Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-59811-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլուխ  1

Ընդհանուր դրույթներ




Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացման հիմունքները եւ կանոնակարգում անշարժ գույքի գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հոդված  2. Օրենքի  գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

Եթե Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված են անշարժ գույքի գնա՟հատման այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են մասնավորեցման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերը:

Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լիազոր պետական մարմնի կողմից անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1. Անշարժ գույքի կադաստրային գնահատում` անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային գնի որոշումն է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :

2. Անշարժ գույքի գնահատում` անշարժ գույքի շուկայական արժեքի որոշմանը  նպատակաուղղված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողությունների ամբողջություն է համապատասխան վճարի դիմաց:

3. Անշարժ գույքի շուկայական գին` անշարժ գույքի շուկայում կողմերի միջեւ գործարքի արդյունքում ձեւավորված գինն է:

4. Անշարժ գույքի շուկայական արժեք` բաց եւ մրցակցային շուկայում, սեփականություն հանդիսացող անշարժ գույքի  վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի բոլոր պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, անշարժ գույքի  վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից` անշարժ գույքի գնահատմամբ:

5. Լիազոր մարմին՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորելու եւ վերահսկելու, անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորում իրականացնող լիազորված պետական մարմին :

6. Գնահատման uտանդարտ` կառավարության կողմից սահմանված, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր եւ բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաuտաթուղթ է:

Հոդված 5. Անշարժ գույքի գնահատման գործունեության սուբյեկտները

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիա-իրավական հարաբերությունների սուբյեկտները:

Հոդված 6. Անշարժ գույքի գնահատման օբյեկտները

Սույն օրենքի իմաստով անշարժ գույքի գնահատման օբյեկտներ են համարվում անշարժ գույքը՝ հողամասը, շենքն ու շինությունը, այդ թվում հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտները, ինչպես նաեւ դրանց նկատմամբ օգտագործման, կառուցապատման եւ այլ գույքային իրավունքները:

Հոդված 7. Անշարժ գույքի գնահատման ստանդարտն ու դրա կիրառումը

1. Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը (այսուհետ` գնահատման ստանդարտ), ինչպես նաեւ գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտների ու վարքագծի կանոնների հիման վրա, որի կիրառումը պարտադիր է  անշարժ գույքի գնահատողների կողմից:

2. Գնահատման ստանդարտը պետք է պարունակի.

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանակական եւ որակական բնութագրերը,

2) անշարժ գույքի գնահատման մեթոդները,

3) անշարժ գույքի գնահատման արդյունքների ձեւակերպման նկատմամբ պահանջները,

4) հղումները այլ նորմատիվ իրավական ակտերին,

5) անշարժ գույքի գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները:

Հոդված 8. Անշարժ գույքի գնահատման պարտադիր  դեպքեր

Անշարժ գույքի գնահատումը պարտադիր է.

1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման եւ պետական կամ համայնքնային հողերի օտարման դեպքերի,

2. անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,

3. անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում,

4. անշարժ գույքի բռնագանձման հետեւանքով իրացման դեպքերում,

5. Հայաստանի Հանրապե՟տութ՟յան օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Գլուխ  2

Անշարժ գույքի գնահատման գործունեության կազմակերպումը

Հոդված 9. Անշարժ գույքի գնահատման գործունեության կազմակերպումը եւ իրականացումը

1. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը իրականացվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման լիցենզիայի առկայության դեպքում :

2. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա:

3. Անշարժ գույքի գնահատման պատվերի իրականացման իրավական հիմք է հանդիսանում անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջեւ Հայաստանի Հանրապե՟՟տության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):

4. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն անշարժ գույքի գնահատման պատվերն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր:

5. Անշարժ գույքի գնահատումը լիցենզավորված գործունեություն է : Արգելվում է անշարժ գույքի գնահատման գործունեության կազմակերպումն ու իրականացումն առանց լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված անշարժ գույքի գնահատման լիցենզիայի առկայության:

Հոդված 10. Պայմանագրի պարտադիր պայմանները

1.  Պայմանագիրը կնքվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.  Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ.

1) գնահատման գործունեություն իրականացնող անձին տրված լիցենզիայի գործողության ժամկետի, հերթական համարի,

2) գնահատվող անշարժ գույքի անվանման, նպատակային եւ գործառնական նշանակության,

3) անշարժ գույքի գնահատման նպատակի,

4) անշարժ գույքի գնահատման ամսաթվի եւ տարեթվի,

5) անշարժ գույքի գնահատման դիմաց վճարի չափի վերաբերյալ,

3.  Պայմանագիրը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ:

Հոդված 11. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները

1. Անշարժ գույքի գնահատման արդյունքները ձեւակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով` գնահատման հաշվետվությամբ:

2. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի.

1) անշարժ գույքի գնահատման սուբյեկտների անվանումները, իրավաբանական հասցեները,

2) անշարժ գույքի գնահատման եւ տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը,

3) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման հղումները գնահատման ստանդարտին, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` դրանց հիմնավոր պատճառաբանությունը,

4) գնահատվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները,

5) գնահատվող անշարժ գույքի ելակետային տվյալները, դրանց հավաստիության աղբյուրները,

6) անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը,

7) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման արդյունքում ստացված շուկայական արժեքների եւ դրանց  համաձայնեցման արդյունքում ձեւավորված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահաշվարկները, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` կիրառված դասական մեթոդ(ներ)ի արդյունքում ստացված եւ ձեւավորված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահաշվարկները,

8) անշարժ գույքի գնահատման տվյալների առեւտրային գաղտնիության պայմանները,

9) անշարժ գույքի լավագույն եւ առավել արդյունավետ օգտագործման վերլուծությունը,

10) անշարժ գույքի գնահատման համար օգտագործված փաստաթղթերի ցանկը,

11) պատվիրատուի եւ երրորդ անձանց առջեւ՝ գնահատողի պատասխանատվությունը,

12) անշարժ գույքի գնահատողի անունը, ազգանունը, ստորագրությունը, որակավորման վկայականի համարը,

3. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունում չեն թույլատրվում.

1) անշարժ գույքի գնահատման միայն մեկ մեթոդի կիրառմամբ ձեւավորել անշարժ գույքի շուկայական գին,

2) անշարժ գույքի գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ եւ եզրակացություններ,

3) հրապարակել տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն  հանդիսանում են առեւտրային գաղտնիք,

4) անշարժ գույքի գնահատմամբ որոշված շուկայական գինը չարտահայտել համարժեք դրամով:

4. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ եւ կնիքով, լիցենզիայի համարի նշագրումով, ինչպես նաեւ նշվում է թերթերի քանակը, հաշվետվության յուրաքանչյուր տպագրված եւ համարակալված թերթը ստորագրվում է գնահատողի կողմից:

5. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները սահմանվում են գնահատման ստանդարտով :

Հոդված 12. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը որպես անշարժ գույքի շուկայական գնի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթուղթ

1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) փաստաթուղթ է, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատմամբ (տվյալ օրվա դրությամբ) որոշված անշարժ գույքի շուկայական գնի վերաբերյալ:

2. Հաշվետվությունը կարող է օգտագործվել անշարժ գույքի նկատմամբ օտարման, վարձակալման եւ այլ գործարքներ իրականացնելիս, ինչպես նաեւ անշարժ գույքի նկատմամբ որոշում՟ներ կայացնելիս, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե լիազոր մարմնի որոշմամբ տվյալ հաշվետվության նկատմամբ վերագնահատման պահանջ չի ներկայացվել:

3. Գնահատման (վերագնահատման) արդյունքները կարող են հիմք հանդիսանալ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլելու եւ վերջինիս հետ կապված համապատասխան ձեւակերպումների իրականացման համար:

Հոդված 13. Հաշվետվության տվյալների վիճահարույց լինելը

Հաշվետվության տվյալների, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայական գնի արժանահավատության խնդիրները կարող են պարզաբանվել լիազոր մարմնին ուղղված անշարժ գույքի գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:

Հոդված 14. Անշարժ գույքի գնահատողի անկախությունը

Անշարժ գույքի գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողը անկախ է եւ անշարժ գույքի գնահատումն իրականացնում է սույն օրենքին, գնահատման ստանդարտին եւ Հայաս՟՟տանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները

1.  Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն.

1) կիրառելու անշարժ գույքի գնահատման ինքնուրույն մեթոդներ` գնահատման ստանդարտին համապատասխան,

2)  գնահատման ընթացքում անշարժ գույքի գնահատման պատվիրատուից պահանջել անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյամբ սահմանված կարգով պետական եւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի շուկայական գնի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում` նշել այդ մասին հաշվետվությունում,

3) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվության չտրա՟մադրման եւ պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպ՟քում հրաժարվել անշարժ գույքի գնահատման իրականացումից,

4) Հայաս՟տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել  գնահատման համար ելակետային տվյալներ եւ այլ տեղեկատվություն, այդ թվում հարցում կատարել` երրորդ անձանցից տեղեկատվության ստացման համար,

5) մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին,

6) լիազոր մարմնի կողմից ընդունած անշարժ գույքի գնահատման իր գործունեության մասին որոշումները բողոքարկել դատական կարգով :

7) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունք՟ներից :

2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են.

1) անշարժ գույքի գնահատումն իրականացնել սույն օրենքով, գնահատման ստանդարտով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ, կնիքով եւ ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարում,

3) անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի եւ որակավորման վկայականի բնօրինակները պահպանել խնամքով եւ լիցենզիան փակցնել պատվիրատուների համար տեսանելի տեղում,

4) պահպանել անշարժ գույքի գնահատման ընթացքում պատվիրատուից եւ երրորդ անձանցից ստացված փաստաթղթերը, հաշվետվությունների կրկնօրինակների հետ միասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետի ընթացքում,

5) պատվիրատուներից բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, հաշվետվությունների պատճեները կամ դրանցում առկա անշարժ գույքի շուկայական գնի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել համապատասխան մարմիններին,

6) մասնակցել անշարժ գույքի գնահատման մասնագիտական վերաորակավորման  դասընթացներին` առնվազն երեք տարին մեկ անգամ :

Հոդված 16. Պատվիրատուի  իրավունքներն ու պարտականությունները

1.  Պատվիրատուն իրավունք ունի`

1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջել` ցույց տալ անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի եւ մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակները,

2) ինքնուրույն ընտրել անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց,

3) անշարժ գույքի գնահատման արժանահավատությունը բողոքարկել լիազոր մարմնում կամ վիճարկել դատական մարմնում,

4) պահանջել անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում,

5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Պատվիրատուն պարտավոր է`

1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց պատվիրել Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի գնահատման իրականացում,

2) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց տրամադրել անշարժ գույքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ հավաստի տեղեկություններ,

3) չխոչընդոտել եւ չմիջամտել անշարժ գույքի գնահատման գործընթացին,

4) պատշաճ կերպով կատարել իր պայմանագրային պարտավորությունները,

5) կրել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:

Հոդված 17. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձին ներկայացվող պարտադիր պահանջներն ու սահմանափակումները

1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը, պատվիրատուի պահանջի դեպքում, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր հաշվին ապահովագրել պատվիրատուին հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ անշարժ գույքի գնահատման մասնագիտական կոպիտ խախտումների պատճառով անշարժ գույքի  թերագնահատման կամ գերագնահատման արդյունքում:

2. Անշարժ գույքի գնահատման գործունեությու ն իրականացնող անձը կրում է լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատման գործունեության կասեցման պատճառով պայմանագրային այլ պարտավորությունների չկատարման հետեւանքով առաջացած վնասի պատասխանատվությունը:

3. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձն իրավունք չունի իրականացնել սույն օրեն՟քի 8-րդ հոդվածում նշված անշարժ գույքի գնահատություն, եթե հանդիսանում է տվյալ անշարժ գույքի հիմնադիր մասնակից կամ բաժնետեր, ինչպես նաեւ դրա նկատմամբ ունի գույքային այլ պարտավորություններ կամ պահանջներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանա՟փակման խախտումը անշարժ գույքի գնահատման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է, իսկ իրականացված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը իրավական հիմք չունի:

5. Անշարժ գույքի գնահատման գործընթացին պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից միջամտելու դեպքում, որի հետեւանքով կարող է թերագնահատվել կամ գերագնահատվել անշարժ գույքի շուկայական գինը, հանգեցնում է պատվիրատուի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծմանը եւ այդ պահի դրությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից կատարված ծախսերի հատուցմանը` պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից :

Հոդված 18. Անշարժ գույքի գնահատման դիմաց վճարովիությունը

1. Անշարժ գույքի գնահատման դիմաց վճարման չափը եւ այլ պայմանները որոշվում են անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացնող անձանց եւ պատվիրատուի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով:

2. Անշարժ գույքի գնահատման դիմաց վճարի չափը չի կարող պայմանավորված լինել տվյալ անշարժ գույքի գնահատման ընթացքում որոշվող շուկայական գնի ընդհանուր մեծությունից:

Հոդված 19. Անշարժ գույքի գնահատման  լիցենզավորումը

1. Անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզավորումը իրականացվում է լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :

2. Անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիազոր մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կազմի մեջ մտնում են լիազոր մարմնի եւ լիցենզավորված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց ներկայացուցիչները  (գնահատողները) իրենց համաձայնությամբ:

3. Լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը :

Գլուխ 3

Անշարժ գույքի գնահատման գործունեության կարգավորումը

Հոդված 20. Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման կազմակերպումն ու իրականացումը

1. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում եւ իրականացնում է լիազոր մարմինը որակավորման քննությունների միջոցով :

2. Որակավորման քննություններն ընդունվում են լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, որի կազմի մեջ մտնում են լիազոր մարմնի եւ լիցենզավորված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց ներկայացուցիչները իրենց համաձայնությամբ:

3. Որակավորման անցկացման կարգը, հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը :

4. Որակավորման հանձնաժողովը լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում անշարժ գույքի գնահատողին մասնագիտական որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

5. Անշարժ գույքի գնահատողի որակավորումն (վերավորակավորումն) իրականացվում է երեք տարին մեկ անգամ :

6. Անշարժ գույքի գնահատողների որակավորման քննություններին մասնակցելու նպատակով գնահատողը մասնակցում է որակավորման դասընթացներին, որը կազմակերպվում է լիազոր մարմնի կողմից` հավատարմագրված ուսումնական հաստատությունների ներգրավմամբ եւ դասընթացների մասնակիցների միջոցների հաշվին :

7. Դասընթացներն ավարտած մասնակիցներին տրամադրվում է փաստաթուղթ, որի ձեւը սահմանում է լիազոր մարմինը :

8. Անշարժ գույքի գնահատողի որակավորում եւ անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա ունեցող անձանց անվանացանկերը, յուրաքանչյուր տարի, հրապարակվում է մամուլում :

Հոդված 21. Վկայականի ժամկետը

1. Վկայականը տրվում է երեք տարի ժամկետով:

2. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու եւ այլն) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` վկայականի կրկնօրինակը ստանալու համար :

3. Լիազորված մարմինը պարտավոր է վկա՟յա՟կանի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

4. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է դիմել լիազոր մարմին վկայականի վերաձեւակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

6. Վկայականի վերաձեւակերպումն իրականացվում է լիազոր մարմնում գնահատողի դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

Հոդված 22. Վկայականի գործողության դադարեցումը

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ այն դեպքում, երբ մասնագիտական որակավորում ունեցող գնահատողը ներկայացրել է կեղծ փաս՟տա՟թղ՟թե՟ր, ինչպես նաեւ նրա վերաբերյալ առկա է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ,

2. Սույն հոդվածով նախատեսված հիմ՟քերով վկայականի գործողության դադարեցման դեպքում ֆիզիկական անձին թույլատրվում է մասնակցել մասնագիտական որակավորման քննության` որակավորման նոր դասընթացներին մասնակցելուց հետո:

Հոդված 23. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող լիազոր մարմինը

1. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը :

2. Լիազոր մարմինը.

1) հաստատում է անշարժ գույքի գնահատողների լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը,

2) հաստատում է անշարժ գույքի գնահատողների որակավորման անցկացման կարգը, հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը,

3) հաստատում է որակավորման վկայականի  եւ դասընթացի մասնակցի փաստաթղթի ձեւերը,

4) որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում եւ անց է կացնում անշարժ գույքի գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները,

5) հավատարմագրված ուսումնական հաստատությունների միջոցով կազմակերպում եւ անց է կացնում գնահատողների որակավորման դասընթացները,

6) ընդունում է որոշումներ վկայականի տրամադրման, վերաձեւակերպելու եւ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ,

7) լիցենզավորող հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն՝ անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացնող անձանց կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում.

ա) շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջում է հաշվետվություններ,

բ) կատարում է անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որի արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ,

գ) կասեցնում է անշարժ գույքի գնահատման գործունեությունը եւ պահանջ է դնում անշարժ գույքի լիցենզիայի կասեցումից հետո տվյալ անշարժ գույքի կրկնական գնահատման իրականացման :

8) յուրաքանչյուր տարի մամուլում  հրապարակում է անշարժ գույքի գնահատողի որակավորում եւ անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա ունեցող անձանց անվանացանկերը,

9) իրականացնում է անշարժ գույքի գնահատմանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Գլուխ 5

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Հոդված 24. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջները խախտելու համար անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք, անշարժ գույքի գնահատողները եւ անշարժ գույքի գնահատման գործունեության պատվիրատուները պատասխանատվություն են կրում սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գլուխ 6

Անցումային դրույթներ

Հոդված 25. Անցումային դրույթներ

Սույն օրենքով անշարժ գույքի գնահատողների վերաորակավորումը կազմակերպվում եւ իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո:
 


Գլուխ 7

Եզրափակիչ դրույթներ

Հոդված 26. Եզրափակիչ դրույթներ
 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Անշարժ  գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Անշարժ գույքի գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է.

1. ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2141-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2003 թվականի գործունեության ծրագրի» 280-րդ կետի հանձնարարականի՝ կատարումն ապահովելու նպատակով,

2. Հայաստանի Հանրապետությունում.

- անշարժ գույքի գնահատման գործունեության հարաբերությունները կարգավորելու,

- անշարժ գույքի գնահատողների, պատվիրատուների եւ պետական մարմինների փոխհարաբերությունները կանոնակարգելու,

- անշարժ գույքի գնահատողների եւ պատվիրատուների շահերի պաշտպանությունը, գնահատողների անաչառությունն ու անկախությունն ապահովելու,

- անշարժ գույքի գնահատման պատվերներին եւ հաշվետվություններին ներկայացվող պարտադիր պահանջները  կանոնակարգելու,

3. նահատման օբյեկտների պարտադիր գնահատման իրականացումն ապահովելու նպատակներով, այդ թվում.

- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման եւ պետական կամ համայնքնային հողերի օտարման դեպքերի, 

- անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,

- անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում,

- անշարժ գույքի բռնագանձման հետեւանքով իրացման դեպքերում,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսության շուկայական հարաբերությունների հեռանկարային զարգացումն ապահովելու, մասնավորապես, անշարժ գույքի գնահատման բնագավառում պետական եւ մասնավոր հատվածի գործառույթներն տարանջատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորելու եւ վերահսկելու, անշարժ գույքի գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ «Անշարժ գույքի գնահատման» ՀՀ ստանդարտները կիրարկելու նպատակներով: