Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-576-17.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 212-րդ հոդվածում լրացնել նոր` 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասեր.

«5. Սննդամթերք արտադրող կամ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը:

Սահմանադրության վերոհիշյալ դրույթից ակնհայտ է, որ պետության քաղաքականության գերակա նպատակներից պետք է հանդիսանա սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ընդ որում` այդպիսի պաշտպանությունն ապահովելու համար իրավակարգավորումներ մշակելիս անհրաժեշտ է նախ եւ առաջ կարեւորել ու համապատասխան իրավակարգավորումների նախատեսմամբ բացառել սպառողների իրավունքները խախտող հատկապես այն գործողությունները, որոնք պարունակում են առավել մեծ հանրային վտանգավորություն, այդ թվում` սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը:

Նշվածի համատեքստում, սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված օրենսդրության ուսումնասիրությունից պարզվել է, որ ներկայիս իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության սպառողներն անհրաժեշտ չափով պաշտպանված չեն կեղծված սննդամթերքի (տվյալ հասկացության բովանդակությունը տե՛ս «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում) արտադրման եւ/կամ իրացման դեպքերից, քանի որ այդպիսի արարքի գիտակցված կատարող անձանց համար պիտանի ու համաչափ պատասխանատվության միջոցներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն:

Այսպիսով, հաշվի առնելով մի կողմից` կեղծված սննդամթերք արտադրող եւ/կամ իրացնող անձանց համար համաչափ, պիտանի ու անհրաժեշտ պատասխանատվության միջոցների բացակայությունը, մյուս կողմից` սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության ոչ բարձր մակարդակը կեղծված սննդամթերքի արտադրման եւ/կամ իրացման գործողություններ կատարող անձանց հանդեպ` ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` կեղծված սննդամթերքի գիտակցված կամ ակնհայտորեն գիտակցման ենթակա արտադրումը կամ իրացումը սահմանելով որպես հանցագործություն, եթե արարքի հեղինակն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար սննդամթերքի կեղծված լինելու մասին:

Առաջարկվող լրացումներով նախատեսվում է նվազեցնել կեղծված սննդամթերքի արտադրման եւ/կամ իրացման դեպքերի ծավալը, ինչպես նաեւ ապահովվում են այդպիսի գործողություններ կատարող անձանց համարժեք պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքեր:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 5 թերթ:

Հարգանքով`

Արթուր Դավթյան
Արփի Դավոյան
Սերգեյ Ատոմյան
Կորյուն Մկրտչյան