Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6091-08.05.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 1247 -րդ հոդվածի վերնագրում  եւ նույն հոդվածի 1-ին մասում «տուրքը» բառը փոխարինել «վճար» բառով:

2. Օրենսգրքի 1247 -րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.

 «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանք կարող է նշանակվել ամսական առավելագույնը չորս անգամ:

Ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2019 թվականի մարտի 22-ի թիվ ՎԴ/0150/05/16 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ: Ուստի Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու կանոնը չի կարող կիրառվել, քանի որ վերջինս հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի, այն է` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին»:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանելու ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ, ինչը կլուծի նաեւ վերոնշյալ խնդիրը` օրենքի մակարդակով ամրագրելով սույն գործերով իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է նաեւ սույն գործերով վարչական վարույթի փուլերը:
Վերոնշյալ նախագիծը նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում  է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նաեւ հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում` նաեւ գոտիավորման սկզբունքով:
 
 

07 մայիսի 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

-օրենքների նախագծերի փաթեթը,

-օրենքների նախագծերի հիմնավորումը,

-գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը

-հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյան

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ պատգամավորներ `

Սիսակ Գաբրիելյան
Արուսյակ Ջուլհակյան
Սոնա Ղազարյան