Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5551-09.04.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետեւ Օրենք) 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, նվազագույն քանակը, ապահովման, բաշխման, թարմացման ու փոխարինման կարգը հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը.» կետից հետո լրացնել «թ.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«թ) Հայտարարում է արտակարգ իրավիճակ, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ՝ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) «դ.» կետից հետո լրացնել «ե.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե)ապահովում են համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով՝ կառուցվածքային եւ առանձնացված (տարածքային) ստորաբաժանումների աշխատակիցներին:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի «ը.» կետից հետո լրացնել «թ.» կետով  հետեւյալ բովանդակությամբ.

«թ) ապահովում է համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով՝ մարզպետարանի աշխատակիցներին:»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի «զ.» կետից հետո լրացնել «է.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«է) ապահովում է համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով՝ համայնքի աշխատակազմի աշխատակիցներին:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի «ա.» կետի «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «եւ համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է տարբեր արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի արդյունավետ եւ միասնական արձագանքը, այդ թվում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման, արտակարգ իրավիճակներին դիմագրավելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների պահանջարկը, ինչպես նաեւ միջգերատեսչական, տարածքային եւ ՏԻՄ մարմինների հետ համագործակցության սկզբունքները պլանավորելու, պարբերաբար թարմացնելու եւ իրավական ակտով սահմանված ունենալու անհրաժեշտությամբ: Կարեւոր է նաեւ անհատական պաշտպանության միջոցների ձեռքբերումը, բաշխումը, թարմացումը կանոնակարգելու եւ դրանց իրականացման պատասխանատուներին հստակ սահմանելու անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Գործնականում  ցանկացած արտակարգ իրավիճակ էական վտանգ է ներկայացնում բնակչության կյանքի եւ առողջության համար: Դեռ ավելին, հաճախ արտակարգ իրավիճակն անդրադառնում է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման բնականոն ընթացքի վրա, էլ ավելի խորացնելով հնարավոր վտանգները: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը  կարեւորում է արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու եւ հակազդելու պլանների առկայությունը, քանի որ դրանք բարձրացնում են պետության արձագանքի արդյունավետությունը՝ ապահովելով միասնական պատասխան արտակարգ իրավիճակից բխող մարտահրավերներին: Ներկա օրենսդրական կարգավորումները չեն պարունակում արտակարգ իրավիճակներին դիմագրավելու պլանների ունենալու պահանջ, ինչն կարող է անդրադառնալ արտակարգ իրավիճակում որոշումների կայացման արդյունավետության վրա:

Միեւնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ տարերային աղետների, համավարակների եւ համաճարակների դեպքում անհրաժեշտ է լինում վերակազմակերպել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման կարգը, սահմանելով բժշկական օգնություն եւ սպասարկողների միջեւ փոխգործակցության, համագործակցության, համակարգման նոր մոտեցումներ՝ արտակարգ իրավիճակին դիմագրավելու, այնպես էլ բնակչության բուժօգնության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Հետեւաբար, նման լիազորության սահմանումն էապես կնպաստի արտակարգ իրավիճակում բնակչության առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման ամբողջականությանը եւ համակարգվածությանը:

Միեւնույն ժամանակ, ընթացիկ իրադարձությունների նախնական վերլուծությունը վկայում է, որ լրացուցիչ կանոնակարգման կարիք ունի բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման գործընթացը՝ հստակ սահմանելով այդ աշխատանքների կազմակերպման կարգը եւ պատասխանատուներին:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Արտակարգ իրավիճակներին նախապատրաստությունը ներառում է հետեւողական աշխատանքների շղթա, որոնց նպատակն է ուժեղացնել երկրի ընդհանուր կարողությունները բոլոր տեսակի արտակարգ իրավիճակներից առաջացող առողջապահական ռիսկերը կառավարելու ուղղությամբ, դրանց բացասական հետեւանքները նվազեցնելու եւ բնականոն զարգացմանը վերադառնալու նպատակով:
Վերոնշյալը փաստում է, տարբեր արտակարգ իրավիճակներում աշխատանքները կազմակերպելու պլանների, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան կարգեր սահմանելու օրենսդրական պահանջի անհրաժեշտության մասին: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է ներդնել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի միասնական արձագանքի կենսունակ մեխանիզմներ ունենալու անհրաժեշտության պահանջ, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման անընդհատության, շարունակականության ու հասանելիության ապահովմանը:

4. Ակնկալվող արդյունքը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որը էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել օգտավետ կառավարմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա կառավարության որոշումների ընդունման անհրաժեշտություն:
 

              Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կից ներկայացվում են նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների եւ այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին տեղեկանքները:

Խնդրում ենք նշված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝   ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ:
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝      ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ