Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-621-18.05.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին»  2010 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ՝ մեկուսացման նպաստ):

Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) մեկուսացման:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1 Վարձու աշխատողին տրվող մեկուսացման նպաստը

Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) մեկուսացման:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.

«Հոդված 21.1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մեկուսացման նպաստը

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:»:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ):»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում ներառվում է վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է նոր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, լրացնել նոր իրավիճակով պայմանավորված օրենսդրական բացը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները, նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Միեւնույն ժամանակ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն, պայմանավորված եկամուտի աղբյուրի կորստի վտանգով:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Օրենսդրական կարգավորումը նպատակ ունի, ինչպես էապես բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը, այնպես էլ աջակցել հակահամաճարակային միջոցառումներին: Պայմանավորված նոր կորոնավիրուսի պայմաններում բնակչության սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ նման կարգավորումներ ներդրվել են նաեւ եվրոպական մի շարք երկրներում:

4. Ակնկալվող արդյունքը. Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար կավելանա ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հասանելիությունը:  


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա կառավարության որոշումների ընդունման անհրաժեշտություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ եմ ներկայացնում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագիծը:

Կից ներկայացվում են նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքում փոփոխվող հոդվածների եւ այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին տեղեկանքները:

Խնդրում եմ նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝    ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ