Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-515-12.03.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա»:

2) 2-րդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի եւ հետագա տարիների համար՝ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացվում է Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծրագիրը յուրաքանչյուր տարի հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ:»:

2) վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն եւ ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Համայնքի ավագանու կողմից հաստատված հաշվետվությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Հաշվետվության ձեւը հաստատվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ  մասում նշված հաշվետվության ձեւը եռամսյա ժամկետում հաստատվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից:

Հոդված 5. Անցումային դրույթներ

 Մինչ սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված ցանկի սահմանումը սույն օրենքի կարգավորումները, ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, տարածվում են նաեւ «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան եւ «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի հունիսի 11-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ՝ Օրենք) մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությամբ՝ համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ եւ հրապարակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել եւ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) մշակման (նախագծման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:

Սակայն իրականացված Ծրագրերի վերաբերյալ համայնքները ներկայացնում են հաշվետվություններ յուրաքանչյուրն ինքնուրույն՝ ոչ սահմանված ձեւով, ինչպես նաեւ հաշվետվությունների հրապարակումները եղել են կամովի եւ չեն կրել պարտադիր բնույթ: Եվ առկա վիճակը չի նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կատարողականի որակի եւ հաշվետվողականության գործառույթների կատարելագործմանը եւ բարելավմանը:

Մինչդեռ հաշվետվության կազմման, ավագանու կողմից ընդունման եւ ինտերնետային կայքում հրապարակման իրավական հիմքերը բխում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաեւ բնապահպանական ծրագրերի մշակման պահանջները սահմանող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշման դրույթներից:

Համաձայն վերոնշյալ օրենքի՝ ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 26 ընկերություններից միայն 5-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա  միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, եւ որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար՝ նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից: Իսկ այլ ընկերությունների ցանկը նախագծով նախատեսվում է, որ սահմանի ՀՀ կառավարությունը՝ հաշվի առնելով դրանց հետ կապված մշտական փոփոխություները:

Նշված ընկերությունների կողմից 2016-2018թթ. հաշվարկված բնապահպանական հարկերի վերաբերյալ տեղեկությունը կից ներկայացվում է (ստացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից): Ըստ այդ տեղեկության՝ սույն օրենքով սահմանված թվով 5 ընկերությունների բնապահպանական վճարներն ըստ տարիների համապատասխանաբար կազմել են 25,431.4 հազ. դրամ,  37,906.8 հազ. դրամ  եւ  46,907.6 հազ. դրամ, իսկ բոլոր ընկերությունների մասով համապատասխանաբար՝  27,323.4 հազ. դրամ,  41,210.8 հազ. դրամ եւ  49,319.6 հազ. դրամ:  Տարբերությունները կազմել են՝  1,892.0 հազ. դրամ,  3,304.0 հազ. դրամ եւ  2,412.0 հազ. դրամ:  Այսինքն, նախագծի ընդունման դեպքում՝ նշված բնապահպանական հարկերից պետական բյուջեից հատկացվող մասհանումների ավելացումը պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի գործում, սակայն դրանք համապատասխան համայնքների համար կազմում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ եւ չի դիտարկվում խտրական մոտեցում:

Նախագծով առաջարկվում է նաեւ կատարել փոփոխություն համայնքների բյուջեներին մասհանումների չափերի որոշման մասով: Մասհանումները կատարվում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքի, ինչպես նաեւ ընդերքօգտագործման, արտադրության եւ (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման եւ (կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից: Եվ վերոնշյալի կիրառության իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ միասնական հաշվի ներդրման արդյունքում հարկ վճարողների հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվին կատարված վճարումների հաշվին (բացակայում է վճարման նպատակային նշանակությունը):

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորման անհրաժեշտություն, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացում, կատարողականի որակի եւ հաշվետվողականության գործառույթների կատարելագործում եւ բարելավում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծի մշակումն իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Մասհանումների կատարումը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից, ինչպես նաեւ բնապահպանական ծրագրի հաշվետվության կազմման, ընդունման եւ հրապարակման վերաբերյալ նոր դրույթների լրացումն Օրենքում նպատակաուղղված է եւ կնպաստի համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը եւ բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորմանը:

Ընկերությունների թվաքանակի ավելացումը (մոտ 23-ով) կավելացնի համայնքների թիվը, որտեղ կիրականացվեն բնապահպանական ծրագրեր, որն իր հերթին կնպաստի համայնքների բյուջեների համալրմանը: Իսկ դա կավելացնի համայնքների կողմից մատուցվող ծառայությունների թիվը եւ որակը, մասնավորապես՝ համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման եւ կանաչապատպան մասով:

Ընկերությունների թվաքանակի ավելացմամբ համայնքների բյուջեների ավելացման փաստը շատ կարեւոր է, քանի որ համայնքների բյուջեների համալրման աղբյուրները խիստ սահմանափակ են:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔԻ   ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

27 փետրվարի 2020 թվականի N 212 - Ա
 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 28
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒ Մ

6 մարտի 2020 թվականի  N 304-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան



Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի N 212-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:
 

Հարգանքով՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ