Armenian ARMSCII Armenian
Պ-375-15.11.2019,02.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «արձանագրությունում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին  մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) 4-րդ մասը «հանգամանքները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի չորրորդ նախադասությունը «արձանագրությունում:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում:».

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Վկայի ցուցմունքը տեսաձայնագրառվում է, բացառությամբ եթե առարկում է քննչական գործողության մասնակիցը, կամ բացակայում են համապատասխան տեխնիկական միջոցները: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է եւ կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործել քննիչը կամ դատախազը ` իր դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը տրամադրվում է դատավարության մասնակիցներին` քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:».

 3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կանոնները:»

Հոդված 4. Օրենսգրքի 337-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման» բառով.

 2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 342-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման եւ» բառերով.

 2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: