Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-477-13.02.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «բազային տուրքի 10000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «բազային տուրքի 120000-ապատիկի չափով» թվերով.

2) 5-րդ մասում «բազային տուրքի 10000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «բազային տուրքի 120000-ապատիկի չափով» թվերով.

9) 9-րդ մասում «բազային տուրքի 50-ապատիկի չափով» թվերը փոխարինել «բազային տուրքի 200-ապատիկի չափով» թվերով.

10) 10-րդ մասում «բազային տուրքի 100-ապատիկի չափով» թվերը փոխարինել «բազային տուրքի 400-ապատիկի չափով» թվերով։

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 


Հիմնավորում

Առկա իրավիճակը

Մակերեւույթի ձեւավորման երկրաբանական պայմանների եւ ընդերքի բարդ կառուցվածքի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ եւ նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Մասնավորապես՝ մետաղային եւ ոչ մետաղային օգտակար հանածոներն ունեն խոշոր գործնական նշանակություն ամբողջ աշխարհում։ Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր, մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սեւ, ազնիվ մետաղները եւ հազվագյուտ ու ազնիվ տարրերն ունեն տարբեր տնտեսական արժեք։ Լոնդոնի մետաղների բորսայի 2020 թվականի հունվարի 30-ի առեւտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (արժույթի եւ ապրանքների գնում կամ վաճառք՝ 3 ամսվա համար) համար սահմանվել են հետեւյալ գները (գների չափման միավորը տոննան է)՝ ալյումինի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 1748 դոլար, պղնձի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 5723 դոլար, կապարի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 1881 դոլար, նիկելի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 12.720 դոլար, անագի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 16.300 դոլար, ցինկի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 2243 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 22.928 դոլար, կոբալտի գինը չի փոխվել եւ կրկին կազմել է 33.000 դոլար:

Ուստի պետք է վերանայել ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների, մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  տուրքի առկա սահմանաչափերը, քանզի սույն նախագծի ընդունմամբ պայմանավորված պետական բյուջեի համար կապահովենք լրացուցիչ մուտքեր:

Առաջարկվող կարգավորումը

Օրենսդրական փոփոխության իրականացումը «Պետական տուրքի մասին» օրենքում՝ ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների, մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  տուրքի գումարը բարձրացնելու մասով, պետական բյուջեի համար կապահովի լրացուցիչ մուտքեր, որը լիովին արդարացված է, քանի որ մետաղների բորսայում ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների գները բավականին բարձր են եւ շարունակում են մնալ նույն հարթության վրա։ Ընդերքօգտագործման մասով կիրառվող մոտեցումները համահունչ են նաեւ կառավարության կողմից հայտարարված սկզբունքներին:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մեծացնել պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաեւ մեծացնում է պատասխանատվությունն ընդերքշահագործման ոլորտում:

Բացի այդ սույն օրենքի ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի տրամաբանությունից, քանի որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ ոլորտը կարգավորող օրենքներ, ինչպես նաեւ դրանցից բխող իրավական այլ ակտերի մշակում եւ ինստիտուցիոնալ կարգավորումների իրականացում, հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ապահովում, նշված ոլորտի համապարփակ քաղաքականության սահմանում, ազգային եւ տեղական մակարդակներում ֆիսկալային եւ ոչ ֆիսկալային (այդ թվում՝ վերամշակման եւ վերջնական արտադրանքի ստացման) օգուտներն ավելացնելու եւ բաշխելու համար ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում, համաչափ զարգացման, տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական հարցերի ուղղությամբ ընդհանուր մոտեցման ամրագրում, որոնց իրագործման համար համաշխարահին բանկի կողմից նախատեսվում է տրամադրել բավականաչափ դրամաշնորհային միջոցներ։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«12» փետրվար, 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո՜ պարոն Միրզոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը։

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արտակ Մանուկյան)

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածնի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 Հարգանքով՝  ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԱՆՈւԿՅԱՆ