Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-524-25.03.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«12) ծամախոտ՝ նախատեսված է ծամելու համար, որը կարող է պատրաստված լինել բնական ծխախոտային նիկոտինից՝ սննդի մեջ օգտագործվող ոչ ծխախոտային հումքի եւ այլ բաղադրիչների ավելացմամբ,  եւ կարող է պատրաստված լինել արհեստական (սինթետիկ, ոչ ծխախոտային) նիկոտինից, եւ այլ բաղադրիչներից ու հավելումներից.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է արհեստական նիկոտինից պատրաստված ծամախոտի մանրածախ եւ մեծածախ վաճառքը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկը պայմանավորված է առողջության համար վտանգ պարունակող արհեստական նիկոտին պարունակող արտադրանքներն արգելելու, ինչպես նաեւ առողջության համար ավելի քիչ վնասակար բնական թութունային հիմքով արտադրանքը թույլատրելու անհրաժեշտությամբ:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետը արգելում է ծամախոտի մեծածախ եւ մանրածախ վաճառքը Հայաստանում: Մեր կարծիքով սույն դրույթն ունի հստակեցման կարիք:

Ապացուցված է, որ բնական հումքով արտադրված ծամախոտը, չպարունակելով քիմիական նյութեր, ինչպես նաեւ լինելով թութունի օգտագործման անծուխ եղանակ, շատ ավելի նվազ վնասակարություն ունի, քան սիգարետ արտադրատեսակը: Մասնավորապես, սնուսում պարունակվող նիկոտինի միայն 10-20 %-ն է ներծծվում լորձաթաղանքի միջոցով, ինչն էլ նշանակում է, որ 10 մգ նիկոտին պարունակող սնուսի դեպքում արյան մեջ ներծծվում է 1-2 մգ նիկոտին: Ի տարբերություն սիգարետի, որի ծխի ներշնչման շնորհիվ նիկոտինը միանգամից թափանցում է ուղեղ, սնուսի դեպքում ավելի դանդաղ է թափանցում ուղեղ, քանի որ սկզբում ներթափանցվում է արյուն, եւ արյան շրջանառության միջոցով՝ ուղեղ: Ավելին մարդու առողջությանը հիմնական վնասը հասցնում են այլ նյութերը եւ քիմիական միացությունները /թվով 6-9 հազար/, որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ: Այսպես՝ Քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող Cancer Research UK Մեծ բրիտանական կազմակերպությունը պնդում է, որ ծխելը առաջացնում է թոքերի քաղցկեղ 86% դեպքերում, ինչը կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի 19%-ը: Այնուամենայնիվ, քաղցկեղը չի առաջացնում նիկոտինը՝ ծխախոտում պարունակվող ալկալոիդ, որը կախվածություն է առաջացնում: Չարորակ ուռուցքները հրահրում են այլ նյութերը եւ քիմիական միացությունները /թվով 6-9 հազար/, որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ:

Շվեդական սնուսի օգտագործումը թոքերի քաղցկեղ չի առաջացնում, ինչը ապացուցվել է սնուս օգտագործող 279 897 տղամարդկանց 26-ամյա առողջապահական դիտարկումների ընթացքում (ուսումնասիրության ամբողջական տեքստը կարելի է գտնել Lancet ամսագրում – միջազագային ամենահայտնի եւ ամենահին բժշկական ամսագիրներից է): Նույն աշխատանքի արդյունքները ցույց տվեցին, որ կապ չկա նաեւ սնուսի օգտագործման եւ բերանի քաղցկեղի առաջացման միջեւ: Նույն եզրահանգման են հանգեցրել նաեւ British Medical Journal-ի կողմից արված հետազոտությունները:

Ավելի ուշ International Journal of Cancer (IJC)-ը իր կողմից կատարված հետազոտությունների վերլուծության արդյունքում, որին մասնակցել են 400,000 տղամարդիկ, 2017 թ.-ին հրապարակել է, որ սնուսի օգտագործումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մեծ ռիսկ չի առաջացնում: Նույն թվականին գիտնականների մի խումբ 9 տարբեր հետազոտություններ է անցկացրել, որին մասնակցել են 9276054 մարդ, որի արդյունքում արձանագրել են, որ չկա որեւէ կապ սնուսի օգտագործման եւ ենթաստամոքային գեղձի քաղցկեղի առաջացման միջեւ:

2019 թվականի հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վարչությունը (FDA) պաշտոնապես ամրագրել է, որ սնուսը /վերաբերում է շվեդական ընկերության սնուսին/ համարվում է ավելի անվտանգ այլընտրանք ծխախոտին եւ թույլատրել գովազդային նյութերում եւ ապրանքը մակնշելիս նշել, որ սիգարետի փոխարեն սնուս օգտագործելու դեպքում ավելի նվազ ռիսկ է առկա առողջության համար:

2019 թվականի մայիսի 27-ին Շվեյցարիայի ֆեդերալ գերագույն դատարանը հաստատել է, որ սնուսի արգելումը Շվեյցարիայում համարվում է ոչ սահմանադրական: Վճռում ասվում է, որ միայն սնուսի արգելումը, այլ ոչ ծխախոտի եւ այլ թութունային արտադրանքների ընդհանուր առմամբ, խտրականություն է եւ չի կարող օրինական համարվել: Սնուսը Շվեյցարիայում կվաճառվի այնքան ժամանակ, որքան վաճառքում կլինեն ծխախոտն ու դրա այլընտրանքային արտադրատեսակները: Դատարանը շեշտում է, որ չկա ապացույց սնուսի՝ օրգանիզմի համար անմիջական եւ հանկարծակի վտանգի վերաբերյալ: Սնուսը չի պարունակում այլ վնասակար բաղադրիչ, քան նիկոտինն է, թութունը, որը պարունակում են նաեւ այլ ծխախոտային արտադրանքներ, հետեւաբար մի ծխախոտային արտադրանքի արգելքը արդարացված չէ օրենքի եւ հասարակության շահերի տեսանկյունից: Շվեյցարական ֆեդերալ մաքսատունը, ինչպես եւ Ծխախոտային արտադրատեսակների մասին Շվեյցարական օրենքը, նշում է, որ սնուսը նվազ վտանգավոր է, քան ծխախոտը: Հետեւաբար Դատարանը գտնում է, որ ոչ ոք իրավունք չունի պնդել, որ ավելի վնասակար ծխախոտի օգտագործումը ավելի մեծ օգուտ է հասարակության համար, դրա համար այն թույլատրելի է, իսկ սնուսը՝ ոչ: Դատարանն անդրադառնում է ԵՄ արգելքին, շեշտելով, որ Շվեյցարիան կաշկանդված չէ այդ արգելքով եւ Շվեյցարիան չի արգելի որեւէ ապրանքի իրացումն իր երկրում միայն այն բանի համար, որ դա արգելված է այլ երկրներում:

Շվեդական սնուսը Շվեդիայի թագավորությունում կարգավորվում է ոչ թե ծխախոտային արտադրանքի տեխնիկական հանձնարարականներով, այլ շվեդական սննդի ազգային գործակալության հանձնարարականներով: Այն պարունակում է միայն սննդի մեջ օգտագործվող բաղադրիչներ /տվյալ դեպքում շվեդական սնուսը պարունակում է թութուն, ջուր, աղ, սոդա, բնական յուղեր/:

Սակայն պետք է նշել, որ շուկայում հայտնվում են արհեստական նիկոտինի, ինչպես նաեւ այլ քիմիական հիմքի վրա արտադրված ապրանքներ (ծամախոտ, ծամոնի եւ կոնֆետի տեսքով եւ այլն), եւ քանի որ դրանք կանոնակարգված չեն օրենքով եւ այլ իրավական ակտերով, եւ հնարավոր չէ իրականացնել դրանց նկատմամբ հսկողությունը, դրանք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար: Բնական թութունի հիմքով ծամախոտը 1 գրամում պարունակում է 6-43 մգ նիկոտին, ավելին չի էլ կարող պարունակել, որն էլ ներթափանցում է օրգանիզմ աստիճանաբար, իսկ արհեստական նիկոտին եւ քիմիական նյութեր պարունակող արտադրանքը կարող է պարունակել անսահմանափակ նիկոտին /շատ հաճախ են հանդիպում 100-200 գրամ նիկոտին պարունակող նիկոտինային ապրանքները/, որն ունի անմիջական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, մեծ դոզայի շնորհիվ առաջացնում է օրգանիզմի ինտոկսիկացիա /թունավորում/, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում, հուզականության բարձրացում:

Հետեւաբար առաջարկում ենք առանձնացնել բնական ծխախոտահումքով ծամախոտը արհեստական նիկոտինի հումքով պատրաստված ծամախոտից:

Այս դրույթի մասով փոփոխությունը հնարավորություն կընձեռի չարգելել բնական թութունային հիմքով ծամախոտը, որն ավելի նվազ վտանգավոր է առողջության համար, քան ծխախոտը, միաժամանակ չսահմանափակել բնական թութունային հիմքով ծամախոտի արտադրությունը եւ դրա արտահանումը, օրինակ ԵԱՏՄ տարածք /ընձեռելով նաեւ լայն տնտեսական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության եւ հայ արտադրողի համար/: Հոդվածի հստակ ձեւակերպումը հնարավորություն կընձեռի արգելել առողջության համար խիստ վտանգ ներկայացնող քիմիական տարրեր եւ արհեստական նիկոտին պարունակող արտադրանքների վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:

Առաջարկի ընդունման արդյունքում ակնկալվում է օրենքի կողմից հետապնդվող նպատակի իրականացման առումով արդյունավետության բարձրացում:
 

            Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝    ԱՐՏԱԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆ
                         ՎԱՀԱԳՆ  ԹԵՎՈՍՅԱՆ