Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-5541-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածում`

1. 2-րդ մասում «իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված» բառերը փոխարինել «որոշակի» բառերոով.

2. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սպառողը գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում` սպառողն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա: Սպառողն իրավունք ունի նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալու կրեդիտավորողի տարածքում` առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով եւ առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:».

3. լրացնել նոր 3.1-ին մաս.

«3.1. Սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության դեպքում: Արտակարգ կամ ռազմական դրության դեպքում կրեդիտավորողն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (դրա առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր սպառողների կամ սպառողների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին սպառողի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի սահմանված միջոցներով ու ժամկետներում:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող 3.1-ին մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին: