Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-505-06.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 05-ի վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) նույն մասը լրացնել նոր 5-րդ կետով`

«5) այն դեպքերի, երբ վիճարկվում է քաղաքաշինության ոլորտում ընդունված վարչական ակտը:».

3) 2-րդ մասում «2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 83-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձեւով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:

Ըստ վերոգրյալ դրույթի՝ եթե դատարանը վիճարկման հայցը վարույթ է ընդունում, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է՝ մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նույն դրույթը սպառիչ ցանկով սահմանում է նմանատիպ իրավիճակներից բացառություններ: Այդ բացառությունների սահմանմամբ՝ օրենսդիրը նպատակ է ունեցել բացառել այն վարչական ակտերի չկատարումը, որոնք կա՛մ ենթակա են անհապաղ կատարման, կա՛մ դրանց չկատարումը կարող է հանգեցնել անցանկալի բացասական հետեւանքների:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

Ստացվում է, որ նախատեսելով կատարման կասեցում չնախատեսող ակտերի ցանկ՝ օրենսդիրը միաժամանակ հաշվի է առել յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակների հնարավոր առանձնահատկությունները եւ դատարանի համար արդարացիորեն սահմանել նախատեսված բացառություններից շեղվելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ դատարանը, հայցվորի միջնորդության պարտադիր առկայության պայմաններում կարող է գնահատել քննվող իրադրության առանձնահատկությունները եւ կասեցնել այն վարչական ակտերի կատարումը, որոնց կատարումը ենթակա չէ կասեցման: Սակայն արագընթաց փոփոխվող հասարակական հարաբերությունները ենթադրում են ներպետական օրենսդրության համընթաց զարգացում:

Նախագծով առաջարկվում է վերոգրյալ բացառությունների շարքում ավելացնել նաեւ քաղաքաշինության բնագավառում տրամադրված վարչական ակտերը: Այլ խոսքով՝ վիճարկվող վարչական ակտի գործողությունն առաջարկվում է չկասեցնել, եթե այդ ակտը տրամադրվել է քաղաքաշինության ոլորտում: Բանն այն է, որ ներկայումս խոշոր կառուցապատման մոտ 60 թույլտվություններ գտնվում են կասեցված վիճակում, ինչի արդյունքում շուրջ 400 մլն դոլարի շինարարական աշխատանքներ չեն կատարվում: Այսպիսի պայմաններում պետք է նաեւ հաշվի առնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, երբ մի գործի քննությունը կարող է տարուց ավելի ձգվել: Ինչպես նաեւ չեն բացառվում վարչական դատարանի կայացրած դատական ակտի բողոքարկումները վերաքննություն ու վճռաբեկության կարգով: Այս ամենի հաշվառմամբ՝ վարչական ակտի կասեցումը կարող է ձգձգվել մոտ 2 կամ ավելի տարիներ: Հասկանալի է, թե ինչ ֆինանսական կորուստներ կարող են առաջանալ այդ ամբողջ ժամանակահատվածում:

Նման պայմաններում կառուցապատողները զրկված են իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից: Ստացվում է, որ եթե վարչական ակտի վիճարկման արդյունքում դատարանը վճիռ է կայացնում հօգուտ կառուցապատողի, ապա վերջինս շինարարության դադարեցման հետեւանքով առաջացած վնասների հատուցման հնարավորություն չի ունենում, քանի որ միակ գործողությունը, որից տուժել է կառուցապատողը, անձի կողմից շինթույլտվությունը վիճարկելու հայցով դատարան դիմելն է: Իսկ անձի դատական պաշպանության իրավունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ու երաշխավորված հիմնարար իրավունք է, որի իրացումը չի կարող դիտվել հակաօրինական գործողություն եւ վնաս պատճառելու հիմք հանդիսանալ:

Նման իրավիճակներից խուսափելու համար ուղղակի անհրաժեշտ է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել եւս մեկ բացառություն: Այս եղանակով քաղաքաշինության բնագավառում տրամադրված վարչական ակտերի վիճարկումը չի կասեցնի դրանց գործողությունը, իսկ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացումը ենթադրում է, որ դատարանը հնարավորություն կունենա գնահատելու քննվող իրադրության առանձնահատկությունները եւ կասեցնելու այն վարչական ակտերի կատարումը, որոնց կատարումը ենթակա չէ կասեցման:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի մարտի 05-ի  նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

05 մարտի 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Էդվարդ Անդրեասյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 05 թերթ:
 

Հարգանքով՝  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ