Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-486-25.02.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ընտանեկան դրամագլուխը մինչեւ երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով եւ կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է պետական աջակցության հաշվից դրամագլուխն ամբողջությամբ եւ կանխիկ ստանալու վերաբերյալ երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, ինչպես նաեւ երեխայի ծնողը, եթե երեխայի խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը մինչեւ երեխայի մեկ տարեկանը լրանալը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Պետական նպաստների մասին օրենքով, ինչպես նաեւ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի տնօրինման ներկա կարգավորումներով՝ երրորդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը փոխանցվում է համապատասխան բանկային հաշվին, որից մինչեւ երեխայի՝ 18 տարին լրանալը երեխայի օրինական ներկայացուցչին հնարավորություն է տրվում ամսական 50 հազար դրամի չափով կանխիկ ելքագրումներ կատարել: Դրա արդյունքում առկա դրամագլուխը փաստացի կանխիկացվում է հաշված ամիսների ընթացքում:

Նախագծով առաջարկվում է երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի առկայության դեպքում՝ այդ գումարը միանգամից եւ ամբողջությամբ տրամադրել կանխիկ եղանակով:

Նախագծի երկրորդ հոդվածով առաջարկվում է երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրել նաեւ չաշխատող ծնողին՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նշված աջակցության գործիքների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:




Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ