Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5672-15.04.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337  օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «Գյումրի եւ Վանաձոր համայնքներում» բառերը հանել, «տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.

«2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «Գյումրի եւ Վանաձոր» բառերը փոխարինել «ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ԱՎԱԳԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ, 73-րդ եւ 76-րդ  հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության
ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության «Գյումրու (Վանաձորի)» բառերը փոխարինել «(նշվում է համապատասխան համայնքի անվանումը)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 68-րդ եւ 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձեւավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով եւ շարունակում է պաշտոնավարել:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 181-րդ հոդվածի 1-ին մասի` ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Նշված սահմանադրական նորմի հիման վրա 25.05.2016թ. ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանվեցին համայնքի ավագանու երկու տարբեր ընտրակարգեր: Համամասնական ընտրակարգ, որը վերաբերում է միայն Երեւան քաղաքի եւ Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիներին, եւ մեծամասնական ընտրակարգ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր համայնքներին: Ընտրական օրենսգրքով, Գյումրի եւ Վանաձոր համայնքների ավագանիների մասով համամասնական ընտրակարգի անցումով պայմանավորված, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Մասնավորապես` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (նոր խմբագրությամբ) 5-րդ գլխով սահմանվեցին տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները Գյումրի եւ Վանաձոր համայնքներում: Վերը նշված գլխի շրջանակներում, ամրագրվեցին նաեւ համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է` համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 181-րդ հոդվածի 2-րդ մասի` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով:

Մինչդեռ Երեւան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրությունը սահմանվում է ՏԻՄ օրենքով եւ Երեւան քաղաքում ՏԻՄ օրենքով, ինչն ըստ էության օրենքի բաց է:

2. ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանվում են ՏԻՄ հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու եւ թեկնածուներ առաջադրելու եւ գրանցելու ժամկետները: Նաեւ սահմանվում է, որ քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Սակայն իրավակիրառական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ համայնքի դեռեւս պաշտոնավարող ղեկավարի պաշտոնավարման ընթացքում տվյալ համայնքում ԿԸՀ կողմից սահմանված օրերից որեւէ մեկի մոտավոր համապատասխանությամբ նշանակվում եւ անցկացվում  է համայնքի ղեկավարի ընտրություն: Արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը դեռեւս շարունակում է պաշտոնավարել, իսկ մեկ այլ անձ էլ ընտրվել է այդ պաշտոնում: Նպատակահարմար է վերանայել օրենքի նշված դրույթը եւ բացառել այդպիսի իրավիճակներն ու դրանցից բխող հետեւանքները: Նախագծով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ ընտրությունները նշանակվել են համայնքի ղեկավարի լիազորությունները լրանալուց հետո` կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, եւ համայնքի կառավարումը չի խաթարվի:

Իսկ ավագանու անդամների ընտրությունների օրը նշանակվելու է  վերջիններիս լիազորությունները լրանալուց առաջ առավել մոտ ԿԸՀ սահմանած ընտրությունների օրը:

1) Ներկայումս շատ համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու անդամների լիազորությունները չեն ավարտվել, սակայն ավագանու հետ միաժամանակ ընտրված համայնքի ղեկավարը չի պաշտոնավարում եւ համայնքի ղեկավարի արդեն 2-րդ, 3-րդ ընտրություններն են կազմակերպվել, ինչը ձեռնտու չէ ոչ ֆինանսապես, ոչ համայնքային հանրային տրամադրությունների տեսանկյունից: Համայնքներն ըստ էության հայտնվում են ընտրական տեւական շրջապտույտների մեջ, իրենց բոլոր բացասական հետեւանքներով արդյունավետ եւ համայնքի համար շահեկան տեղական ինքնակառավարման տեսակետից:

2) Բացի դրանից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ավագանու լիազորությունների ցանկում ներառված է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման ընդունման իրավասությունը, սակայն ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար համապատասխան մեխանիզմներ եւ ընթացակարգեր կան միայն  համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարների համար:

3) Երբ համայնքի ղեկավարը առաջադրվում է ավագանու կողմից, ներկայացնում է կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, նա առաջնորդվում  է ոչ թե անհատի կարծիքով, տեսակետով, այլ քաղաքական թիմի, որը ենթադրաբար առավել ծանրակշիռ եւ հանրայնորեն ընդունելի է:

Վերոգրյալը եւ բազմաթիվ այլ փաստարկներ հիմք են ծառայում, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրության նախընտրելի տարբերակ ընդունվի անուղղակի ընտրությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով

Ա) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանել`

- մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ.

- 4000 եւ ավելի ընտրող ունեցող եւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ.

2.  Համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների  քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը.

3.  համայնքների ավագանին բաղկացած է լինելու`

1) հինգ անդամից` մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքում.

 2) յոթ անդամից` 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում.

4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի եւ 11-ի փոխարեն).

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն)

6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում  (գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը  33  է).

7) 65 անդամից` Երեւան քաղաքում.

4.   Ընտրական գրավի չափը մեծամասնական ընտրության դեպքում` մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն եւ ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում, 500-ից մինչեւ ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից 4000  ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ (ըստ գործող օրենքի` մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքներում չի նախատեսվում, 500-1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավի փոխարեն):

Ընտրական գրավը համամասնական ընտրակարգի դեպքում` Երեւանի ավագանու դեպքում` նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավ, 25 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 1 000-ապատիկի չափով ընտրական գրավ, 10000-ից 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 500-ապատիկի չափով, մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում` 200-ապատիկի չափով ընտրական գրավ: (Գործող օրենքով` Երեւանի ավագանու դեպքում սահմանված է նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավ,Գյումրու եւ Վանաձորի ավագանիների դեպքում` 2 000-ապատիկի չափով ընտրական գրավ):
5. Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների նախնտրական հիմնադրամի դրույթները սահմանվել են գործող մինչեւ  2000  ընտրող ունեցող համայնքների  ղեկավարի եւ ավագանու անդամի համար սահմանված չափով:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում  նախընտրական հիմնադրամի համար սահմանվում է. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով մուծում, 25 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչեւ նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով մուծում, մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչեւ նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկի չափով մուծում: (Գործող կարգավորումները մնացել են նույնը Երեւանի ավագանու ընտրության դեպքում եւ 25000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների դեպքում սահմանվել են Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրության համապատասխան կարգավորումները):

6. Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 6 տոկոս գործող 8-ի փոխարեն եւ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած  3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն(կուսակցությունների դաշինք):

7. Առաջարկվում է անցումային եւ եզրափակիչ դրույթներում սահմանել. այն համայնքներում, որտեղ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվել են մեծամասնական կարգով, եւ որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե.

5. լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված եւ ձեւավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար.

6. լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ վերջինիս լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը` մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը:

Միաժամանակ, անցումային եւ եզրափակիչ դրույթներում սահմանվում է կարգավորում, համաձայն որի` սույն օրենքի կարգավորումների համաձայն 4000 եւ ավելի ընտրողներ ունեցող համայնքներում մեկ անգամ համամասնական ընտրություններ անցկացնելուց հետո, անկախ այդ համայնքների ընտրողների թվաքանակի նվազեցման հանգամանքից` հաջորդ բոլոր ընտրություններն անց են կացվելու համամասնական ընտրակարգով:

8. ՀՀ ընտրական օրենսգիրքը լրացնել նոր 7-րդ բաժնով եւ սահմանել համայնքի ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը.

9. Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը:

10. ՀՀ ընտրական օրենսգրքի անցումային դրույթներում նախատեսվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից Տարածքային կառավարման նախարարությունն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարելու է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան:

Բ) Առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Գ) Առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երեւանի քաղաքապետի ընտրության հետ կապված կարգավորումները  ճանաչել ուժը կորցրած եւ այդ կառուցակարգերը սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքով:

Դ) Առաջարկվում է լրացում կատարել գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում: Համաձայն վերը նշված լրացման, առաջարկվում է օրենքով սահմանել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու այն դեպքերը, երբ լրացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը, եւ հերթական ընտրության նշանակման օրը նախատեսված է այդ ժամկետի ավարտից հետո: Նման իրավիճակներում, նպատակ ունենալով կարգավորել համայնքի ղեկավարի պաշտոնի թափուր չլինելու հարցը, առաջարկվել է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների դեպքում ՀՀ վարչապետին, իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում մարզպետին վերապահել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավասություն: Առաջարկվող կարգավորմամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշանակվում է մինչեւ նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

3. Ակնկալվող արդյունքը

1) Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի   ընդունման  արդյունքում 4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների մասով կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության, այն` է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու եւ համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլեւ հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է` «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս): 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում անցում կկատարվի համայնքի ավագանու ընտրության ամբողջական համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն եւ ուժերի հարաբերակցություն: Այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում` համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի եւ կնշանակի համայնքի ղեկավարին, հետեւաբար` համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջեւ:

2) Համամասնական ընտրակարգի տարածումը 4000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված թվաքանակով ընտրող ունեցող համայնքների միջին բնակչությունը ենթադրաբար կկազմի շուրջ 5 000 մարդ, որի արդյունքում միանգամայն իրատեսական կհամարվի տեղական ընտրություններում քաղաքական մրցակցության ձեւավորումը, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների հետաքրքրվածությունը տեղական ընտրություններին հայտ ներկայացնելու եւ կուսակցական ցուցակներով ավագանու թեկնածություններ առաջադրելու իմաստով:

3) Ըստ էության, տեղական ընտրություններում մասնակցության ցուցաբերման  կուսակցական հետաքրքրվածությունը եւ շահագրգռվածությունը պայմանավորված են  հենց այն փաստով, որ թեկնածությունների առաջադրումը վերջիններիս կողմից իրականացվի այն համայնքներում, որոնք որեւէ կերպ օժտված են քաղաքական մրցակցային պայմաններ ունենալու առանձնահատկություններով, այդ թվում` համայնքի մեծությամբ, բնակչության եւ ընտրազանգվածի առավել մեծ թվաքանակով, դրանով պայմանավորված համայնքի կարողունակությամբ, այդ համայնքում քաղաքական պաշտոն զբաղեցնելու եւ այդ պաշտոնից բխող լիազորությունների եւ գործառույթների իրականացման արդյունքում քաղաքական պատասխանատվության բեռը կրելու հանգամանքով:

4) Հայաստանի Հանրապետության համայնքների ընտրողների թվաքանակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համայնքների զգալի մասն ունի 4 000-ից ավելի ընտրողներ, ինչն արդարացիորեն փաստում է այն մասին, որ արժանահավատ կլինի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգի անցումը սահմանել հենց նշված կատեգորիայի համայնքների մասով: Բացի այդ, համամասնական ընտրակարգի անցման սահմանումը  4 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների մասով, հնարավորություն կընձեռի համայնքների գերակշիռ մասում ունենալ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի եւ վերջինիս կողմից ընտրվող համայնքի ղեկավար:

5) Միաժամանակ, չբացառելով մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի եւ համայնքի ղեկավարի թեկնածության առաջադրման իրավական հնարավորությունը եւ անհրաժեշտությունը, Նախագիծը սահմանել է համապատասխան կարգավորումներ մինչեւ 4 000 ընտրող ունեցող համայնքների մասով, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կատարված վարչատարածքային բարեփոխումները համապատասխան պետական քաղաքականության մշակման եւ վարման արդյունքում կհասնեն իրենց տրամաբանական ավարտին, օրենսդիրը եւ (կամ) գործադիրը հետագայում կարող են նաեւ անդրադառնալ համընդհանուր համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

13 ապրիլի 2020 թվականի  N  455  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 13
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2 ապրիլի 2020 թվականի  N  474 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 6
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 474-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ