Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով.

«13) Խմբակցությունից դուրս եկած` անկախ պատգամավորը, իրավունք ունի ընդգրկվելու առնվազն երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ առնվազն 5 միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմում` համաձայն ՀՀ ԱԺ նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ անելիքների վերաբերյալ :» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասերորդ օրը:

Հիմնավորում

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակով գործելու հնարավորություն, տրամաբանական է, որ անկախ պատգամավորները կարողանան լիարժեք աշխատել բոլոր ուղղություններով: Պատգամավորի փաստացի գործառույթներն են օրենսդրական գործունեությունը, վերահսկողական գործունեությունը եւ դիվանագիտական գործունեությունը: Վերջինից անկախ պատգամավորները զրկված են հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ կանոնակարագ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13) եւ 14) կետերը նախատեսում են տվյալ կազմակերպություններում պատգամավորների թեկնածությունների առաջադրումը միայն խմբակցությունների կողմից: Մինչ դեռ չկա որեւէ տրամաբանություն նրանում, որ արդյունավետ աշխատելու ունակ, կոնվենցիաների կամ բանաձեւերի նախագծերով հանդես եկող, ազգային ու պետական շահը ներկայացնող եւ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների մանդատին համարժեք մանդատ կրող պատգամավորները զուրկ են միջխորհրդարանական, միջազգային, քաղաքական, դիվանագիտական հարթակներում գործելուց: Սույն լրացումով առաջարկվում է, որ անկախ պատգամավորը Ազգային Ժողովի նախագահին դիմումով ներկայացնի պատշաճ հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ անելիքների վերաբերյալ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի ընդունման հիմնավորումը,

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում լրացվող հոդվածը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 5 (հինգ) էջ:

Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/