւ հանրավտանգ արարքների այնպիսի նոր դրսեւորումներով կամ դրանց հնարավորությամբ, որոնք հասարակական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների հետեւանք են: Բացի այդ, քրեականացում իրականացնելիս հաշվի են առնվել նաեւ համանման հանրային վտանգավորություն ունեցող արարքների արդեն իսկ քրեականացված լինելու փաստը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Քրեականացման համար կարեւոր չափանիշ է նաեւ դատական պրակտիկան:

5) լուծվել են քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքի որակման հարցերը.

6) սահմանվել է քրեական պատասխանատվության իրավաբանական անձանց կողմից որոշակի խումբ հանցանքներ կատարելու համար: Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը սահմանելը անհրաժեշտ է հետեւյալ պատճառներով:

ՀՀ կողմից վավերացրած միջազգային կոնվենցիաները պահանջում են կոռուպցիոն հանցագործությունների դեպքում ունենալ իրավաբանական անձի պատասխանատվության արդյունավետ մեխանիզմներ: Թեեւ այս կոնվենցիաներով չի պահանջվում անպայման նախատեսել քրեական պատասխանատվություն, բայց քրեական պատասխանատվությունը արդյունավետ է մի քանի նկատառումներով:

Այսպես, նախ` այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանա քաղաքացիական կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում նախատեսել կոռուպցիոն հանցագործություններ/ իրավախախտումներ եւ դրանց համար սահմանել սանկցիաներ: Հանցավոր արարքները պետք է սահմանվեն քրեական օրենսգրքով: Երկրորդ` քրեական պատասխանատվություն նախատեսելը թույլ է տալիս կատարվածին համապատասխան սանկցիաների նախատեսում ու կիրառում: Երրորդ` քրեական պատասխանատվությունը նշանակում է, որ գործի քննությունն իրականացվելու է քրեադատավարական կարգով, ինչը իրավունքների պաշտպանության ավելի արդյունավետ երաշխիքներ է նախատեսում:

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն սահմանված է այնպիսի երկրներում, ինչպես օրինակ` Ավստրիա, Խորվաթիա, Հունգարիա, Սլովենիա, Չեխիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, ՆՀՀ Մակեդոնիա, Սլովենիա, Սերբիա, Ուրկաինա:

Նախագծում ամրագրվել է, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը չի բացառում նաեւ ֆիզիկական անձի պատասխանատվությունը նույն արարքի համար, եւ հակառակը` ֆիզիկական անձի պատասխանատվությունը միաժամանակ չի բացառում նաեւ իրավաբանական անձի պատասխանատվությունը: Սահմանվել են այն հանցանքները, որոնք կատարելու դեպքում իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության, ինչպես նաեւ իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցները:

7) վերացվել է ռեցիդիվի տարբեր տեսակների դասակարգումը: Ռեցիդիվը պարզապես նախատեսվել է որպես պատիժը ծանրացնող հանգամանք` պատժի պարտադիր խստացում նախատեսելով միայն այն դեպքում, երբ անձը նախկինում ազատազրկման ձեւով պատիժ է կրել եւ դատվածությունը դեռեւս չհանված կամ չմարած կատարել է այնպիսի դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման:

8) Ներկայումս ռեցիդիվը տեսակների է դասակարգվում` ըստ կատարված հանցանքի ծանրության: Ընդ որում, դասակարգման հիմքում ոչ մի հստակ տրամաբանություն չկա: Չկա նաեւ միասնական չափանիչ, դասակարգումը խրթին է եւ անիմաստ: Ընդհանուր առմամբ, ռեցիդիվը տեսակների դասակարգելը որեւէ գործնական օգուտ չի տալիս, ուստի շատ երկրների օրենսդրություններում ռեցիդիվի դասակարգում չի իրականացվում, իսկ որոշ երկրներում կապված պատիժ նշանակելու առանձահատոկությունների հետ` այդ դասակարգումն իրականացվում է անուղղակի ձեւով: Հետեւաբար, ռեցիդիվը պետք է պարզապես նախատեսել որպես պատիժը ծանրացնող հանգամանք:

9) կատարելագործվել եւ հստակ չափանիշներ է նախատեսվել մեղսունակության, սահմանափակ մեղսունակության, ինչպես նաեւ հարբածության վիճակում հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության ինստիտուտների կապակցությամբ.

10) հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության առանձնահատկությունները եւ պատիժների համակարգը, իսկ որոշ դեպքերում այդ նորմերի կիրառումը տարածելի է նաեւ քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ: Տվյալ կատերգորիայի անձանց նկատմամբ քրեաիրավական ներգործության հիմնական տեսակներ, ըստ առաջնայնության, պետք է համարել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները, պայմանական դատապարտումը եւ պատիժը: Ընդ որում, ներգործության այս կամ այն միջոցի ընտրության հիմքում նախեւառաջ պետք է դրվեն անչափահասի անձը բնութագրող բարոյահոգեբանական, ֆիզիոլագիական, սոցիալ-դերային առանձնահատկությունները, այլ ոչ թե օբյեկտիվ հանգամանքները` hանցագործության տեսակը, պատճառված վնասի չափը եւ այլն: Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում անչափահասների նկատմամբ, ըստ էության, կիրառվում է միայն որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակը: Այս առումով, անհրաժեշտ է ընդլայնել անչափահասների նկատմամբ կիրառվող պատիժների շրջանակը: Անհրաժեշտ է նաեւ ընդլայնել անչափահասների նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու պրակտիկան: Հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները` նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները պետք է առաջին հերթին նպատակաուղղված լինեն նրանց դաստիարակությանը եւ ուղղմանը, նրանց բացասական ազդեցությունից պաշտպանելուն, այլ ոչ թե պատժելուն:

Ուստի, հաշվի առնելով անչափահասների տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաեւ նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր, բարոյական եւ սոցիալական բնականոն զարգացումը ապահովելու, նրանց դաստիարակելու եւ այլ անձանց բացասական ազդեցությունից պաշտպանելու նպատակով` Նախագծում ըստ տարիքային խմբերի սահմանվել է անչափահասների նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունները: Այսպես, նախատեսվել է, որ մինչեւ տասնվեց տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն եւ առավելագույն ժամկետը կամ չափը չեն կարող գերազանցել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի առավելագույն եւ նվազագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը: Տասնվեցից մինչեւ տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն եւ առավելագույն ժամկետը կամ չափը կրճատվում են մեկ երկրորդով: Կարճաժամկետ ազատազրկումը անչափահասի նկատմամբ նշանակվում է միայն այն դեպքում, երբ ավելի մեղմ պատժատեսակը չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը, իսկ ազատազրկումը` երբ ոչ մի այլ միջոց չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:

Միաժամանակ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տասնութից քսանմեկ տարեկան անձինք, պայմանավորված իրենց հասունացման, հոգեկան զարգացման աստիճանով, այլ անձանց ազդեցությանը ենթարկվելու հակումով ավելի շատ նմանություններ ունեն անչափահասների հետ` անկախ փաստացի տարիքից, նախատեսվել են նաեւ նրանց նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկություններ: Նշված առանձնահատկությունները կիրառելիս հաշվի են առնվելու նաեւ վերջիիներիս առողջության վիճակը, կյանքի եւ դաստիարակության պայմանները:

Բացի այդ, անչափահասը (հանցագործության պահին տասնչորս տարին լրացած, սակայն տասնութ տարին չլրացած անձը) կամ քսանմեկ տարին չլրացած անձն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու համար մեղադրվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով: Համապատասխանաբար, մինչեւ տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս վաղեմության ժամկետները կրճատվելու են կիսով չափ, իսկ տասնութից մինչեւ քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձանց դեպքում` մեկ երրորդի չափով:

11) նախատեսվել են փաստական սխալի տարբեր իրավիճակները եւ արարքի որակման առանձնահատկությունները.

12) հստակ չափանիշներ են մշակվել հանցագործության փուլերը միմյանցից սահմանազատելու, ավարտման պահը որոշելու համար.

13) վերանայվել է հանցակցության ինստիտուտը եւ գործնականում առաջացող պրակտիկ խնդիրներին տրվել է օրենսդրական լուծումներ.

14) ընդարձակվել է ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը, ինչպես նաեւ վերանայվել են պատժի նպատակները.

15) նախատեսվել են քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները հաշվի առնելու հստակ կանոններ.

16) նախատեսվել է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի ու պայմանների սպառիչ եւ մանրակրկիտ կանոնակարգում.

17) հստակեցվել եւ կատարելագործվել է պատժից ազատելու ինստիտուտը, մասնավորապես` պատիժը պայմանականորեն չկիրառելը, վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը եւ այլ ինստիտուտների գործնական կիրառման համար հստակ չափանիշներ են նախատեսվել.

18) սահմանվել է անվտանգության միջոցների եւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների համակարգը: Օրենսգիրքը չի նախատեսում անվտանգության միջոցների կիրառման հնարավորությունը, որոնք, սակայն ներկայումս արդյունավետորեն գործում են բազմաթիվ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Ի տարբերություն պատժի, այս միջոցների նպատակը ոչ թե հանցանք կատարած անձի ուղղումը կամ սոցիալական արդարության վերականգնումն է, այլ քրեական օրենսգրքով սահմանված արարք կատարած անձի «վտանգավոր վիճակի» չեզոքացումը, հնարավոր հանցավոր արարքների կանխումը, անձի վերասոցիալականացումը: Նման միջոցների շարքին են դասվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը եւ հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը: Անվտանգության միջոցները կարող են կիրառվել ինչպես պատժի հետ զուգակցված, այնպես էլ առանց պատժի հետ զուգակցելու` որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում` անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

Նախագծով հստակեցվել է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է նշանակվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց: Այսպես, դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, ով`


Հստակեցվել են նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կոնկրետ տեսակների նշանակման հիմքերը, ինչպես նաեւ այդպիսի միջոցների նշանակման, փոփոխման, դադարեցման վերաբերյալ դրույթները:

Որոշակի վայրեր այցելելու արգելքը նույնպես արդյունավետ միջոց է, որը կարող է դրսեւորվել , օրինակ` սրճարաններ, ռեստորաններ, խաղասրահներ այցելելու արգելքով: Անվտանգության այս միջոցը կիրառվում է` նկատի ունենալով հանցավոր վարքագիծ դրսեւորած անձի հնարավոր նոր հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտությունը: Դա կարող է դրսեւորվել, օրինակ, խաղամոլության արդյունքում ձեւավորած պարտքից ազատվելու համար գողություն կատարած անձին խաղասրահ այցելելու արգելքով:

Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը առավելապես կիրառվում է բռնությամբ զուգորդված արարքներ կատարած անձանց նկատմամբ: Անվտանգության այս միջոցը պետք է կիրառվի, երբ դատարանը հանգի եզրակացության, որ անձի կողմից կատարված իրավախախտման պատճառ կամ նման վարքագծի դրսեւորմանը նպաստող գործոնները հանդիսանում են հանցանք կատարած անձի հոգեբանական բարդույթներն ու խանգարումները:

Նախագծի Հատուկ մասը կառուցվել է հետեւյալ սկզբունքային դրույթների վրա.

19) Հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, ինպես նաեւ հանրային քննարկման արդյունքները` Նախագծում հափշտակությունների դեպքում հափշտակված գույքի նվազագույն չափ չի սահմանվել:

20) քրեաիրավական ներգործության մեղմացումը պետք է կշռադատված եւ իրավաբանորեն հիմնավորված ու արդարացված լինի: Այն չպետք է առաջացնի քրեական օրենքի պահպանական եւ կարգավորիչ գործառույթների անհիմն թուլացում.

21) վերականգնողական արդարադատությունը չի կարող միանշանակորեն ենթադրել քրեական սանկցիաների մեղմացում: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել համապատասխան սանկցիաների համաչափությունը եւ հիմնավորվածությունը` հիմք ընդունելով հանցագործություններից առավել վտանգավորի համար նախատեսված պատժատեսակներն ու պատժաչափերը.

22) ապաքրեականացումը միայն որոշակի հանցակազմերով իրավակիրառական պրակտիկայի բացակայության պատճառով անթույլատրելի է.

23) ժամանակակից պահանջներին համապատասխանող քրեական օրենքը պետք է առավելագույնս հիմնված լինի իրավակիրառական պրակտիկայի պահանջմունքների վրա: Այդ իմաստով անհրաժեշտ է նախատեսել հանցանքների եւ քաղաքացիական իրավախախտումների, ինչպես նաեւ հանցանքների եւ վարչաիրավական խախտումների սահմանազատման հստակ չափանիշներ.

24) Նախագծի գործողության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է բացառել բոլոր այն դեպքերը, երբ ընդհանուր բնույթի հանցագործությունները նախատեսված են որպես հատուկ օբյեկտների դեմ ուղղված հանցագործությունների հանցակազմի հատկանիշ կամ ծանրացնող հանգամանք (օրինակ` հասարակական, քաղաքական կամ պետական գործչի սպանությունը նախատեսված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում).

25) բացառել որպես ծանրացնող հանգամանք նախատեսել այլ հանցագործության հետ զուգորդված լինելու հանգամանքը.

26) Հստակեցնել եւ պարզեցնել Նախագծի Հատուկ մասի կառուցվածք

27) Նախագծի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Հաշվի առնելով ՀՀ-ում առաջիկայում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող հանցագործությունների բնույթը եւ կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը` Նախագծի հավելվածվում նախատեսվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի N 137-Ա հրամանով ստեղծված ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի եւ Արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 մայիսի 2020 թվականի N 788 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

27 մայիսի 2020 թվականի N 626 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 27
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը:

Օրենսգրքի նախագծին կից ներկայացվում են օրենսգրքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 788-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ