Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-588-16.05.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (14-ը մայիսի 1997 թվականի) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 282 -րդ մասով.

«282 ) աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող կազմակերպության կատարած աշխատանքները, մատուցած ծառայությունները եւ արտադրած արտադրանքի իրացումը՝ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով նրա կողմից փաստացի վճարված (վճարվելիք) հարկի չափով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական բյուջեից փոխհատուցմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից։

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Համաձայն 1998թ. ապրիլի 2-ի «Հաշմանդամների հիմանահարցերի վերաբերյալ 1997թ. տարեկան զեկուցագրի մասին» ՀՀ կառավարության թիվ 220 որոշման, 1998թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվվում էր շուրջ 100 հազար հաշմանդամ, որը կազմել է բնակչության ընդհանուր թվի 3%-ը։

Հաշմանդամին կյանքի կոչելու միջոցներից մեկը հաշմանդամի աշխատանքային թերապիան է, որի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատատեղեր։ Այս խնդիրը առավել հրատապ է երիտասարդ տարիքի հաշմանդամների համար, քանի որ II-րդ եւ III-րդ խմբերի հաշմանդամների շուրջ 90%-ը մինչեւ 40 տարեկան են։

Այսօր հաշմանդամներին աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծման արդյունավետ միջոցներից մեկը հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելն է։

Նշենք, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը (հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության միջոցառումների ֆինանսավորում, հաշմանդամների համար նախատեսված տեխնիկական եւ այլ միջոցների արտադրություն, ծառայությունների տրամադրում, հաշմանդամներին սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն եւ սպասարկում, գերազանցապես հաշմանդամների աշխատանքն օգտագործող արտադրությունների կազմակերպում եւ այլն), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկային եւ այլ արտոնություններից ։

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին համապատասխան՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական եւ մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններ, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. օգտվում են հարկային արտոնություններից։

Հարկային արտոնությունների տեսակները սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում, համաձայն որի ՝

«հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնություննությունների հետեւյալ տեսակները՝

հարկվող օբյեկտի նվազեցումը.

հարկի դրույքաչափի նվազեցում.

հարկի նվազեցում.

հարկի հաշվարկային ժամկետի հետաձգում.

հարկի վճարման ժամկետի հետաձգում.

հարկային օրենսդրությունը եւ ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից եւ տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետի հետաձգում։

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը։

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։»։

Օրինակ. ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը իր 25-ը հունիսի 1996թ. թիվ 193 որոշմամբ որոշել է՝

Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկություններն, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են եւ որոնք մինչեւ սույն որոշման ընդունումը չեն վճարել ավելացված արժեքի հարկը, ազատվում են այդ հարկը չվճարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերից եւ տուգանքներից։

Ակնհայտ է, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով հաշմանդամների կազմակերպությունների համար սահմանված հարկային եւ այլ արտոնությունները լիարժեքորեն չեն կարող իրացվել, եթե դրանք կանոնակարգված չեն համապատասխան օրենքով, որն ի դեպ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջն է՝ «հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։»: Նշենք, որ նույնանման դրույթ սահմանված է նաեւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասում՝ «սոցիալականվճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով»:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Հավատք», «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Լուսաստղ», «Կամք եւ կորով», «Փարոս» եւ «Փրկություն» հաշմանդամների հասարակակական կազմակերպությունների խնդրանքը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Առաջարկվող օրինագծերը ոչ միայն նորովի են լուծում վերոհիշյալ խնդիրները, այլեւ էականորեն բարձրացնում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության վիճակը։