Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-510-11.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն երկու երրորդով, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով` բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու եւ հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով` գաղտնի քվեարկությամբ:

6. Դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաեւ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն երկու երրորդով, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներով, խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ: Եթե քվեարկության արդյունքով որեւէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

5. Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակաս է դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում երաշխավորվում է առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած այդ սեռի ներկայացուցիչների համար մինչեւ 50 տոկոս տեղ:

6. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:»:

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք? Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի նիստին ներկա անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայները ստացած անձը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:

7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:»:

Հոդված 7. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած երեք թեկնածուները:

7. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների առնվազն կեսից ավելի, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:»:

Հոդված 8. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:»:

Հոդված 9. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս, քան հինգ անդամի «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:»:

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության վերը վկայակոչված ու մեջբերված դրույթներից հետեւում է, որ դատարանների ու դատավորների անկախությունն ապահովելուն կոչված Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի տասը անդամից եւ վերջիններիս միջոցով իրականացնի Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունները:

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման, ինչպես նաեւ գործունեության կարգը, այդ թվում` լիազորությունների իրականացման մանրամասները սահմանված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ընդ որում` նշված սահմանադրական օրենքի համապատասխան կարգավորումներն ընդհանուր առմամբ ելնում են այն տրամաբանությունից, որ Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի եւս ունենալու է տասը անդամ եւ իր լիազորությունների իրականացման առնչությամբ որոշումներն ընդունելու է անդամների ընդհանուր թվի (տասը անդամների) ձայների մեծամասնությամբ, այսինքն` քվեարկության դրված հարցի վերաբերյալ խորհրդի առնվազն 6 անդամի կողմից «կողմ» քվեարկելու միջոցով: Մինչդեռ, այդպիսի տրամաբանությունից ելնելով հանդերձ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները չեն բացառում այնպիսի իրավիճակները, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է փաստացի ունենալ 10-ից պակաս թվով անդամներ, ինչի վկայությունն է հանդիսանում Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս փաստացի պաշտոնավարող անդամների ընդհանուր թիվը (8):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգը, այդ թվում` նիստերի հրավիրման եւ որոշումների ընդունման պայմանները սահմանող հոդվածներում, մասնավորապես` 84-րդ հոդվածի 3-րդ մասում, 87-րդ հոդվածի 2-րդ մասում, 92-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասում, 94-րդ հոդվածի 4-րդ մասում, 5-րդ մասում, 6-րդ մասում, 109-րդ հոդվածի 4-րդ մասում, 5-րդ մասում, 6-րդ մասում, 121-րդ հոդվածի 5-րդ մասում, 124-րդ հոդվածի 6-րդ մասում, 7-րդ մասում, 133-րդ հոդվածի 6-րդ մասում, 7-րդ մասում, 134-րդ հոդվածի 11-րդ մասում եւ 135-րդ հոդվածի 11-րդ մասում ներկայումս օգտագործվում է «անդամների ընդհանուր թվի» արտահայտությունը, այսինքն` նիստի իրավազորության եւ որոշումների ընդունման համար ներկայիս իրավակարգավորումներով անհրաժեշտ է առնվազն 6 անդամի ներկայությունն ու «կողմ» քվեարկությունը` անկախ այն փաստից, թե Բարձրագույն դատական խորհրդում տվյալ պահին փաստացի քանի անդամներ են պաշտոնավարում: Տվյալ իրավակարգավորումը խնդրահարույց է եւ դժվարացնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր լիազորություններից բխող որոշումներ ընդունելու գործընթացը, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները հարգելի պատճառներով երբեմն չեն կարողանում մասնակցել նիստերին, ինչի արդյունքում դժվարանում է օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ վեց անդամի «կողմ» ձայնի ապահովումը:

Այսինքն, ներկայիս իրավակարգավորումներից բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր լիազորություններից բխող որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի (10) մեծամասնության (առնվազն վեց անդամի) «կողմ» քվեարկությունը, ինչը խորհրդի փաստացի պաշտոնավարող անդամների թիվը 10-ից պակաս լինելու դեպքում էականորեն դժվարացնում է որոշումների ընդունման գործընթացը:

Մինչդեռ, ներկայացվող նախագծի ընդունման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի որոշումները կարող են ընդունվել խորհրդի ոչ թե 6, այլ 5 անդամների «կողմ» ձայներով, ինչն ավելի դյուրին կդարձնի խորհրդի լիազորություններից բխող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը հատկապես այն դեպքերում, երբ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի պաշտոնավարող անդամների թիվը պակաս է օրենքով նախատեսվածից:

Այսպիսով, ներկայացվող նախագծի ընդունման միջոցով նախատեսվում է լուծել վերը նկարագրված խնդիրները եւ կանխել խնդրահարույց եւ վիճելի մի շարք իրավիճակների առաջացումը` սահմանելով, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններից բխող որոշումների ընդունման համար անհրաժեշտ ու բավարար է ոչ թե խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնության (6 ձայն), այլ նիստին ներկա անդամների, բայց ոչ պակաս, քան 5 անդամի «կողմ» ձայնը, ինչն ավելի դյուրին ու արդյունավետ կդարձնի Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր լիազորություններից բխող որոշումներ ընդունելու գործընթացը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`            Արթուր Դավթյան
                                   Վլադիմիր Վարդանյան
                                   Մխիթար Հայրապետյան