Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5261-25.03.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ալկոհոլային խմիչքների եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 51-րդ մասերի գործողությունը դադարեցնել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ  ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳՈՎԱԶԴԻ եւ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ալկոհոլային խմիչքների մասին ՀՀ օրենքը կանոնակարգելու է ալկոհոլային խմիչքների  իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ գործընթացը, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ալկոհոլային խմիչքների  օգտագործման՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական  եւ այլ հետեւանքներից:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝  նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի  օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

24.03.2020
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

    Հարգելի՛ պարոն Միրզոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ալկոհոլային խմիչքների  իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) օրենքների նախագծերի փաթեթը,

2) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների փոփոխված հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցեղն է Արթուր Հովհաննիսյանը:

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԴԱՆԻԵԼՅԱՆ