Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-565-14.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-16-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով.

7. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան երեք ամիս ժամկետով՝ հանրային սննդի, մանրածախ առեւտրի (բացառությամբ սննդամթերք եւ դեղորայք վաճառողներ), մետաղական հանքաքարի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման (բացառությամբ ոսկու հանքաքարի արդյունահանման) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ): Արտոնությունները տրամադրվում են շահութահարկի կանխավճարի եւ ռոյալթիի կանխավճարի գծով:

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ եւ 8.1-ին մասերով.

8. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան վեց ամիս ժամկետով տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)՝

1) հանրային սննդի տնտեսվարող սուբյեկտներին` շրջանառության հարկատեսակի գծով,

2) զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների, տեղերի ամրագրման եւ զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների, հյուրանոցների եւ հյուրատների տնտեսվարող սուբյեկտների` շրջանառության հարկատեսակի գծով,

3) մշակույթի, զվարճությունների եւ հանգստի, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին` շրջանառության հարկատեսակի գծով:

8.1 Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված շրջանառության հարկատեսակի գծով արտոնությունները տարածվում են 2020 թվականի ապրիլի 1-ից հաշվարկվող շրջանառության հարկի գումարների վրա:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը:

Սահմանափակումների արդյունքում տնտեսության տարբեր ոլորտներ սկսեցին չգործել, եւ տնտեսվարողները, ինչպես նաեւ իրենց աշխատակիցները զրկվեցին եկամուտ ստանալուց: Այս պայմաններում պետությունը տվյալ շահառուներին չտրամադրեց հարկային արտոնություններ:

Ուսումնասիրելով նմանատիպ իրավիճակներում հայտնված զարգացած եւ զարգացող երկրների փորձը տեսնում ենք, որ իրավիճակի հետեւանքով առավել տուժած որոլտներում գործունեություն իրականացող տնտեսվարողներին պետության կողմից տրամադրվել են հարկային արտոնություններ` մասնավորապես.

Շվեդիայում տնտեսվարողներին առաջիկա տարում հարկերը չվճարելու արտոնություն է տրվել: Փորձագետները պնդում են, որ դրա արդյունքում պետական գանձարան մուտք չի լինի 27,5 միլիարդ եվրո, սակայն իշխանությունները գտնում են, որ տնտեսությունը կործանումից փրկելու փորձերն արժեն այդ ծախսերը:

Ֆրանսիայում իրավաբանական անձանձ ընձեռնվում է հարկերի վճարումը հետաձգելու հնարավորություն:

Վրաստանում` պետությունը տրամադրում է հարկային արտոնություններ զբոսաշրջության ոլորտում: Այսպես, զգոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, որոնց գործունեությունը կապված է հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտի, տուրիստական գործակալությունների, փոխադրող, էսքկուրսիաներ իրականացնող եւ այլ ընկերությունների հետ տրամադրվում է եկամտային հարկի (մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը) եւ գույքահարկի (4 ամիս ժամկետով) վճարումները հետաձգելու արտոնություններ: Հարկային արտոնությունները տարածվել են ներկայումս Վրաստանում գործող 18 հազար ընկերությունների վրա:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ներդրել են միջոցառումների աջակցության փաթեթ, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված բնակչության եւ տնտեսության համար առկա բացասական հետեւանքները հասցվեն նվազագույնի:

Մասնավորապես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օդային տրանսպորտը (ավիափոխադրող կազմակերպությունները) եւ զբոսաշրջությունն ամենից շատ են կրում առաջացած իրավիճակի բացասական հետեւանքները, ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել նշված ոլորտում գործող կազմակերպությունների մասով` հետաձգել հարկերի վճարումը: Հետագայում սա տարածվել է նաեւ տուժած այլ ոլորտների եւ ընկերությունների վրա: Օրինակ` Տուրիստական ընկերությունները մինչեւ տարեվերջ կազատվեն նաեւ «Տուրիստական աջակցություն» ասոցիացիայի պահուստային ֆոնդին եւ անձնական պատասխանատվության ֆոնդին վճարումներ կատարելուց:

Մարտի 30-ին Ռուսաստանում սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները, որոնք կարող են օգտվել հարկային արձակուրդից`

Վերոնշյալ կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը օգտվում են հետեւյալ հարկային արտոնություններից`
Նախագծում տնտեսական գործունեության ոլորտները ներկայացված են համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ սեպտեմբերի 19-ի N 847-N հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս անհայտ է, թե կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սահմանափակումները երբ կվերացվեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, առաջարկում ենք` Հայաստանի Հանարպետության հարկային օրենսգրքում կատարել լրացումներ` հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)` տեսակի հարկային արտոնության տրամադրման միջոցով:

Այսպիսով` կարծում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող լրացումները դրական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության հետեւանքով` Նախագծում նշված առավել տուժած ոլորտների ձեռնարկությունների գործունեության վերականգման եւ հետագա առողջացման գործընթացի վրա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը եւ գրությունը