Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-374-15.11.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 լրացնել նոր 209.1 հոդվածով.

«Հոդված 209.1. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության առանձնահատկությունները

1. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝

1) վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.

2) անհրաժեշտ է ապահովել վկայի եւ տուժողի անվտանգությունը.

3) հարցաքննության կատարումն անհնարին է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

2. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ եւ 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի եւ տուժողի հարցաքննության դեպքում՝  հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը ստուգում եւ հաստատում է վկայի եւ տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

 5. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվի պատկերի եւ ձայնի պատշաճ որակը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին եւ ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի եւ տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան եւ տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: