Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-526-25.03.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է ալկոհոլային խմիչքների  իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ ալկոհոլային խմիչքների առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման գործընթացը, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ալկոհոլային խմիչքների  օգտագործման՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական  եւ այլ հետեւանքներից:

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1) ալկոհոլային խմիչք՝  հեղուկ վիճակում գտնվող էթիլային սպիրտի օգտագործմամբ եւ (կամ) սննդի հումքից եւ (կամ) ալկոհոլ պարունակող սննդի արտադրանքներից պատրաստված խմիչքներ.

2) թունդ ալկոհոլային խմիչք՝ սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս.

3) թույլ ալկոհոլային խմիչք՝ սպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոս.

4) փակ տարածք՝ ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների եւ դռան համար նախատեսված բացվածքների.

5) կիսափակ տարածք՝ ցանկացած նյութից պատրաստված,  երկու եւ ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց.

6) հանրային տարածք՝ հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձեւից կամ դրան հասանելիությունից.

7) փաթեթավորում՝ ցանկացած նյութից պատրաստված տարա, որի մեջ լցվում է ալկոհոլային խմիչքը.

8) լիազոր մարմին՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին:

Հոդված 2. Ալկոհոլային խմիչքների առողջությանը վնասակարության մասին տեղեկատվության ապահովումը

1. Ալկոհոլային խմիչքների մակնշումը եւ փաթեթավորումը ներառում է առողջությանը վնասակարության մասին նախազգուշացնող տեքստ՝ ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը:

1) Նախազգուշացման տեքստը պետք է՝

ա) տեղադրված լինի Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.

բ) հստակ ու ընթեռնելի լինի.

գ) տպված լինի այնպիսի գույնով, որ բացառի ֆոնի հետ միաձուլումը.

դ) տեղադրված լինի այնպես, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.

ե) տեղադրվի այնպես, որ բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

զ) նախազգուշացման տեքստի տառաչափը  պետք է մեծ լինի  ալկոհոլային խմիչքի բաղադրությունը ներկայացնող տեքստի տառաչափից:

2. Ալկոհոլային խմիչքների գովազդն իր մեջ ներառում է չափից ավել օգտագործման դեպքում առողջությանը վնասակարության մասին ձայնի եւ/կամ պատկերի ձեւով նախազգուշացում: Օրենքով սահմանված նախազգուշացնող տեքստը (ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը) կարող է փոփոխվել լիազոր մարմնի հաստատման դեպքում:

1) Արտաքին գովազդի դեպքում նախազգուշացնող տեքստը պետք է լինի՝

ա) տպված Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.

բ) հստակ ու ընթեռնելի.

գ) տպված այնպիսի գույնով, որ բացառի ֆոնի հետ միաձուլումը

դ) Ոչ պակաս, քան գովազդը ներկայացնող տարածքի մակերեսի 10 տոկոսը:

2) Տեսանյութերի եւ անիմացիոն տեսանյութերի միջոցով իրականացվող գովազդի դեպքում նախազգուշացնող տեքստը պետք է լինի՝

ա) գրված Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.

բ) գրված գովազդի ողջ ընթացում.

գ) հստակ ու ընթեռնելի.

դ) գրված այնպիսի գույնով, որ բացառի ֆոնի հետ միաձուլումը:

3) Ձայնային գովազդի դեպքում նախազգուշացնող տեքստը պետք է՝

ա) հնչի Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.

բ) հնչի գովազդի վերջում.

գ) հնչի հստակ եւ նույն ձայնի բարձրությամբ ինչ գովազդում հնչող խոսքը:

3. Ալկոհոլային խմիչքի վաճառքի բոլոր կետերում՝ դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում է հետեւյալ նախազգուշացումը.

1) 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչք չի վաճառվում:

Հոդված 3. Ալկոհոլային խմիչքների վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման սահմանափակումները

1. Արգելվում է ալկոհոլային խմիչքների հետեւյալ փակ, կիսափակ եւ հանրային տարածքներում վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում.

2)  նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում.

3) մանկական սրճարաններում (բացառությամբ թույլ ալկոհոլային խմիչքների).

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.

6) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում:

2. Արգելվում է ալկոհոլային խմիչքները վաճառել կամ որեւէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա պետք է պահանջի Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որեւէ այլ եղանակով չիրացնել դրանք:

3. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ալկոհոլային խմիչքներ  վաճառելը կամ որեւէ այլ եղանակով իրացնելը:

4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների  վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկվող ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով:

5. Արգելվում է ալկոհոլային խմիչքների անվճար տարածումը՝ բացառությամբ մարկետինգային նպատակներով համտեսումների իրականացումը:

6. Արգելվում է ալկոհոլային խմիչքները օգտագործել որպես մրցանակ խաղերի, մրցույթների, սպորտային, մշակութային, գովազդային եւ  ճանաչողական միջոցառումների ժամանակ:

Հոդված 4. Ալկոհոլային խմիչքների փակ, կիսափակ եւ հանրային տարածքներում օգտագործման սահմանափակումները

1.Ալկոհոլային խմիչքների  օգտագործումն արգելվում է՝

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում եւ  դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների  մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.

3) մանկական սրճարաններում (բացառությամբ թույլ ալկոհոլային խմիչքների)

4) համայնքի կողմից  երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում.

6) զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքների.

7) հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում,  մետրոպոլիտենում.

8) Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում, ուղղիչ հիմնարկներում:

Հոդված 5. Ալկոհոլային խմիչքների գովազդի սահմանափակումները

1. Ալկոհոլային խմիչքների գովազդներում արգելվում է՝

1) ներշնչել, որ ալկոհոլը ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.

2) դրդել սպառողներին ալկոհոլի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

3) ներկայացնել խմիչքներում՝ ալկոհոլի, պարունակության բարձր աստիճանը՝ որպես դրական հատկություն.

4) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

5) ալկոհոլային խմիչքների գովազդման ժամանակ դիմել անչափահասներին

6) ցույց տալ կամ պատկերել ալկոհոլային խմիչքների օգտագործման ընթացքը.

7) ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին եւ վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա.

8) ներկայացնել, որ ալկոհոլային խմիչքները հանդիսանում են ծարավը հագեցնելու միջոց.

9) ցույց տալ ալկոհոլային խմիչքներ մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում.

10) պատկերել ալկոհոլային խմիչքներ անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում.

11) արգելվում է 25 տարին չլրացած անձանց  ալկոհոլային խմիչքների գովազդներում, իսկ անիմացիոն տեսանյութերում՝ անչափահասների պատկերումը:

2. Արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոալիքներով թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի եւ բրենդիի) գովազդը:

3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդը փակ, կիսափակ եւ հանրային հետեւյալ տարածքներում՝

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում, դրանց շենքերի վրա եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչեւ 30 մետր հեռավորության վրա.

2)  նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում, դրանց շենքերի վրա եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչեւ 30 մետր հեռավորության վրա.

3) մանկապատանեկան հաստատություններում, դրանց շենքերի վրա եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչեւ 30 մետր հեռավորության վրա.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, դրանց շենքերի վրա եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչեւ 30 մետր հեռավորության վրա.

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների շենքերի վրա, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ:

6) մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերում.

7) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում, դրանց շենքերի վրա.

3. Ալկոհոլային խմիչքների գովազդն արգելվում է հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, դրանց վրա, եւ  ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառներում, մետրոպոլիտենում:

Հոդված 6. Ալկոհոլային խմիչքների օգտագործման, ալկոհոլից կախվածության բուժման եւ հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը

1. Ալկոհոլային խմիչքներներ օգտագործող դեռահասներին եւ վերարտադրողական

տարիքի կանանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, տրամադրվում է ալկոհոլից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում:

2. Ալկոհոլային խմիչքի օգտագործման դադարեցման, ալկոհոլից կախվածության բուժմանն եւ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված պացիենտի վարման գործելակարգի  եւ այլ իրավական ակտերի համաձայն:

Հոդված 7. Սույն օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը

1.Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող  իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ  ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳՈՎԱԶԴԻ եւ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ալկոհոլային խմիչքների մասին ՀՀ օրենքը կանոնակարգելու է ալկոհոլային խմիչքների  իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ գործընթացը, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ալկոհոլային խմիչքների  օգտագործման՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական  եւ այլ հետեւանքներից:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝  նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի  օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

24.03.2020
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

    Հարգելի՛ պարոն Միրզոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ալկոհոլային խմիչքների  իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) օրենքների նախագծերի փաթեթը,

2) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների փոփոխված հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցեղն է Արթուր Հովհաննիսյանը:

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԴԱՆԻԵԼՅԱՆ